Բաժիններ՝

Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տանը մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին: Այս մասին Թորոսյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:

«Այսօր որոշել եմ շրջայց կատարել բոլոր այն կետերում, որտեղ մեր հայրենակիցները պահվում են ժամանակավոր մեկուսացման մեջ, որպեսզի բացառենք նրանց շփումը մեր մյուս քաղաքացիների հետ ու կանխարգելենք վարակի տարածումը: Հիմա գտնվում եմ Ծաղկաձոր քաղաքի «Նաիրի» հանգստյան տանը»,- ասաց նախարարը:

Հանգստյան տանը մեկուսացված անձանց վիճակին հետևող կամավորներից մեկը նախարարին հայտնեց, որ շենքում բոլոր սենյակները զբաղված են, պահվող անձանց ինքնազգացողությունը լավ է, նրանք գտնվում են 24-ժամյա հսկողության տակ:

Ուղիղ եթերի ավարտին Առողջապահության նախարարը հայտնեց, որ օրվա ընթացքում այցելելու է նաև մյուս վայրերը, որտեղ քաղաքացիները գտնվում են մեկուսացման մեջ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ը ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մարտի 27-ին մեկ քաղաքացի մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս