Տաշիրում կկառուցվի նոր հիվանդանոց. 42 միլիոն դրամ արժեքով շենքն անհատույց օտարվեց այդ նպատակով
Առողջապահության նախարարությունը հրատապ է համարել Լոռու մարզի Տաշիր քաղաքում նոր բժշկական կենտրոնի կառուցումն ու դրա համար հողատարածքի հատկացումը, ուստի Կառավարությունն ապրիլի 2-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով Տաշիր քաղաքում գտնվող «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի շենքը հարակից հողակտորով անհատույց օտարեց Հայաստանի Հանրապետությանը, թեև այս շենքն ընդգրկված էր մասնավորեցման ենթակա ընկերությունների շարքում, և 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահված էին Պետական գույքի կառավարման կոմիտեին:
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ն սեփականության իրավունքով ուներ իրեն պատկանող՝ 42 միլիոն 360 հազար դրամ գնահատված արժեքով անշարժ գույք՝ 451,6 քառ. մետր մակերեսով ավտոկայանի շենք և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,7021 հեկտար հողատարածք:
Ինչպես տեղեկանում ենք Կառավարության ընդունած որոշման նախագծից՝ նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման համար տարածքն ընտրվել է՝ հաշվի առնելով, որ այն հարակից է քաղաքի գլխավոր ճանապարհին, տեղակայված է քաղաքի կենտրոնական հատվածում և մատչելի է բնակչության համար: Շենքի ընտրությունը կարևոր է նաև նրանով, որ տարածքն ունի հարթ ռելիեֆ, մոտ է գործող ենթակառուցվածքներին, և հարակից հատվածները կառուցապատված չեն բնակելի շինություններով։
Նկատենք, որ հաշվի առնելով, որ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն եղել է ծանր ֆինանսական դրության մեջ, Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկ է ներկայացրել, որ տարածքը պետությանը հանձնվի առնվազն ընկերության 2018թ. գործունեության արդյունքներով առաջացած շահութաբաժնի չափով «Հայավտոկայարան» ՓԲԸ-ին մասնակի փոխհատուցման կամ շահաբաժնից ազատելու դիմաց, սակայն դրան դեմ է եղել ՀՀ ֆինանսների նախարարությունը: