Արսեն Թորոսյանն իրավիճակին ծանոթանալու նպատակով այցելել է Ծաղկաձորում մեկուսացված անձանց
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Ծաղկաձորի հանգստյան տարբեր տներում կամ հյուրանոցներում՝ կորոնավիրուսի կասկածանքով ժամանակավորապես մեկուսացված անձանց առողջական վիճակին ծանոթանալուց հետո, ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հանրությանը ներկայացրեց իրավիճակը։:
Առաջին կանգառը «Նաիրի» հանգստյան տունն էր, որտեղից էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով նախարարը որոշ մանրամասներ հայտնեց իրավիճակի մասին: Նախարարը նախ ներկայացրեց Սևանի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանին, որն արդեն 27 օր է՝ փաստացի ապրում է Ծաղկաձորում, ապա՝ կամավորներից Նարեկին, որը պատմեց հանգստյան տուն երկու օր առաջ տեղափոխված մեկուսացածների մասին:
«Այստեղ մեկուսացածների բոլորի ինքնազգացողությունը շատ լավ է, բոլորն էլ 24-ժամյա հսկողության տակ են գտնվում: Օրն ամենաքիչը երկու անգամ ջերմաչափում է կատարվում, բժիշկն անընդհատ այցելում է նրանց, լսում գանգատները, եթե նրանց մեջ կան խրոնիկական հիվանդություններ ունեցողներ, ապա նրանց ավելի մեծ ուշադրություն են դարձնում: Մեկուսացածներին մինիմումը երեք անգամ սնունդ է տրամադրվում, սնունդը մատակարարում են, նաև բարեգործներն են ուղարկում»,- ասաց կամավորը և տեղեկացրեց, որ Նաիրի հանգստյան գոտում արդեն բոլոր սենյակները զբաղված են:
Այնուհետև նախարարն այցելել է Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տուն, որտեղ այս պահին գտնվում է 80 մարդ, նրանք բոլորն էլ իրենց լավ են զգում: Տեղում վերահսկող բժիշկներից մեկը նախարարին տեղեկացրեց, որ նրանց մեջ կան նաև հղիներ, որոնք իրենց նույնպես լավ են զգում, նույնիսկ բժիշկները կատակեցին, որ առավոտյան բարձրանում են սար, ծաղիկներ հավաքում ու նվիրում մեկուսացած կանանց:
Նախարարը տեղեկացրեց, որ իր շրջայցը Ծաղկաձորում շարունակվելու է ամբողջ օրվա ընթացքում: