3 օրում կառավարությունը բիզնեսին փաստացի տրամադրել է 1 մլրդ 120 մլն դրամի աջակցություն. Էկոնոմիկայի նախարար
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար կառավարության երեք ծրագիր է ներկայացվել: Առաջին միջոցառման համար շահառուին ընտրում է ֆինանսական կազմակերպությունը՝ հիմքում դնելով տնտեսվարողի բարվոք վարկային և հարկային քաղաքականությունը, և արդեն չորս օր է՝ փաստացի իրականացվում է:
«Առաջին միջոցառման մասով բանկային համակարգի կողմից բավարարված են եղել ընդհանուր արժեքով 1 մլրդ 433 մլն դրամ վարկային փաթեթներ: Փաստացի տրամադրված են եղել 520 մլն դրամ վարկային միջոցներ»,- ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Երկրորդ միջոցառմամբ, որն ուղղված է գյուղոլորտին, կառավարությունն առաջարկում է փոխհատուցում կամ վարկերի տրամադրում: Ինչպես նախարարն էր ավելի վաղ ասել, սա նոր ծրագիր չէ, նախորդ տարի ևս կառավարությունն աջակցել է գյուղոլորտին: Պարզապես այս տարվա ծրագրում որոշակի լրացումներ են արվել, և սա նոր է՝ կառավարության աջակցության ծավալների տեսանկյունից:
«Երեկվա դրությամբ մենք ունեինք այս մասով իրականացվող ծրագրերի առնչությամբ 1,1 միլիարդ դրամի ընդհանուր արժեքով հաստատված վարկային հայտեր և 600 մլն դրամ ընդհանուր արժեքով փաստացի տրամադրված վարկեր»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:
Անդրադառնալով երրորդ ծրագրին, որն ուղղված է ՓՄՁ-ներին՝ նախարարը փոխանցեց, որ երեկվա դրությամբ կա 27 հայտատու, որոնք ընդհանուր արժեքով 280 մլն դրամ գումարով վարկային ռեսուրսներ կարող են ստանալ՝ իրենց դիմումներին համապատասխան:
Ստացվում է, որ այս օրերի ընթացքում կառավարությունը, ի դեմս Էկոնոմիկայի նախարարության, կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար բիզնեսին փաստացի տրամադրել է 1 մլրդ 120 մլն դրամ գումար:
Նախարարը նաև ասաց, որ այս օրերին ստացված հայտադիմումների մեծ մասը, անհամապատասխանությունից ելնելով, նախարարությունում չեն դիտարկվել:
«Այս չորս օրերի ընթացքում դիտարկված 356 հայտերից մոտ 270-ը տարբեր պատճառներով, անհամապատասխանության պատճառներով առայժմ չեն դիտարկվում, որովհետև ի սկզբանե դուրս են եղել կառավարության կողմից հայտարարված չափորոշիչների շրջանակից: Բայց մենք ուսումնասիրում ենք նաև այդ պատճառները՝ հասկանալու համար, թե որտեղ են խտացված այն գործոնները, որոնք, փոքր փոփոխությունների արդյունքում այդ կազմակերպությունների մի մասին նույնպես առաջիկայում կարող են դարձնել այս վարկային, ֆինանսական աջակցության շահառու»,- ասաց Տիգրան Խաչատրյանը: