Կառավարությունը չափազանց մեղմ մոտեցումներ է ցուցաբերել. Իշխանական պատգամավորը՝ «Ապօրինի գույքի բռնագանձման»  մասին օրենքում կատարված փոփոխությունների  մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում անդրադառնալով «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքի նախագծում տեղ գտած փոփոխություններին՝ նշեց, որ, մի շարք դրական փոփոխությունների հետ միասին, որոնք առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ իրականացվել են, որոշ տեղերում Կառավարությունը չափազանց մեղմ մոտեցումներ է ցուցաբերել: Նրա կարծիքով, եթե նախագիծն ընդունելուց հետո որոշ գործիքներ անարդյունավետ աշխատեն, գուցե պատճառը հենց այդ մեղմ մոտեցումը կլինի:

«Ամեն դեպքում իմ դիրքորոշումը նախագծի վերաբերյալ մնում է դրական»,- նշեց պատգամավորը:
Սուրեն Գրիգորյանը նաև արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի բարձրացրած այն հարցերին, որոնք առաջարկների տեսքով  արվել էին նախագծում ընդգրկելու համար, մասնավորապես՝ ներդրումային միջավայրի վերաբերյալ:

Արկադի Խաչատրյանն ասել էր, որ նման նախագիծը ոչ թե դրական է ազդելու ներդրումային միջավայրի վրա, ինչպես պնդում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այլ ընդհակառակը՝ անորոշությունը ներդրողների համար միշտ ռիսկեր է պարունակում:

Ս. Գրիգորյանի խոսքով՝ ներդրող էլ կա, ներդրող էլ. այն ներդրողները, որոնք Հայաստանը մինչև այս գուցե դիտարկում էին՝ որպես ապօրինի եղանակով ձեռք բերված գումարի համար լավ միջավայր, նրանց համար նշված օրենքը կարող է խնդրահարույց լինել:

«Բայց այն ներդրողների համար, որոնք Հայաստանում իրական ներդրում են իրականացնում, աշխատատեղ ստեղծում, ապա նրանց համար այս օրենքը որևէ խնդրահարույց կետ չունի: Ասածս այն է, որ, երբ միջավայրը բարենպաստ է, և տնտեսությունը թույլ չի տալիս, որպեսզի ապօրինի գույք մտնի ներս, ապա այս միջավայրը ներդրողի համար ավելի բարենպաստ է, քանի որ մրցակցային տնտեսությունն ավելի արդյունավետ տնտեսությունն է»,- շեշտեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունել է  մարտի  5-ին, նախագծով թույլատրվում է բռնագանձել գույքը, որի ձեռքբերումն օրինական եկամտի աղբյուրներով չի հիմնավորվում:

Տեսանյութեր

Լրահոս