«Հնարավոր է նաև բնակարանի առջև ոստիկանի տեղակայում, որպեսզի անձը դուրս չգա և վարակը չտարածվի»․ Ռուստամ Բադասյան
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբացկության պատգամավոր Մանե Թանդիլյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե բաժանորդների հեռախոսային խոսակցությունների ֆիքսումը ինչ շրջանակի է վերաբերում՝ մեկուսացածների՞ն, ինքնամեկուսացածների՞ն, թե՞ բոլորին։
Ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանն ասաց, որ դա բոլորին է վերաբերում․ «Բաժանորդի մասին ամբողջ տեղեկատվական հոսքերը, հիմա հավաքվում են օպերատորների մոտ, իսկ նախագծով՝ բոլոր օպերատորների բոլոր բաժանորդների մասին տեղեկատվական հոսքերը հավաքվելու են մի կենտրոնում՝ որպես մեծ տեղեկատվական բազա, որից օգտվելով՝ իրավասու մարմինները կարող են որոշում կայացնել։ Այսինքն՝ դա վերաբերում է բոլոր բաժանորդներին, որոնք զանգ են կատարում և այլն։ Բայց անպայման չէ, որ այդ տեղեկատվությունը հետաքրքրություն ներկայացնի։
Երբ խոսվում է, արդեն, համապատասխան ծրագրի միջոցով ազատ տեղաշարժի սահմանափակում իրականացնելու մասին, բնականաբար, դա վերաբերում է վարակակիր անձնանց, վերջիններիս հետո կոնտակտավոր անձնանց, որի միջոցով արդեն իրականցվում են ազատ տեղաշարժի սահմանափակումները։ Այդ տեղեկատվության հիման վրա պարզվում է տվյալ անձի պոտենցիալ շփման շրջանակը՝ զանգերի և տեղորոշման միջոցով, ինչպես նաև, այո, կարող են նաև իրեն էլ հարցնել, բայց անձը կարող է որևէ տվյալ չհիշել»։
Մանե Թանդիլյանը նկատեց՝ այսինքն՝ բոլոր բաժանորդների տվյալները կենտրոնանալու են տվյալ մարմնի մոտ և տվյալ կազմակերպությունը կարող է յուրաքանչյուր անձի մասին ստանալ այդ տեղեկատվությունը՝ անկախ նրանից՝ այդ անձը գիտի, որ իր տեղաշարժման վերաբերյալ տեղեկատվություն ստանում են, թե ոչ։ Թանդիլյանը նաև հետաքրքրվեց, թե ինչ է լինելու այն քաղքացիների դեպքում, որոնք սմարթֆոն չունեն։
«Այո, բայց այդ տեղեկատվությունը կարող է առհասարակ հետաքրքրություն չներկայացնել։ Իսկ ինչո՞ւ միտեղ, որովհետև եթե մի տեղ չհավաքվի, առանձին օպերատորից պահանջվի, միջամտությունն ու միջոցառումներն օպերատիվ չեն լինի։ Այս դեպքում սմարթֆոնը կարևոր չէ, սմարթֆոնը կարևոր է՝ մեկուսացման և ինքնամեկուսացման համար։ Իսկ ով սմարթֆոն չունի, պետք է մտածել մեկուսացման և ինքնամեկուսացման այլ պահանջների մասին, առանձին դեպքերում հնարավոր է սմարթֆոնի տրամադրում, որոշ դեպքերում՝ հյուրանացներում, այլ վայրերում անձնանց մեկուսացում, հնարավոր է նաև բնակարանի առջև ոստիկանի տեղակայում, որպեսզի անձը դուրս չգա և վարակը չտարածվի։ Բարդ հարց է, բայց եթե սմարթֆոն չկա, արդեն պետք է մտածել այլ միջոցառումներկ մասին»։