Բաժիններ՝

Կառավարությունը կզրոյացնի գյուղատնտեսական վարկերի տոկոսագումարները, իսկ կոոպերատիվներին կտրվի նաև համաֆինանսավորում

Գյուղատնտեսության ոլորտում Կառավարությունը կզրոյացնի բոլոր այն տոկոսագումարները, որոնք առ այսօր սահմանված էին գյուղտնտեսական տարբեր ծրագրերի համար, օրինակ՝ լիզինգային ծրագրեր՝ 2-4 %, Կառավարությունից ստացվող աջակցություն՝ 5 %: Այս ծրագրերից զատ՝ կզրոյացվեն նաև ինտենսիվ այգիների, կարկտապաշտպան ցանցերի և այլ ծրագրերի համար նախատեսված վարկային միջոցների տոկոսագումարները:

Կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, երբ ներկայացնում էր գյուղատնտեսության աջակցության համար մշակված նախագիծը։ Նա նաև պարզաբանեց, որ  Կառավարությունն այս ծրագրով կսուբսիդավորի  արտարժութային  տոկոսագումարները:

«Այս ծրագրի նորությունն այն է, որ կսուբսիդավորվեն նաև միկրովարկերը. մինչև 1 միլիոն դրամի վարկերի տոկոսագումարները կսուբիսդավորվեն և կլինեն, փաստորեն, 0 տոկոսով: Մենք շատ մեծ աջակցություն ենք կատարում նաև դեպի կոոպերատիվ գյուղատնտեսությունը: Եթե ստեղծվեն գյուղտնտեսական կոոպերատիվներ, ապա Կառավարությունը ոչ միայն կֆինանսավորի վարկային տոկոսները, այլև՝ կհամաֆինանսավորի, որի չափերը կախված են լինելու նրանից, թե ինչ ծրագիր է իրականացնում այդ կոոպերատիվը. Օրինակ՝ ամենաշատ համաֆինանսավորման չափ ենք առաջարկել տոհմային անասնաբուծության դեպքում՝ մինչև 300 միլիոն դրամի վարկային աջակցության տեսքով: Եթե մի քանի հոգի որոշի և դիմի տոհմային անասնապահության համար վարկ ստանալու համար, ապա նրանցից յուրաքանչյուրը կարող է դիմել մինչև 200 միլիոն դրամ վարկ ստանալու համար, որի համար կպահանջվի ընդամենը 60 միլիոնի գույքային ապահովություն, մնացած 140 միլիոն դրամի ապահովությունը կտա կառավարությունը»,- ասաց  նախարար Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս