Վճռական ենք դատական համակարգի բարեփոխումները մինչև վերջ տանել. Նիկոլ Փաշինյան
Դատական օրենսգրքում փոփոխություններից հետո կսկսվի դատական համակարգի բարեփոխումների մի կարևոր փուլ։ Ապրիլի 6-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչ օրենք կարելի է ընդունել կամ ինչ սահմանափակումներ կարելի է դնել, որ նույն պատճառաբանությամբ դատական գործընթացներն այլևս չձգձգվեն և ունենան իրենց տրամաբանական և իրավական վերջաբանները։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Դատական օրենսգրքում համապատասխան փոփոխություններն արդեն իսկ ընդունված են Ազգային ժողովում, և հանրապետության նախագահի կողմից օրենքի ստորագրումից հետո կսկսվի դատական համակարգի բարեփոխումների գործընթացը։
«Մի կարևոր փուլ կթևակոխենք, որտեղ դատավորների բարեվարքության ստուգում տեղի կունենա և ընդհանրապես դատական համակարգի հակակոռուպցիոն քաղաքականությունն ավելի խիստ կլինի»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ճգնաժամից առաջ նույնիսկ բոլոր միջազգային զեկույցներում, որտեղ համաշխարհային մակարդակով նշվում էր Հայաստանի շատ բարձր տնտեսական աճի ցուցանիշը, նաև ընդգծվում էր, որ այսօր տնտեսական բարեփոխումների և տնտեսական աճի զարգացման հետագա բարեհաջող ընթացքը ապահովելու համար, անհրաժեշտ է կատարել դատաիրավական համակարգի արդյունավետ բարեփոխումներ։
«Վճռական ենք դատական համակարգի բարեփոխումները մինչև վերջ տանել, այդ թվում՝ նաև Սահմանադրական դատարանի թնջուկը լուծել։ Ինչպես գիտեք, այդ կապակցությամբ սահմանադրական հանրաքվե է նշանակված»,- եզրափակեց Փաշինյանը։