Բաժիններ՝

89 նոր սպանդանոց է կառուցվում. Ֆերմերները տավարաբուծության համար 0 տոկոսով վարկեր կստանան

Այս պահին հանրապետության տարածքում կառուցվում է ծառայություններ մատուցող՝ 68, իսկ սեփական կարիքների օգտագործման՝ 21 սպանդանոց. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

«Սպանդանոցներ կառուցելու գործում ամենաակտիվը Արմավիրի մարզն է՝ 25 սպանդանոց է կառուցվում այնտեղ: Մեր նպատակը ոչ թե շատ սպանդանոցներ ունենալն է, այլ սպանդանոցային հասանելիությունը: Քարտեզ ենք մշակել, աշխատում ենք այս ուղղությամբ»,- ասաց Գաբրիելյանը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով՝ սրան զուգահեռ՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում ֆերմերները, որոնք զբաղվում են տավարաբուծությամբ, գործունեություն ծավալելու համար 0 տոկոսով վարկեր կստանան:

«Նախկինում մեր ֆերմերները կարող էին ձեռք բերել տոհմային կենդանիներ 2 տոկոս վարկային պրոդուկտով, հիմա կարող են ձեռք բերել 0 տոկոսով: Մեկ մենատնտեսի համար վարկի գումարը կկազմի մինչև 300 մլն դրամ: Մարման ժամկետը մինչև 5 տարի է: Ծրագրով կարող են ներկրել 14-17 ամսական էգ մատղաշ և հղի երինջներ: Այն հաշվարկով, որ այդ կենդանիները պետք է ծնեն ու տան արդյունք, մեկ տարի արտոնյալ ժամանակահատված է տրվում վարկի մարման համար»,- ասաց Տիգրան Գաբրիելյանը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալի վկայությամբ՝ 0 տոկոս տոկոսադրույքից կարող են օգտվել նաև տոհմային ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվողները: Ըստ Գաբրիելյանի՝ այս ծրագրով անցած տարիների ընթացքում ձեռք է բերվել 216 տոհմային մանր եղջերավոր անասուն:

«0  տոկոսադրույքով մինչև 900 մլն դրամ վարկ կտրամադրվի մեկ ֆերմերի՝ մեկ տարի արտոնյալ ժամանակով, մինչև 4 տարի մարման ժամկետով»,- ասաց Գաբրիելյանը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն էլ տեղեկացրեց, որ առանձնացրել են խոզաբուծության և թռչնաբուծության համար տրվող վարկեր:

«Դրանք 3-15 մլն դրամանոց վարկեր են, տրվում են 3 տարի մարման ժամկետով, 12 ամիս արտոնյալ ժամանակահատվածով: Մենք մտածում ենք, որ հնարավոր է՝ բանկերն այդտեղ ռիսկ տեսնեն, պետությունը պատրաստակամություն է հայտնում ռիսկը 30 տոկոսով մեղմելու»,- ասաց Խոջոյանը:

Տիգրան Գաբրիելյանը էլ հայտնեց, որ սկսելու են համարակալել անասուններին, ինչն ինքնանպատակ չէ:

«Արդեն ծրագիրը կա, շուտով կներկայացվի Կառավարությանը: Կարծում ենք՝ 2020-ին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կհաշվառենք, որը հետագայում կհեշտացնի պետական օժանդակության ծրագրերի կառուցումը: Սա նաև հնարավորություն կտա հիվանդությունների կանխարգելման և վերահսկման»:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով՝ փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցման համար 231 հայտ են ստացել, մեծ մասը՝ 3-րդ տիպի անասնաշենքերի համար, այսինքն՝ ֆերմերները նպատակ ունեն մեծացնելու իրենց արտադրությունը:

«201-ը տեղազննվել են, համապատասխանել են մեր առաջարկած չափանիշերին: 128-ն արդեն ստացել են հավաստագրեր, 29-ի հետ պայմանագրեր են կնքվել, 6-ն առաջին փուլով փոխհատուցվել են»,- ասաց Տիգրան Գաբրիելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս