2 օրում ավելի քան 120 ՓՄՁ դիմել է նախարարություն՝ աջակցություն ստանալու համար. Էկոնոմիկայի նախարար

Հայաստանում նոր կորոնավիրուսով և արտակարգ դրությամբ պայմանավորված՝ էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է կառավարության հաստատած բիզնեսին օժանդակելու ծրագրեր՝ չորս ուղղությամբ:

Առաջին ծրագիրն ուղղված է այն կազմակերպություններին, որոնք, Էկոնոմիկայի նախարարի խոսքով, առևտրային բանկերի համար հանդիսանում են հուսալի գործընկերներ: Կառավարության տրամադրած համաֆինանսավորումից, վերաֆինանսավորումից կամ տոկոսների սուբսիդավորումից կարող են օգտվել այն կազմակերպությունները, որոնց առևտրային բանկերը կդիտարկեն՝ որպես հուսալի վարկառուներ:

Երկրորդ ծրագիրն ուղղված է գյուղոլորտին:  Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ սա նոր ծրագիր չէ, նախորդ տարի ևս կառավարությունն աջակցել է գյուղոլորտին: Այս տարվա ծրագրում որոշակի լրացումներ են արվել:

Երրորդ ծրագիրն ուղղված է ՓՄՁ-ներին: Ծրագիրը հնարավորություն է տալիս Էկոնոմիկայի նախարարության սահմանած չափանիշերին համապատասխանող ՓՄՁ-ներին արագացված ընթացակարգով վարկեր ստանալ:

Չորրորդ ծրագիրն ուղղված է այն կազմակերպություններին, որոնք 2020 թվականի մարտ ամսվա վերջի դրությամբ ոչ մի աշխատակից չի կրճատել և չի նվազեցրել աշխատավարձային ֆոնդը:

«Այդ կազմակերպությունների դեպքում յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի մեկ միջին ամսվա աշխատավարձը վճարում է կառավարությունը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Շահառուները աջակցության չորս ուղղությունից յուրաքանչյուրից օգտվելու համար ապրիլի 1-ից արդեն կարող են դիմել նախարարություն: Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է՝ շահառուների անձնական տվյալներ չեն հրապարակվի:

«Մենք կազմակերպությունների և անհատների անունները և այլ մանրամասները, որոնք կարող են իրենցից ներկայացնել անհատական կամ առևտրային տվյալներ, չենք հրապարակելու, այլ խոսելու ենք այն դիմորդների քանակի մասին, այսինքն՝ խոսելու ենք բոլոր տեղեկությունների մասին, բայց անվանազրկված, որպեսզի դա չվնասի այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր հայտնվել են մեր աջակցության գործիքների շրջանակում»,- հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ ծրագրերը դեռ շատ նոր են, որպեսզի կարողանան ամփոփ թվեր ներկայացնել:

Նախարարը միայն հայտնեց, որ այս երկու օրվա ընթացքում երրորդ միջոցառման շրջանակներում, որն ուղղված է ՓՄՁ-ներին աջակցելուն, նախարարությունը 120-ից ավել դիմումներ է ստացել, որոնց ընդհանուր գումարային արժեքը գերազանցում է  1,4 միլիարդ դրամը: Նախարարությունը դեռ պարզելու է, թե արդյո՞ք շահառուները համապատասխանում են սահմանված չափանիշերին, ինչից հետո նոր հաստատվելու են դիմումները:

Տեսանյութեր

Լրահոս