Կա՛մ բանկը 400 միլիոն դրամ վարկ կտա, կա՛մ 450 աշխատողին կուղարկենք տուն ու կփակվենք, իսկ պետությունից աջակցություն չկա. Գործարար

«Օրերս Կառավարության նիստում հայտարարվեց, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ծանր տնտեսական պայմաններում հայտնված գործարարներին պետությունը չի թողնի միայնակ, և ընդունվեց որոշում՝ պետության կողմից անտոկոս, սուբսիդավորվող վարկեր տալու մասին: Կառավարության այդ որոշմամբ սահմանված էր, որ այդ վարկերը գործարարները կարող են օգտագործել աշխատավարձերի, կոմունալների, հարկերի, տուրքերի վճարման, ինչպես նաև հումք ձեռք բերելու համար:

Ես՝ որպես 450 աշխատող ունեցող գործարար, ոգևորությամբ շտապեցի բանկ՝ 400 միլիոն դրամ վարկ վերցնելու համար, սակայն բանկում ինձ ասացին, որ այդքան գումար վարկ տալ չեն կարող. ինձ վարկ կարող են տալ կա՛մ աշխատավարձ վճարելու, կա՛մ հարկեր-տուրքեր վճարելու, կա՛մ կոմունալներ վճարելու, կա՛մ էլ հումք ձեռք բերելու համար: Բանկում պնդեցին, որ այս 4 «կամ»-երից մեկը պետք է ընտրեմ, բոլորը միասին հնարավոր չէ»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց 20 տարուց ավելի Հայաստանում արտադրությամբ զբաղվող խոշոր մի գործարար, որը, սակայն, չցանկացավ հրապարակել իր և ընկերության անունը:

Գործարարի փոխանցմամբ՝ ինքը կանգնել է երկընտրանքի առաջ՝ եթե վարկ վերցնի միայն 450 աշխատողի աշխատավարձը վճարելու համար, ապա չի կարողանա կատարել մյուս վճարումներն ու հումք ձեռք բերել:

«Եթե աշխատավարձը տամ, բա հումքն ինչո՞վ առնեմ, եթե միայն հումք առնեմ, բա աշխատավարձերը ո՞նց տամ. ախր չէ՞ որ այս չորսն իրար հետ փոխկապակցված են, բայց քանի որ այս վարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհը կարող է կանգնել պարենային անվտանգության խնդրի առաջ, մենք մեր թիմով որոշեցինք վարկ վերցնել գոնե հումքը Մալազիայից, Չինաստանից, Հնդկաստանից ներկրելու համար, որ մեր պահեստները լիքը լինեն, որ պարենային անվտանգության խնդիր չունենանք»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ բանկի հետ իրենց ընկերության համագործակցությունն ունի երկար տարիների փորձ և, հաշվի առնելով դա և գործարար-բանկի կառավարիչ հարաբերությունները, հույս ունի, որ երկուշաբթի օրը բանկը կընդառաջի իր խնդրանքին և իրեն վարկ կհատկացնի այնքան, որ կարողանա և՛ հումք ձեռք բերել, և՛ բոլոր վճարումները կատարել:

«Ստացվում է՝ ես վարկ եմ վերցնում այնպես, ինչպես վերցնում էի մինչև կորոնավիրուսն ու կառավարության ընդունած այդ փաթեթները: Ես ու բանկն ենք, էստեղ չկա պետությունից որևէ աջակցություն, բա այդ դեպքում ինձ մոտ հարց է առաջանում՝ այդ որոշումներն ինչո՞ւ ընդունեցին. ես էլ հո պարտաճանաչ հարկատու եմ: Բա հիմա, եթե պետությունն ինձ չի օգնում, ես չեմ կարողանում օգտվել այս սուբիսդավորվող և անտոկոս վարկերից, ինչպե՞ս հասկանամ այդ փաթեթների իմաստը, այդ ընդունած ծրագրերը, որպես գործարար, ինձ համար զրոյական նշանակություն ունեն, այնպես որ, անհամբեր սպասում եմ երկուշաբթի օրվան, տեսնեմ՝ գործարանի գրավադրմամբ ինձ անհրաժեշտ չափով վարկ կտա՞ բանկը: Էն վիճակում ենք, որ էլ կարևոր չէ, թե քանի տոկոսով, ինձ համար կաևոր է, որ աշխատողներն անաշխատանք չմնան, և կարողանամ նաև հումք ներկրել: Կրկնում եմ՝ պետությունն այստեղ չկա, ամեն ինչ կախված է լինելու բանկից և գործարարից: Կամ մեզ կտան անհրաժեշտ 400 միլիոն դրամը, կամ մեր 450 աշխատողին կուղարկենք տուն ու կփակվենք»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հերիք չէ՝ պետությունն իրենց թողել է իրենց խնդիրներով միայնակ, մի հատ էլ այս կորոնավիրուսով պայմանավորված՝ գործարարներին ստիպում է անել հավելյալ ծախսեր:

«Ասում են՝ բոլոր աշխատողները պետք է լինեն դիմակով. Այ ընկեր՝ նախ՝ դու դիմակ ծախո՞ւմ ես, որ ես առնեմ և 450 աշխատողի ամեն օր երկու հատ բաժանեմ: Ամեն մի դիմակը 230 դրամ է, եթե ես օրը հազար հատ դիմակ առնեմ՝ ստացվում է 230.000 դրամ: Կամ ասում են՝ աշխատողներին օրվա մեջ գոնե 2 անգամ պետք է ջերմաչափել:

Դիմել եմ պետական ատյաններ՝ ասել եմ՝ ինձ ասեք, թե որտեղից կարող եմ գնել այդ լազերային ջերմաչափերը, որ իմ աշխատողներին այն սովորական ջերմաչափերով չջերմաչափեմ:

Ասացին՝ դիմեք քաղաքապետարան, գնացինք, մեր կոնտակտները ուզեցին, թե՝ հետո կկապվենք ձեզ հետ, օրեր անցան, տեսանք՝ չեն կապվում, նորից գնացինք, պարզվեց՝ քաղաքապետարանի աշխատակիցը մոռացել էր մեր խնդիրը տեղ հասցնել, երբ համառեցինք՝ քաղաքապետարանից ասացին, որ քաղաքապետն ինչ-որ մեկի հետ պայմանավորվել է այդ հարցով: Էս վիճակում ենք, և դեռ խոսքն ընդամենն ինչ-որ մեկի հետ պայմանավորվածության մասին է, պատկերացնո՞ւմ եք:

Լավ՝ մի՞թե էս մարդիկ էնքան ուղեղ չունեն, որ հասկանան, գոնե այս 10-15 դոլար արժեցող ջերմաչափերից, որից կա, ի դեպ, Մոսկվայում, բերեն Հայաստան, որ գործարարները կարողանան առնեն ու աշխատողներին ջերմաչափեն: Թող Մոսկվայից բերեն, էստեղ կրկնակի վաճառեն մեզ վրա, բիզնես անեն, բայց թող բերեն: Անգամ այս ամենատարրական հիգիենայի հարցը լուրջ խնդիր է»,- ասաց գործարարը:

Նրա փոխանցմամբ՝ ամբողջ աշխարհում այս օրերին պետություններն ընդառաջում են գործարարներին նաև կոմունալ վճարումներն ուշացնելու հարցում, սակայն, որպես գործարար, մեր պետության աջակցությունը չի զգացել նաև այդ հարցում:

«Մի քանի օր հոսանքի վճարն ուշացրել էինք, ՀԷՑ-ի աշխատակիցը եկել է, թե՝ գնում ենք հոսանքն անջատենք: Այ ընկեր, եթե հոսանքն անջատես, իմ սառնարանում պահվող 30-40 միլիոնի հումքը երկու ժամ անց անպիտան կդառնա, բա ես դա ի՞նչ անեմ: Մինչև վերջին կոպեկը վճարել եմ, թե չէ աշխատասենյակիցս դուրս չէին գալիս ո՛չ ՀԷՑ-ի, ո՛չ «Գազպրոմի» աշխատակիցները»,- խոսքը եզրափակեց գործարարը:

Տեսանյութեր

Լրահոս