Կորոնավիրուսը ճգնաժամ է առաջացնում այնտեղ, որտեղ ի սկզբանե դրան  լուրջ չեն վերաբերվում․ բելառուս վերլուծաբան

Մի քանի օր է՝ հայաստանյան համացանցային տիրույթում լայն տարածում է գտել նորանշանակ մի շարք պաշտոնյաների և դեսպանների հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթը։ Բելառուսի նախագահը ներկայացնում է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի  իր «բանաձևը» ՝ օրական 40-50 գրամ օղի և չոր սաունա։ Իհարկե, բացի տեխնիկական խորհուրդներից, Լուկաշենկոն մի շարք աշխարհաքաղաքական բնույթի հարցեր է բարձրացնում։

«Մտածեք, թե ում էր  հարկավոր այս ամենը»,- նշում է Լուկաշենկոն՝ փորձելով ապացուցել, որ հարկավոր չէ աշխատողներին ուղարկել տուն, փակել սահմանները, մեկուսանալ աշխարհից, կանգնեցնել տնտեսությունը, հայտնվել տնտեսական ճգնաժամի շեմին, իսկ վիրուսից հետո ստիպված ենթարկվել «փող ունեցող ուժերի թելադրանքին»։

168am-ի հետ զրույցում բելառուս քաղաքագետ Վալեր Կարբալևիչն ասաց, որ, ինչպես մի շարք այլ հարցերում, այս հարցում ևս Բելառուսի նախագահն արտառոց մոտեցում է ցուցաբերում՝ փորձելով չենթարկվել այս վիրուսի առաջացրած համաշխարհային միտումներին, իսկ հետո՝ հետևանքներին։

Սակայն, նրա խոսքով, ամեն դեպքում Բելառուսը չի կարող խուսափել տնտեսական ճգնաժամերից, եթե այդպիսիք լինեն։

«Այս վիրուսի բերած ճգնաժամը վերաբերելու է բոլորին, այդ թվում՝ Ռուսաստանին, հետևաբար՝ Բելառուսին։ Եվ այնպես չէ, որ այսօր Բելառուսը չունի խնդիրներ, իսկ այսօր չփակվելով աշխարհից, չփակելով գործարանները՝ մեծ օգուտներ  է ստանում, պարզապես խուսափում է հետագայում ներքին որոշ խնդիրներից, և դա անում է գիտակցաբար՝ հասկանալով, որ ներկայումս իրավիճակն արդեն իսկ այնքան լավ չէ։ Պետք է ճիշտ գնահատել սեփական ուժերը, ինչպես նաև՝ այս վիրուսի վտանգավորության աստիճանը։ Եթե  տարածումը մեծ մասշտաբների հասնի, այս մոտեցումը հնարավոր չի լինի շարունակել, և գոնե երկրի ներսում իշխանությունը ստիպված կլինի որոշակի քայլեր ձեռնարկել։ Այսինքն՝ այս մոտեցումը մեծ տարածում ստացավ իր արտառոցության շնորհիվ, իսկ արդյունավետությունը դրա դեռ հայտնի չէ»,- ասաց վերլուծաբանը։

Ըստ նրա՝ նման իրավիճակներում յուրաքանչյուր Կառավարություն իր քաղաքականությունից ելնելով է որոշումներ կայացնում։

«Բայց սա մեծ տարածում ունի աշխարհում, այն բոլոր միջոցառումները, որոնք իրականացնում են բոլոր երկրները, այդ թվում՝ գերտերությունները, պատահական չեն, դրանից պաշտպանվել և այն կանխարգելել է հարկավոր։

Ըստ իս, յուրաքանչյուր երկիր քայլեր է ձեռնարկում՝ ելնելով իր տնտեսական վիճակից, իսկ Բելառուսի տնտեսությունն այնքան էլ մեծ ներուժ չունի դիմակայելու նման աղետների, և սովորաբար  արտաքին ֆրոնտում  է քաղաքական ակտիվության շնորհիվ որոշակի շարժ առաջացվում երկրում։ Ուստի կարծում եմ, որ այս մոտեցումը նաև պատահական չէ և լի է վտանգներով։ Պետք է պայքարել վիրուսի տարածման դեմ, և համաշխարհային միտումները ցույց են տալիս, որ վիրուսը ճգնաժամ է առաջացնում այնտեղ, որտեղ ի սկզբանե դրան  լուրջ չեն վերաբերվում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս