«ՀԱՊԿ-ն փորձում է խուսափել կառույցում նոր ճգնաժամերից». Ֆելգենգաուեր
«ՀԱՊԿ արձագանքը հայ-ադրբեջանական սահմանի միջադեպերին չեզոք էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը` անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի արձագանքին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերին։
Հիշեցնենք, որ օրերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտի 30-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի պատճառով 2 հայ զինծառայող և մեկ հայ երեխա հրազենային վիրավորում են ստացել։
Ըստ Զասի` այդ փաստերը չեն նպաստում երկու հարևան պետությունների սահմանի իրադրության կարգավորմանը և վկայում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մասին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս ուշադրություն են հրավիրել և կողմերին կոչ են արել հակամարտության իրավիճակները կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության սրացում թույլ չտալու նպատակով:
«Կողմերի զսպվածությունն ու իրադրության կարգավորումը հատկապես կարևոր են այս ժամանակաշրջանում, երբ բոլորիս համար նոր սպառնալիք է ի հայտ եկել, որը չի ճանաչում սահմաններ ու ազգություններ. կորոնավիրուսի համավարակը», – ընդգծել էր Ստանիսլավ Զասը:
Այս հայտարարությանը հաջորդել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը Զասի հետ։
Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ հայտարարությունը չի վկայում այն մասին, որ ՀԱՊԿ անդամ երկրները փոխել են մոտեցումները ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ՝ հատկապես, երբ հայտարարությունը պարզապես կոչ էր՝ կայունացնել իրավիճակը, և հասցեական չէր այն դեպքում, երբ հակամարտության բոլոր կողմերը չէ, որ ՀԱՊԿ անդամ են, իսկ ՀԱՊԿ որոշ անդամներ աջակցում են նաև ոչ ՀԱՊԿ անդամ երկրների, որով էլ պայմանավորված է մասամբ այս իրավիճակը։
Ըստ նրա՝ մոտեցումը նույնն է, այդ հարցում ՀԱՊԿ-ը գործունեություն չպետք է իրականացնի։
«Սակայն միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին այլ հարց են, և այստեղ ՀԱՊԿ-ը գոնե հայտարարություններով փորձում է իրականացնել իր լիազորությունները, կոտրել տպավորությունը, թե սա արհեստական կառույց է և չի ծառայում հավաքական անվտանգության պահպանմանն ու սպառնալիքների վերացմանը։ ՀԱՊԿ-ում հասկանում են, որ անհրաժեշտության դեպքում իրավիճակին արձագանքելու է Ռուսաստանը, սակայն կա նաև կազմակերպության պահպանման, հեղինակության հարցը, որը լուրջ վնաս կրեց անցյալ տարի անդամ երկրների միջև ծավալված լուրջ անհամաձայնությունների պատճառով, որոնք կարելի էր լուծել հեշտորեն, առանց հրապարակային բանավեճերի։
Այսինքն՝ պարզապես փորձում են խուսափել նոր ճգնաժամերից ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ-ում զգում են, որ շատ հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ հրապարակային մոտեցումով՝ պետք է վերանայել այդ տարաձայնությունները, անդամ երկրներում դրանց բուռն արձագանքը մեղմելու նպատակով, քանի որ այդ ամենը վնասում է հենց ՀԱՊԿ-ին, որպես կառույց, դրա հեռանկարներին։
Բայց կրկին չեմ կարծում, որ իրական սպառնալիքի դեպքում բելառուսական կամ ղազախական զորքերը կլինեն անհրաժեշտ վայրերում, ինչպես նաև հայկականը՝ անհրաժեշտության դեպքում, քանի որ հավաքական շահը բացակայում է, և բոլոր երկրների հավաքական շահը Ռուսաստանի հետ հարաբերություններն են։ Ուստի ընդհանուր առմամբ կասեի, որ լավ է, որ կա արձագանք, լինում են դեպքեր, երբ դա բացակայում է, բայց հայտարարությունը որևէ գործնական հետևանք չի կարող ունենալ։ Իդեալական տարբերակն այն պետք է լիներ, որ անդամ երկրներից մեկի սահմաններին ուղղված սպառնալիքին կառույցն արձագանքեր և դիմակայեր հավաքական կերպով, ինչպես որ նախատեսված է»,- ասաց նա։