Անտոկոս վարկի մասին աջակցության ծրագիրը գլխաքանակ ապահովելու միջոց է. 400 մլն-ի համար դիմել և մերժվել եմ. Գործարար
Օրերս 168.am-ը բարձրաձայնել էր 20 տարի Հայաստանում գործունեություն ծավալող գործարարի բիզնեսին սպառնացող խնդիրների մասին: Մասնավորապես գրել էինք, որ 450 աշխատող ունեցող գորրծարարը դիմել է բանկ՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով կառավարության ընդունած աջակցության ծրագրերից մեկից օգտվելու համար:
Գործարարը դիմել էր 400 մլն դրամ վարկ ստանալու՝ հարկեր-տուրքերի, աշխատավարձերի, կումունալ վճարների, ինչպես նաև հումք ձեռք բերելու համար:
Սակայն բանկում հայտնել էին, որ Կառավարության ընդունած աջակցման ծրագրերով նախատեսված անտոկոս ու սուբսիդավորվող վարկերից կարող է օգտվել նշված չորս խնդիրներից միայն մեկի համար և ստանալ շատ քիչ գումար:
Գործարարը հույսը կտրել էր անտոկոս վարկերից և դիմել բանկին՝ 400 մլն դրամի վարկի ստացման համար՝ արդեն այն տոկոսներով, որոնք կային մինչև կորոնավիրուսը, սակայն այսօր էլ պարզվել է, որ բանկն անհրաժեշտ գումարը չի կարող հիմա տրամադրել և խորհուրդ է տվել սպասել:
Մեզ հետ զրույցում գործարարն ասաց, որ իրենց ընկերության հարկեր-տուրքերը կազմում են մոտ 90 միլիոն դրամ, 100 մլն դրամից ավելի էլ աշխատավարձ պետք է հատկացնեն աշխատակիցներին, և, փաստորեն, այս տնտեսական ծանր պայմաններում անգամ չեն կարողանում կառավարության ընդունած այդ աջակցության ծրագրերից որևէ մեկով շահառու դառնալ:
«Իմ տեղեկություններով՝ բանկերը նաև մերժել են այլ գործարարների խոշոր վարկեր ստանալու դիմումները. այսինքն՝ մերժել են նրանց, որոնք մեծ գումարի համար են դիմել: Իմ տպավորությունն այնպիսին է, որ բանկերն այդ անտոկոս ու պետության կողմից սուբսիդավորվող վարկերը տալիս են միայն փոքր և միջին ձեռնարկություններին, որոնք դիմում են շատ փոքր գումարների վարկավորման համար: Այդպես է արվում, որ հետո կառավարությանը՝ որպես հաշվետվություն, կարողանան գլխաքանակ ներկայացնեն, ասեն, թե՝ գործ ենք արել, 1000 դիմողից 800-ին վարկ ենք տվել, բայց չէ՞ որ այդ 800-ը կարող են դիմել փոքր գումարի համար և փոքր խնդիր լուծել, իսկ մենք, որ դիմել ենք մեծ գումարի և մեծ խնդիրների լուծման համար, մերժվել ենք և ստանում ենք 0 աջակցություն պետությունից:
Ստացվում է՝ Կառավարությունը որոշումներ է կայացնում, որոնք մեծ խնդիրներ ունեցողների վրա չեն էլ տարածվում. Կրկնում եմ՝ իմ տպավորությամբ՝ Կառավարության աջակցության ծրագրերն ընդամենը գլխաքանակ ապահովելու համար են»,- մեզ հետ զրույցում ասաց գործարարը՝ ընդգծելով, որ պետության մոտեցումը նույնը պետք է լիներ նաև խոշորների պարագայում, որոնք վճարում են հսկայական հարկեր և ապահովում մեծ թվով աշխատատեղեր, իսկ այժմ, երբ չկա որևէ տեսակի աջակցություն, ապա պետությունը կզրկվի հարկեր-տուրքերից, իսկ հարյուրավոր աշխատակիցներ պարզապես կդառնան գործազուրկ: