«Հոդվածի առաջին նպատակը Տեր-Պետրոսյանի մասին հիշեցնելն էր, երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանին զգուշորեն աջակցելը». վերլուծաբան

ՀՀ առաջին նախագահի վերջին հոդված-գրառումը չպետք է գերագնահատել. 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություն-հոդվածում 6 կետ է առաջ քաշվել, որոնք, մեծ հաշվով, վիճահարույց չեն:

Դրանք կարող ենք պայմանականորեն բաժանել մի քանի խմբի. առաջին` առողջապահական, թե կոնկրետ առողջապահության հետ ինչ անել, կամ` պետք է լսել պարետատան ցուցումները, առաջարկները չանել բացահայտ, դեմագոգիկ ոճով, այլ դրանք ուղղակի աննկատ ուղղել պարետատանը, երկրորդ` քաղաքական, մասնավորապես՝ կապված Ապրիլյան դեպքերը հետաքննող հանձնաժողովի և Արցախում «խժդժությունների» հետ:

«Երկրորդ` քաղաքական խմբում արված կոչի մեջ կարծես կար հաշտության, փոխհամաձայնություն բերելու յուրօրինակ մի առաջարկ, որը, մեծ հաշվով, կարծում եմ՝ վատ բան չէ: Բայց այստեղ խնդիրը նրանում է, որ տարբեր քաղաքական ուժեր, իրենց քաղաքական նախասիրություններից ելնելով՝ դրան տալիս են բացասական արձագանք: Օրինակ, Արցախի ընտրություններին և այնտեղ «խժդժություններին» վերաբերող կետի դեպքում դժգոհ են մնում Արցախի ընտրություններում պարտված խմբերը` Վիտալի Բալասանյանի կողմնակիցները, կամ այդ հարթությունում ընդհանուր հետաքրքրություն ունեցողները` «Սասնա ծռերը»:

Ապրիլյան հանձնաժողովին առնչվող կետի պարագայում դժգոհ են մնում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, որոնք ասում էին, թե պետք է դրանց բոլորին բռնել: Մյուս կողմից` մի քիչ դժգոհ են մնում նաև Սերժ Սարգսյանի կողմնակիցները, որոնք ասում են, թե որևէ խնդիր չունեն, որ Ապրիլյան դեպքերը հետաքննող հանձնաժողովը շարունակի իր աշխատանքները:

Այսինքն` սա իրականում, իրոք, գերագնահատված կոչ է, սրանում չարժե անգամ այսքան խորանալ: Լևոն Տեր-Պետրոսյանն այս պահին չունի որևէ քաղաքական կշիռ, որ իր կոչը քաղաքական որևէ ազդեցություն ունենա դեպքերի հետագա զարգացման վրա: Նիկոլ Փաշինյանն ինչպես ուզենա, այնպես էլ կշարունակի, Լևոն Տեր-Պետրոսյանին չսիրող, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասսան ինչպես ուզենան, այնպես էլ կանեն: Այս հոդվածի ամենագլխավոր նպատակը Տեր-Պետրոսյանի մասին հիշեցումն է, որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանության որոշակի ռեյտինգային կորստի պայմաններում որոշ հույսեր է արթնանում՝ Փաշինյանից դժգոհ, բայց Սերժ Սարգսյանին և Քոչարյանին չսիրող ընտրազանգվածին Տեր-Պետրոսյանի կողքին համախմբելու առումով: Այսինքն` առաջին նպատակը Տեր-Պետրոսյանի մասին հիշեցնելն էր, երկրորդ` ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանին զգուշորեն աջակցելը: Թե այս զգուշորեն աջակցումն ի՞նչ նպատակ է հետապնդում… գուցե յուրայինների համար որոշակի պաշտոնների ստացում, քաղաքական դիվիդենտներ, չգիտեմ: Սա արդեն այլ հարց է: Կրկնում եմ` սա Լևոն Տեր-Պետրոսյանի, առաջին հերթին, իր մասին հիշեցնելուն, ապագա հնարավոր զարգացումներում քաղաքական ինչ-որ բանի հասնելուն և գուցե Փաշինյանին սիրաշահելու գնով ինչ-որ բան նրանից ստանալուն ուղղված հոդված էր»,- մանրամասնեց վերլուծաբանը:

ՀՀ քաղաքական դաշտի խնդիրներն առավել գլոբալ ասպեկտում դիտարկելով և վերլուծելով՝ Մհեր Հակոբյանը նշեց, որ Հայաստանի քաղաքական դաշտի գլխավոր թերությունն այն է, որ կառուցված է անձերի վրա։ Այսինքն` չկա գաղափարախոսություն, որն իր հերթին՝ հիմնված կլինի քաղաքական կամ տնտեսական ինչ-ինչ պատկերացումների վրա:

«Կա ընդամենը քաղաքական առաջնորդ, որի շուրջ, ելնելով տարբեր մոտիվացիաներից, հավաքվում են իր կողմնակիցները։ Արդյունքում՝ օբյեկտիվորեն տեղի է ունենում նույն այդ առաջնորդի «սրբացում»՝ իր անսխալականության, «փրկիչ» լինելու հիմքով, և առաջնորդն ինքն էլ, քանի որ մարդը թույլ արարած է, ի վերջո, սկսում է հավատալ իր «սուրբ փրկչական, անսխալ լինելու» առաքելությանը, ինչի արդյունքում առաջանում է մի երևույթ, որը քաղաքագիտության մեջ կոչվում է «վոժդիզմ»։

Եվ կարևոր չէ` խոսքը Կարեն Դեմիրճյանի՞, Լևոն Տեր-Պետրոսյանի՞, Ռոբերտ Քոչարյանի՞, Սերժ Սարգսյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի մասին է: Երևույթն առկա է, և այն առկա է նաև քաղաքական համակարգի ավելի ցածր աստիճանի անձանց պարագայում՝ լինի դա Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան, Ստեփան Դեմիրճյան, Րաֆֆի Հովհաննիսյան և այլք։ «Վոժդը» սուրբ է և անսխալական, նա «լուսավոր մի փրկիչ է». վերջինիս կողմնակիցները ելնում են հենց այս կանխավարկածից` փառաբանելով յուրայինին և նրան երկինք հասցնելով, իսկ կողքի «վոժդին» էլ՝ ստորացնելով։

Իհարկե, սա զուտ ներհայաստանյան երևույթ չէ, սա արտացոլումն է ասիական պարզ բարքերի, երբ ասիական տիպի քաղաքական համակարգերում ամեն ինչ հիմնված է լինում անձի անձնական հատկանիշների վրա։ Տիպիկ օրինակներ են` Աթիլլա, Չինգիզ խան, Լենկ-Թեմուր, Շահ-Աբբաս, Նադիր շահ և այլք: «Վոժդիզմի» բերող անձնական այս համակարգերում այս առաջնորդներից յուրաքանչյուրին կենաց-մահու մակարդակում պետք էր սեփական «անսխալականության», «աստվածընտրյալ» լինելու գաղափարը, քանի որ նրանցից յուրաքանչյուրի իշխանությունը հիմնված էր զուտ անձնական հեղինակության վրա, իսկ սխալվելն էլ, բնականաբար, ենթադրում է հեղինակության կորուստ, ինչն իր հերթին՝ բերում էր իշխանության կորստի։ Արդյունքում՝ «անսխալականության կանխավարկածը» դառնում է իշխանությունը պահելու կարևորագույն բաղադրատարր։ Ավելին, այն աճում և հասնում է պետական ներքին քաղաքականության աստիճանի, մտնում է հասարակության մտածողության մեջ։ Հենց դրանով է, ի դեպ, բացատրվում ասիական այն ֆենոմենը, որը կենցաղում սեղմ կերպով արտահայտվում է հայերեն հայտնի «Ընկերոջս սխալն իմ ճիշտն է» արտահայտության մեջ»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա` եվրոպական համակարգերում, սակայն, որտեղ վաղուց արդեն հասարակական-տնտեսական ավելի բարձր կացութաձև կա, քան ասիականում է, մարդիկ վեր են կանգնել սրանից, այնտեղ չկա «վոժդ», առավելևս՝ անսխալական: Օրինակ, ռազմաքաղաքական վերլուծաբանի խոսքով, ԱՄՆ նախագահ Թրամփին հանրապետականները կարող են նախընտրական փրայմերիզներում անխնա երկրում «ոտնատակ տալ», նույնիսկ նրա ընտրվելուց հետո էլ կարող են քննադատել, ինչը ՀՀ-ի դեպքում հնարավոր չէ պատկերացնել, քանի որ մեր երկրում «վոժդն» անսխալական է,  «սուրբ», «աստվածընտրյալ» և կոչված է «սուրբ առաքելության»՝ փրկել երկիրը։

«Արդյունքում՝ ստեղծվում է էմոցիոնալ, բայց նաև քաղաքական անհրաժեշտությամբ թելադրվող՝ անձի պաշտանմունքի մի իրավիճակ,  որը գումարվելով մեզ բնորոշ տաքարյունությանը՝ բերում է կրքերի թեժացման՝ մեկը մյուսի վիրավորում են և տալիս ամենատարբեր գնահատականներ` «Լևոնի վկա», «Քոչի պիցցայակեր», «Սերժի ծախված» «Նիկոլի զոմբի» և այլն։ Մենք պետք է վեր կանգնենք այս ամենից, որ աճենք,  ոտքի հանենք մեր պետությունը, անձնակենտրոն այս «վոժդիզմն» ասիականություն է, այն մեզ ոչ մի տեղ չի տանելու: Մեզ պետք է համակարգ, այդ թվում` քաղաքական կյանքում, մեզ պետք են այդ համակարգում գործող մարդիկ, որոնք ունակ են լսել քննադատությունը, քանզի հենց քննադատությունն է, որ աճեցնում է մարդուն»,-  եզրափակեց Մհեր Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս