Իշխանությունները պետք է գիտակցեն պահի լրջությունը. եկել է «սրբազան կովերին» դիպչելու ժամանակը

Ճգնաժամային իրավիճակները առավել ցայտուն են ի ցույց  դնում ցանկացած իշխանության՝ համարժեք քայլեր ու միջոցառումներ մշակելու և իրականացնելու կարողությունները։ Ակնհայտ է, որ այսօր աշխարյում ոչ մի կառավարություն ի զորու չէ կանխատեսել կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսական ճգնաժամի տևողությունը և հետևանքները։

Ակնհայտ է նաև, որ ինչպես բուն համաճարակի կանխարգելումը, հաղթահարումը, այնպես էլ երկրի բնակչության առաջնահերթ նվազագույն սոցիալական կարիքների բավարարումը պահանջում են հսկայական միջոցներ։ Մի բան ևս ակնհայտ է․ անհրաժեշտ ֆինանսական միջոցները ոչնչից չեն ստեղծվում, ոչ էլ հնարավոր է այսօր հույսը դնել այլ երկրների օգնության վրա։ Համենայնդեպս դրա մասին է վկայում նույնիսկ աշխարհի հարուստ երկրների վարքագիծը։

Յուրաքանչյուր երկիր այդ հարցը փորձում է լուծել ինքնուրույն։ Եթե ԱՄՆ-ը կամ Եվրամիության երկրներն ունեն, այսպես ասած, փող «տպելու» հնարավորություն, ապա մյուս երկրները կանգնած են շատ ավելի ծանր և ոչ պոպուլյար լուծումների առջև:

Նույնիսկ Ռուսաստանի Դաշնությունը՝ ունենալով հսկայական ֆինանսական և նյութական պահուստներ, ձեռնարկում է լրացուցիչ քայլեր՝ պետբյուջեի մուտքերն ավելացնելու ուղղությամբ, մասնավորապես, առաջին անգամ մտցնելով ավանդների դիմաց տոկոսային եկամուտների հարկման  և դեպի օֆշորային գոտիներ երկրից դուրս բերվող ֆինանսական միջոցների հարկման պրակտիկա։

Ի դեպ, շատ հստակ ու հասկանալի են այդ երկրում բնակչության կենսաապահովման, վարկային բեռի սպասարկման, փոքր ու միջին բիզնեսի հարկային պարտավորությունների կատարմանն առնչվող՝ պետության կողմից առաջարկվող օգնության և օժանդակության միջոցառումները, հատկապես վարկային և հարկային արձակուրդների տրամադրման վերաբերյալ:

Այս տեսանկյունից ինչպիսի՞ն է իրավիճակը մեր երկրում։ Բավարա՞ր են, հստակ ու հասկանալի՞ են և արդարացի՞ են, արդյոք, ՀՀ կառավարության կողմից հայտարարված միջոցառումներն ու քայլերը։

Նախ, դրանց որոշակիության և հստակության մասին․ կարելի է ասել, որ մինչ այժմ ընդունված որոշումները հիմք չեն տալիս համոզվելու, որ այդպիսիք հստակ ու հասկանալի են․ մասնավորապես՝ ի՞նչ կարող է հասկանալ տնտեսվարողը, երբ նրան կոչ է արվում գնալ բանկ, վարկ վերցնել՝ պետության հանդեպ հարկային պարտավորությունները կատարելու և աշխատավարձ վճարելու համար. եթե տնտեսվարողը չի դադարեցրել իր գործունեությունը, ապա անկախ ամեն ինչից ինքը կփորձի լուծել այդ խնդիրները, իսկ եթե ստեղծված իրավիճակով պայմանավորված դադարեցրել է կամ էլ, լավագույն դեպքում, էապես կրճատել է գործունեության ծավալները, ապա այս անորոշ իրավիճակում ո՞ր ժամանակահատվածի համար, քանի՞ ամսվա աշխատավարձ վճարելու համար պետք է վարկ ստանա, թեկուզև այն լինի անտոկոս։

Հարկեր վճարելու նպատակով վարկի մասին կարելի է նաև չխոսել։ Քանի հազար տնտեսվարող պետք է դիմի բանկերին, դրանցից ո՞ր մասի հայտերը կբավարարվեն՝ մնում է անհայտ։ Այսօր կան ոլորտներ, որոնք ամբողջովին դադարեցրել են իրենց գործունեությունը (տուրիզմ, հյուրանոցային սպասարկում, սպասարկման բազմաթիվ այլ փոքր ձեռնարկություններ, ռեստորաններ, սրճարաններ և այլն) անորոշ ժամանակով, իսկ այդ պայմաններում դժվար թե որևէ բանկ համաձայնվի գնալ վարկի տրամադրման ռիսկի։

Բնակչության անապահով խավերին օժանդակելուն ուղղված որոշումները վիճահարույց են, հատվածական են։

Ի՞նչ է նշանակում՝ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝ մեկ երեխայի հաշվով, միանվագ 100.000 դրամ տրամադրելու մասին որոշումը, եթե մեկ դեպքում ծնողը աշխատանքը կորցրել է 2020թ. մարտի 13-ից մինչև մարտի 26-ը և այլն․ մի քանի եթե-ներ․․․

Բազմաթիվ եթե-ներից պարզաբանված չէ նաև, թե ինչ պատճառով է ծնողը կորցրել աշխատանքը։ Այդ դեպքում տրամաբանորեն իրավունք ունենք հարց ուղղելու կառավարությանը՝ իսկ եթե ծնողը աշխատանքը կորցրել է մինչև 2020թ․ մարտի 13-ը կարելի՞ է արդյոք այդ ընտանիքին համարել ապահովված։

Գաղտնիք չէ, որ 2018-2020թթ. ընթացքում, հազարավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը տարբեր տեսակի «օպտիմալացումների», «կառուցվածքային փոփոխությունների», այլ կամայականությունների հետևանքով։ Նրանց մեծ մասն առայսօր աշխատանք չունեն։

Հետևաբար, կարելի է պնդել, որ առաջարկված քայլերը նաև անարդար են։ Թերևս ինչ-որ որոշակիություն կարելի է նկատել ՀՀ կառավարության կողմից ընդունված՝ բիզնեսին օժանդակելուն ուղղված որոշումների փաթեթներից մեկում՝ գյուղատնտեսության ոլորտի համար, սակայն այստեղ ևս առաջանում են բազմաթիվ հարցեր։ Նախ, հիմնականում նորից խոսքը բանկերից վարկեր ձևակերպելու և կառավարության կողմից համաֆինանսավորելու միջոցով որոշ ծրագրերի մասին է, մասնավորապես, հումքի և սննդամթերքի ներկրման նպատակ հետապնդող։ Գաղտնիք չէ, որ այսօր ամենապահանջված վաճառվող ապրանքը սննդամթերքն է․ կարող են լինել նաև որոշ հումքատեսակներ՝ սննդի, դեղորայքի և այլ կենսական ապրանքների արտադրության համար։

Խնդիրն այն է, որ եթե ապրանքը կամ արտադրանքը վաճառվող է, չունի իրացման խնդիր, ապա առանց պետության օգնության էլ տնտեսվարողը ինչպես մինչ այժմ, այնպես էլ սրանից հետո կլուծի իր խնդիրները։ Իր կողմից համաֆինանսավորելու միջոցով մասնակցության նպատակը կառավարությունը  առնվազն պետք է հիմնավորեր, թե պարենի, սննդամթերքի, հումքի կոնկրետ ինչ տեսակների կամ խմբերի համար է դա արվում, դրվա՞ծ է արդյոք դրանց գծով ռազմավարական որոշակի պաշարներ ստեղծելու խնդիր, եթե՝ այո, ապա արտակարգ իրավիճակում պետական միջոցներով կառավարությունն ինքը պետք է ստեղծի այդ պաշարները, կամ էլ իր պատվերը, պայմանագրերի միջոցով, ամրագրի կոնկրետ տնտեսվարողների հետ։

Այստեղ արդեն կառաջանա մրցութային կարգով պետական պատվերի տեղաբաշխման խնդիր։ Հակառակ պարագայում որևէ երաշխիք չկա առ այն, որ տնտեսվարողը՝ օգտվելով համաֆինանսավորման հնարավորությունից, իր հայեցողությամբ կներկրի առնվազն իրեն ձեռնտու և ամենևին էլ ոչ ռազմավարական նշանակության այն պարենն ու հումքը, որն այս պահին կենսականորեն անհրաժեշտ է լինելու ազգաբնակչությանը։ Եվ եթե արձանագրում ենք նաև այն իրողությունը, որ ծրագրով նախատեսված ապրանքների և հումքի ներկրմամբ զբաղվում են ամենևին էլ ոչ փոքր ու միջին տնտեսվարողները, ապա վստահանար կարելի է պնդել, որ ծրագիրը խոշոր բիզնեսին օժանդակելուն ուղված քայլ է։

Մինչ այժմ, կառավարության և կենտրոնական բանկի կողմից, որևէ հստակ հայտարարություն չի արված քաղաքացիների, բիզնեսի՝ բանկերի կամ վարկային կազմակերպությունների հանդեպ պարտավորությունների կատարման դժվարությունները հաղթահարելու վերաբերյալ։

Հնչել են միայն խորհուրդներ առ այն, որ յուրաքանչյուր վարկառու ինքը պետք է բանակցի ու պայմանավորվի վարկատուի հետ՝ վարկի, տոկոսների վճարումների հնարավոր հետաձգման կամ պարտքի վերաձևակերպման հարցերի շուրջ։ Այստեղ չկա որևէ նոր բան․ դա միշտ էլ այդպես եղել է: Սակայն վստա՞հ են արդյոք բանկերը և վարկային կազմակերպությունները, որ եթե նույնիսկ պարտաճանաչ վարկառուի պարտավորությունների կատարման խելամիտ ժամկետով հետաձգման կամ այլ կերպ դրանց կատարման պայմանները բարելավելու պարագայում ստիպված չեն լինելու դասակարգել այդ վարկերը, չի՞ ընդգրկվի արդյոք վարկառուն «սև ցուցակում»։

Սրա վերաբերյալ է առնվազն, որ կառավարությունն ու կենտրոնական բանկը պետք է մտցնեն հստակություն։ Բոլորիս հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը չունի այն հնարավորություններն ու ռեսուրսները, ինչպիսին ունեն մի շարք այլ երկրներ, այդ թվում նաև մեր անմիջական հարևանները։ Կասկած չկա, դա պետք է գիտակցի նաև կառավարությունը, գուցե նաև այդ պատճառով է, որ չեն հնչեցվում ու չեն հրապարակվում՝ ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսվարողներին օժանդակելուն ուղղված ավելի ռադիկալ որոշումներ ու հայտարարություններ, սակայն դա չի նշանակում, որ հանրությանը չեն հետաքրքրում մի շարք շատ կարևոր հարցեր։

Ճգնաժամային իրավիճակներում, եթե երկիրը չունի իր միջոցները համալրելու քիչ թե շատ հասանելի աղբյուրներ, ապա առաջին պլան է մղվում առկա միջոցները խնայողաբար օգտագործելու հրամայականը, սակայն առ այսօր մենք չենք լսել միջոցների խնայողության, ծախսերը կրճատելու որևէ ծրագրի մասին։

Այնինչ մեր երկրի համար հենց թիվ մեկ հրամայականը պետք է դառնար դա։ Ինչո՞վ է դա պայմանավորված․ նախ և առաջ նրանով, որ որևէ մեկը ի վիճակի չէ կանխատեսել ճգնաժամի (այլ կերպ այս իրավիճակը բնութագրել չի կարելի) տևողությունը, հետևանքները, իսկ դա պարտադրում է նախ և առաջ կուտակումների մասին մտածել, պատրաստվել։

Ավելի խիտ գույներով չեմ ցանկանում նկարագրել հնարավոր սպասվելիք իրավիճակները։ Մեր ժողովուրդն արդեն տեսել է ծանր ժամանակներ՝ երկրաշարժ, պատերազմ, հացի քարտային համակարգ և այլն։ Այն ժամանակ դեռևս մեզ օգնում էին, բնակչությունը դեռևս կարող էր հույսը դնել իր մոտ առկա որոշ խնայողությունների վրա։ Այլ է իրավիճակն այսօր։ Առաջիկայում լուրջ խնդիրներ կարող են ծագել պետբյուջեի համալրման հարցում, երբ տնտեսության ամբողջական ճյուղերը մատնված են պարապուրդի։

Ստեղծված իրավիճակը պահանջում է արտակարգ, աննախադեպ լուծումներ։ Յուրաքանչյուրը, նախ և առաջ իշխանությունները, պետք է գիտակցեն պահի լրջությունը։ Եկել է «սրբազան կովերին» դիպչելու ժամանակը, այլապես շատերը կմնան ոչ միայն առանց պարգևավճարների, այլև առանց աշխատավարձի ու թոշակի։

Այս իրավիճակում, առավել ցինիկ հայտարարություն, քան՝ «մեկ ամսվա պարգևավճարները կնվիրաբերվեն կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին», պատկերացնել հնարավոր չէ։ Այսպիսով եկել է արտակարգ, աննախադեպ միջոցներ կիրառելու ժամանակը։ Իշխանությունները պարտավոր են իրենց լեգիտիմության պաշարն ուղղել հենց դրան։

Ժամանակն է՝ հակասական, հատվածական, անհասկանալի, իրարամերժ ու խառնաշփոթ առաջացնող որոշումների փոխարեն ձեռնամուխ լինել համակարգված ու հստակ քայլեր ձեռնարկելուն: Ամբողջ հանրությունը, անկախ անձանց զբաղեցրած դիրքից, պաշտոնից, սոցիալական վիճակից, պետք է գիտակցի, որ արհավիրքը վերաբերում է բոլորին և ժողովրդի գոյատևման խնդրի բեռը համապարտ և համերաշխորեն պետք է կրեն բոլորը: Հասարակության որևէ շերտ, առանձին անհատ, իրավունք չունի և չի կարող ապրել կամ բարգավաճել ուրիշի հաշվին կամ հայրենակցի՝ մի կերպ գոյատևման պայմաններում:

Ըստ այդմ, որոնք կարող էին լինել այն առաջնահերթ քայլերն ու միջոցառումները, որոնք հնարավորություն կտային ինչ որ չափով ավելի պատրաստ լինել խորացող ճգնաժամին: Ի՞նչ պետք է անեն երկրի օրենսդիր ու գործադիր մարմինները առաջնահերթ կարգով.

1. Պարենամթերքի առանձին տեսակների, դեղորայքի և որոշ այլ առաջնահերթ նշանակության ապրանքների՝ պետական ռազմավարական նվազագույն պաշարների ստեղծում որոշակի ժամանակահատվածի համար՝ հույսը չդնելով մասնավոր բիզնեսի «բարեհաճության» վրա:

2. Պետական ողջ համակարգում (այդ թվում՝ Ազգային ժողով, կառավարություն, տեղական կառավարման մարմիններ և այլն) խստիվ վերացնել պարգևավճարները: Դեռ ավելին, քայլեր ձեռնարկել 2018թ. վերջից մինչև այժմ, հատկապես բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց և պատգամավորների ստացած պարգևավճարների գումարները պետբյուջե վերադարձնելու ուղղությամբ, այդ թվում՝ բանկերից վարկ վերցնելու միջոցով: Այսօր պարգևների արժանի կարող են լինել միայն առաջնագծում պայքարող բուժաշխատողները, սահմանը պահող զինվորականները, մեր անվտանգությունը հսկող ոստիկանները, փրկարարները և նմանատիպ ծառայություններ իրականացնող այլ անձինք:

3. Պետական համակարգում (Ազգային ժողով, կառավարություն, տեղական կառավարման մարմիններ և այլն) անհապաղ սահմանել աշխատավարձի վերին շեմ՝ երկրում նվազագույն աշխատավարձի նկատմամբ, օրինակ, դրա եռապատիկից ոչ ավելի՝ նույնիսկ ամենաբարձր պաշտոնատար անձանց համար: Ծառայողական մեքենաների շահագործումը պետք է թույլատրվի բացառիկ դեպքերում և խիստ սահմանափակ թվով անձանց: Վերջապես ժողովրդի ծառաները հնարավորություն կունենան, իրոք, ծառայել ժողովրդին, իսկ արժանապատվորեն ծառայելը նաև պարտականություն է, որը միշտ չէ, որ պետք է չափվի փողով:

4. Անհապաղ վերանայել կենսաթոշակային ապահովման անարդար ու ապօրինի համակարգը: Գաղտնիք չէ, որ հանրության առանձին շերտերի համար նախկինում այս կամ այն լոբբիստական ջանքերի արդյունքում սահմանվել են անարդարացիորեն բարձր կենսաթոշակներ՝ ձևավորելով «էլիտար» թոշակառուների խավ:

Կան դեռևս խորհրդային տարիներին աշխատած դատախազներ, դատավորներ, այնուհետև նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ, ովքեր երբեմն 10-20 անգամ ավել թոշակ են ստանում, քան այլ՝ ոչ պակաս վաստակ ունեցող անձինք: Հետևաբար՝ պետք է սահմանվի կենսաթոշակի առավելագույն շեմ՝ նվազագույն կենսաթոշակի նկատմամբ, օրինակ՝ դրա եռապատիկից ոչ ավելի: Վերջապես այս բնագավառում լուրջ բարեփոխումներ իրականացնելու ժամանակն է:

5. Սառեցնել այս պահին կենսական ու առողջապահական նշանակություն չունեցող կապիտալ, ընթացիկ ներդրումների ծրագրերի ֆինանսավորումը:

6. Ծախսերի կրճատման, խնայողության մի շարք քայլեր պետք է առաջարկել, հորդորել, կամ նույնիսկ պահանջել նաև առևտրային որոշ կազմակերպություններից, բանկերից, այլ ֆինանսական կազմակերպություններից՝ իրենց ծառայությունների, ապրանքների ինքնարժեքը կամ գինը նվազեցնելու և թանկացում թույլ չտալու նպատակով:

7. Փոքր ու միջին բիզնեսի համար սահմանել հարկային արձակուրդներ առնվազն վեց ամիս ժամկետով: Քաղաքացիների հիպոթեքային, սպառողական վարկերի, փոքր ու միջին բիզնեսի առևտրային վարկերի համար նույնպես սահմանել վարկերի գծով պարտավորությունների կատարման հետաձգման առնվազն վեց ամսյա ժամկետ: Որպես առավել արմատական, սակայն խիստ անհրաժեշտ քայլեր պետք է քննարկվեն.

ա) ինչ-որ ժամկետով, ըստ դրա անհրաժեշտության, բանկերում ներդրված ավանդների որոշակի նվազագույն շեմից բարձր գումարների նկատմամբ դադարեցնել տոկոսների հաշվեգրումը

բ) առավել խոցելի քաղաքացիների (աշխատանքի կորուստ, եկամուտների հիսուն տոկոսից ավելի կորուստ և այլն) հիպոթեքային, սպառողական վարկերի դիմաց տոկոսների սառեցումը որոշակի ժամկետով: Նույնը նաև ՓՄՁ-ների որոշ սուբյեկտների վարկային պարտավորությունների նկատմամբ:

Այս պահին ոչ առաջնային նշանակություն ունեցող օրենսդրական նախագծերը, անարդյունավետ ու հատվածական լուծում ենթադրող մի շարք այլ նախագծերը, ժամերով ու օրերով բոցաշունչ քննարկելու փոխարեն՝ իշխանության գործադիր և օրենսդիր մարմինները պարտավոր են անհապաղ, նոն-ստոպ ռեժիմով ձեռնամուխ լինել իրոք հակաճգնաժամային, կամային լուծումներ պահանջող այս, և գուցե նաև այլ կարևորագույն հարցերի քննարկմանը: Եկել է սթափվելու պահը, եկել է համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու պահը:

Մենք բոլորս գտնվում ենք միևնույն նավակում և արհավիրքին կարող ենք դիմագրավել միայն համատեղ ջանքերով: Ինչպես յուրաքանչյուր անձ, ընտանիք, այնպես էլ պետությունը, այսօր չի կարող գոյատևել առանց խնայողության խստագույն ռեժիմ կիրառելու: Բոլոր սթափ մտածող, հայրենքի  ապագայով մտահոգ ուժերը և անհատները պարտավոր են իրենց ձայնը բարձրացնել, անել առաջարկներ, դրսևորել համապատասխան վարքագիծ՝ արհավիրքը և ճգնաժամը արժանապատվորեն և հանարավորինս քիչ կորուստներով հաղթահարելու համար:

Հայկ Ֆարմանյան
«
Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, տ.գ.թ., դոցենտ՝                                                                               

Տեսանյութեր

Լրահոս