Մի քանի ամիս առնվազն մեր առջև պետք է ունենանք. ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը՝ կորոնավիրուսի հնարավոր ավարտի մասին
Հայաստանի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը Կառավարությանն առաջարկել է կազմակերպել կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրություն։ Տեղական արտադրության համար կառավարության կողմից հատկացվելու է 550.000 դոլար։
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանն առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց, որ թեստերի իրականացումը լաբորատոր պայմաններում պահանջում է մի քանի փուլ։
«Կոկորդից վերցվում է նմուշ, որից անջատվում են ՌՆԹ-ն և նուկլեինաթթուն, որը վիրուսի գենետիկական նյութն է։ Հետո իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստը։
Այդ երեք փուլերը պահանջում են երեք տարբեր տեսակի նյութեր կամ հավաքածուներ, որոնք իրար հետ փոխկապակցված են, բայց արտադրության առումով տարանջատված են։ Մենք արտադրելու ենք հենց ՊՇՌ թեստը։ Այսինքն, այն թեստը, որը թույլ կտա անջատված ՌՆԹ-ի հիման վրա ախտորոշել վիրուսի առկայությունը,- ասաց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը՝ հավելելով,- Միաժամանակ սկսելու ենք գիտական հետազոտություններ՝ ուղղված նրան, թե արդյո՞ք կկարողանանք ինչ-որ մի կերպ նվազեցնել անջատման փուլը։ Արդեն կան որոշակի գիտական հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ կարելի է վիրուսի ՌՆԹ անջատման փուլը հանել թեստավորման շղթայից և այսպիսով շահել որոշակի ժամանակ՝ առանց հուսալիության կորստի։ Մենք նաև գիտական տեսանկյունից այդ հարցը կսկսենք ուսումնասիրել, ու եթե հաջողվի, ապա անպայման տեղյակ կպահենք համապատասխան կառույցներին»։
Խոսելով կառավարության հետ համագործակցության մասին՝ Արսեն Առաքելյանն այս քայլը ողջունեց՝ նշելով․ «Իրականում սա հուսադրող և ուրախալի համագործակցություն է մեզ համար։ Տարիներ ի վեր գիտությունն ամեն ձևով աջակցում է տնտեսությանը, կառավարությանը ու նախաձեռնությունները գիտությունից կառավարություն էր գնում, ու հաճախ արձագանք չէինք ստանում, ու մեր առաջարկության վերաբերյալ կառավարության որոշումն ու հաստատումը մեծ պրոգրես է։ Հուսամ, որ սա օրինակ կհանդիսանա, ու ոչ միայն՝ մեր, այլև՝ այլ գիտական ոլորտներում համագործակցություն կլինի»։
Ինչ վերաբերում է գրեթե ամբողջ աշխարհում տարածված այս նոր կորոնավիրուսին՝ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի խոսքով՝ աշխարհի մակարդակով այս պահին դեպքերի աճ է նկատվում։
«Երևի թե այս պահին միայն Չինաստանն է պաշտոնապես հայտարարել, որ համաճարակը կարողացել են քիչ թե շատ պահել սահմաններում, այսինքն՝ կանխել։ Բայց քանի դեռ վիրուսն ունի բավականին հզոր վարակելու հատկություն, ու բավականաչափ մարդկանց մոտ ընթանում է առանց նախանշանների, կամ դրանք թեթև են լինում, հստակ ժամանակահատված ասել, թե ե՞րբ կարող է համավարակն ավարտվել, մի քիչ դժվար է ասել։ Ինձ թվում է՝ մի քանի ամիս առնվազն մեր առջև պետք է ունենանք։ Կարծում եմ՝ այս պահին ամբողջ աշխարհի մակարդակով դեռևս գտնվում ենք կորի աճի մասում»։