
Մարզահամերգային համալիրի դահլիճում որևէ նստարան չի տեղաշարժվել. համալիրի տնօրեն

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենը Կարեն Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դահլիճից նստարաններ հանելու և տեղը մահճակալներ տեղադրելու մասին լուրն ապատեղեկատվություն է:
«Չկա նման բան, ամբողջ համալիրում, մեծ դահլիճում որևէ բան չի տեղաշարժվել: Մեծ դահլիճի նստարաններն իրենց տեղում են մինչև այս պահը: Ավելին ասեմ, մենք մինչև այս պահը նաև չենք ստացել նման քայլի գնալու որևէ ցուցում, այնպես որ, տեղեկատվությունը, թե նստարանները հանվում են, որ այնտեղ մահճակալներ տեղադրեն, այս պահին իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Մարզահամերգային համալիրի տնօրենը:
168.am-ը նույն հարցը ճշտեց պարետի խոսնակ Մանե Գևորգյանից՝ արդյո՞ք պարետատանը քննարկվել է նման հարց և հնարավոր է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված քաղաքացիների մեկուսացման համար մահճակալներ տեղադրվեն նաև Մարզահամերգային համալիրում։
«Պարետատունը դիտարկել է իրավիճակով պայմանավորված տարբեր հաստատություններում քաղաքացիներին մեկուսացնելու հարցը: Բայց հստակ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մահճակալներ տեղադրելու հարց չի քննարկվել»,- ասաց պարետի խոսնակ Մանե Գևորգյանը: