ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող, ՌԴ-ում ադրբեջանցի սպանած Միսակ Լազարյանի իրավունքների հարցով փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին
Հայաստանում կալանավորված, ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել փաստաբան Արկադյա Գևորգյանը: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:
«Երեկ ինձ է դիմել Միսակ Լազարյանի փաստաբան Արկադյա Գևորգյանը։ Դիմել են նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ: Փաստաբանը բարձրացրել է ինչպես Միսակ Լազարյանին չհանձնելու, այնպես էլ Հայաստանում ապաստանի տրամադրման հարցերը: Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացվել է, որ Գլխավոր դատախազությունը հանձնման հարցով դեռ որոշում չի կայացրել, և հարցը գտնվում է քննարկման փուլում:
Վաղը Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ կնախաձեռնվի վարույթ և հանձնման ու ապաստանի հարցերով պարզաբանումներ ու անհրաժեշտ տեղեկություններ ստանալու հարցերով կհասցեագրվեն գրություններ, կձեռնարկվեն օրենքով նախատեսված քայլեր։ Քանի որ փաստաբանը նշել է, որ Լազարյանը հայտարարել է հացադուլ, այդ հարցը նույնպես կլինի Պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո»: