Աշխատանքային փոխհարաբերությունների կարգավորման համար նոր նախագիծ է մշակվում. Սահմանվում է հեռավար աշխատանքը
Ի՞նչ կարգավորումներ են գործում գործատու-աշխատակից փոխհարաբերությունների կարգավորման համար արտակարգ իրավիճակում. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացնում է Աշխատանքային օրենսգրքում առկա հոդվածները.
«Աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածով նախատեսված են պարապուրդի վերաբերյալ կարգավորումները: Պարապուրդի ժամանակ գործատուն իրավունք ունի աշխատողին տեղափոխել այլ աշխատանքի, որը համապատասխանում է իր մասնագիտությանը: Միշտ չէ, որ այդ հնարավորությունն ունենում է գործատուն, այդ դեպքում նա փոխհատուցում է աշխատողին միջին ժամային աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն չափը: Սա այն դեպքերի համար է, երբ ոչ աշխատողի մեղքով է առկա պարապուրդը»,- ասաց Ժորա Սարգսյանը:
Աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է նաև մեկ այլ կարգավորում, որի դեպքում գործատուն պարտավոր չէ վճարել իր աշխատողին:
«186-րդ 6-րդ մասում առկա է կարգավորում, որը վերաբերում է անհաղթահարելի ուժին: Նման ուժի առկայության դեպքում սահմանված է, որ գործատուն չի վճարում իր աշխատողին: Այս երկու հոդվածների միջև առկա են տարընկալումներ, կամ տարբեր գործատուներ և աշխատողներ առաջնորդվում են 107-րդ հոդվածով, մյուսները 186.6-ով՝ համարելով, որ արտակարգ իրավիճակը իրենց համար անհաղթահարելի ուժ է»,- պարզաբանեց նախարարության վարչության պետը։
Այս տարընկալումները հարթելու համար Նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել, որը դեռ քննարկումների փուլում է: Այս նախագծով կսահմանվի նաև, թե ի՞նչ է հեռավար աշխատանքը, և թե ինչպե՞ս պետք է վճարվեն աշխատողները նման դեպքերում:
«Աշխատանքային օրենսգրքում չկա հեռավար աշխատանք հասկացություն կամ վճարումների մասով կարգավորումներ: Շատերը կարծում են, որ բավարար է օրենքի՝ տնաշխատների մասին հոդվածը, սակայն դա այն դեպքերի համար է, երբ ի սկզբանե աշխատանքային պայմանագրով նախատեսված է, որ աշխատանքը պետք է կատարվի տնից: Սահմանվել է, որ հեռավար աշխատանքը դա այն դեպքն է, որ արտակարգ դրությամբ պամանավորված այլևս հնարավոր չէ աշխատանքներ իրականացնել աշխատանքի վայրից, և աշխատողը փոխում է իր աշխատանքի վայրը»,- փոխանցեց Ժորա Սարգսյանը։
Ըստ առաջարկվող օրենքի նախագծի՝ եթե հեռավար աշխատանքի դեպքում պահպանվում է աշխատանքի արդյունավետությունը և սահմանված աշխատաժամանակը, ապա վարձատրությունն էլ մնում է նույնը: Փոփոխություն է նախատեսվում նաև հօգուտ գործատուների՝ նրանք կկարողանան փոխել աշխատանքի ռեժիմն ու վայրը՝ առանց նախապես զգուշացնելու, ինչը մինչ այս պարտավոր էին անել: Ժորա Սարգսյանը ներկայացրեց մի քանի նախատեսվող փոփոխություններ ևս.
«Այն դեպքերում, երբ աշխատողը, արտակարգ դրությամբ պայմանավորված, չի կարողանում ներկայանալ ժամանակին, կամ առհասարակ չի կարողանում ներկայանալ, ապա մեկ անհարգելի բացակայության դեպքում գործատուն չի կարող սեփական նախաձեռնությամբ հեռացնել աշխատողին՝ հաշվի առնելով, որ կարող են մի շարք պատճառներ լինել աշխատանքի հասնել չկարողանալու համար: Եթե աշխատողը չի ներկայացել կամ ներկայացել է ուշացումով, ապա վարձատրվում է փաստացի աշխատած աշխատաժամանակին համապատասխան»:
Նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետը ներկայացրեց նաև, որ մինչև 14 տարեկան երեխաների աշխատող ծնողների համար կգործեն արտոնյալ պայմաններ, քանի որ հանրակրթական դպրոցներում արձակուրդներ են, իսկ ծնողները երեխաներին խնամելու խնդիր ունեն:
«Եթե մինչև 2 ժամ են ուշացումները, ապա աշխատողը պետք է վարձատրվի ամբողջությամբ, եթե գերազանցում է 2 ժամը, ապա վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակահատվածին համապատասխան»,- ասաց Ժորա Սարգսյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետի խոսքով՝ ստեղծված իրավիճակում տնտեսական գործունեության որոշ ոլորտների գործատուներ կարող է կարիք ունենան արտաժամյա աշխատանքի.
«Գործող օրենսգրքով նախատեսվում է, որ իրար հաջորդող օրերի ընթացքում արտաժամյա աշխատանքի ներգրավումը 4 ժամից ավելի չի կարող լինել: Արտակարգ դրության համար նախատեսել ենք, որ այդ ժամանակը կարող է հասնել 8 ժամի»:
Ժորա Սարգսյանը ներկայացրեց, որ ըստ առաջարկվող նախագծի՝ աշխատողները կարող են արտակարգ դրության ընթացքում օգտվել իրենց ամենամյա արձակուրդից, որը գործատուների համար ոչ թե հավելյալ բեռ կլինի, այլ հնարավորություն, որ արտակարգ դրության ավարտից հետո կարողանան աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպել: Առաջարկվող օրենքի նախագիծը հետադարձ ընդունման դեպքում հետադարձ ուժ է ունենալու:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետը նաև հիշեցրեց, որ Կառավարությունը նախատեսում է բիզնեսին աջակցության ծրագրեր: