Նրանք երկու օր բեռնում էին մեքենաները դիակներով ու տանում, նրանք կորցրել էին իրենց ողջ հատուկ նշանակության ուժերը․ Յուրի Խաչատուրով
«Հակառակորդը լուրջ փոփոխություններ իրականացնելու նպատակներ ուներ»,- այս մասին քիչ առաջ Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի օրը, «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի՝ «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում ասաց Արցախի Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին։
Սեյրան Օհանյանը պատմեց, որ դիրքային մարտական գործողություններ էին ընթանում մեկ տասնյակից ավելի ուղղություններով։ Բայց, նրա փոխանցմամբ, առավել թեժ ուղղությունները չորսն էին։ «Գնահատելով հակառակորդի այդ մարտական գործողությունների առաջին օրվա ընթացքում ստացված տեղեկատվությունից՝ մենք եկանք այն եզրակացության, որ հակառակորդն ավելի խորը մխրճման նպատակներ ուներ՝ բոլոր ուղղություններով՝ շուրջ 10-15 կմ գրավելով բնակավայրեր և լուրջ փոփոխություններ իրականացնելով իրադրության մեջ»,- ասաց նա։
Իր հերթին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովն ասաց, որ վստահ է՝ նրանք խնդիր ունեին իրականացնել գործողություն՝ հասցնելով հայկական պաշտպանական շրջաններն այնպիսի վիճակի, որ այնտեղից մարդիկ փախչեն, որի հետևանքով կգրավեին լուրջ տարածք, որը ներառում էր Մատաղիսը, Թալիշը, Մարտակերտը, հարավում՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ։
«Նրանք ցանկանում էին գրավել այդ տարածքները, իսկ հետո գուցե կանգ առնել և եթե պատկերացրեք, որ մեր զորքերը փախչեին… Ի վերջո, ինչ-որ անսպասելիություն կար նաև նրանց մոտ, որոշ դիրքեր նրանք վերցրել էին, որոշները՝ մենք հակագրոհներով կարողացանք ետ գրավել, վերականգնելով առաջին գիծը։ Սակայն որոշ դիրքեր հարավում, որոշները՝ հյուսիսում մնացին իրենց վերահսկողության տակ։ Ամսի 3-ին մենք սկսեցինք պլանավորել, թե ինչպես ենք վերադարձնելու այդ դիրքերը»,- ասաց Խաչատուրովը։
Յուրի Խաչատուրովը նաև պատմեց, թե ինչպես են հրադադարից հետո ադրբեջանական ուժերը հետ տարել իրենց զոհերի դիակները։ «Երեք հրամանատար է սպանված եղել, ստորաբաժանումների անդամներ, իսկ եթե հրամանատարը սպանված է, ապա նշանակում է, որ այդ ստորաբաժանումներն այլևս գոյություն չունեն, հատուկ ջոկատայինների ստորաբաժանումների հրամանատարների դիակներ, որոնք մեր տարածքում էին մնացել, երբ հրադադարը հաստատվեց, նրանք երկու օր մեքենաներով դիակներն էին տանում հինգերորդ, վեցերորդ պաշտպանական շրջաններով, իններորդ, նրանք տանում էին, բեռնում էին մեքենաներն ամբողջությամբ դիակներով ու տանում, դրանք փաստեր են և դրանից ոչ մի տեղ չես փախչի, նրանք կորցրել էին իրենց ողջ հատուկ նշանակության ուժերը, բանակի ամենաէլիտային հատվածը»,- ասաց նա։