«Պարապուրդը ևս վճարվում է. Եթե չվճարվեց, ապա գործատուն կտուգանվի». Ժորա Սարգսյան
Այն գործատուները, որոնք կհրաժարվեն վճարել իրենց աշխատողներին հարկադիր պարապուրդի ժամանակ, կտուգանվեն. ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:
«Աշխատողներն ամեն ամիս իրավունք ունեն աշխատավարձ ստանալու, պարապուրդը ևս վճարվում է: Եթե չվճարվեց, ապա գործատուն կտուգանվի չվճարված աշխատավարձի չափով: Նոր խստացումների կարիք չկա, ուղղակի պետք է տարանջատվի, թե որ դեպքում պետք է վճարի գործատուն, որ դեպքում Աշխատանքային օրենսգրքի 186.6 հոդվածի ուժով պարապուրդի դրդողը համարվում է անհաղթահարելի ուժ ու չի վճարվում գործատուի կողմից: Այն դեպքում, եթե ստեղծված պայմաններում գործատուն ինքը չի ցանկանում շարունակել գործունեությունը, բայց ոչ ոք իրեն չի պարտավորեցրել, ապա պետք է վճարի»,- ասաց Ժորա Սարգսյանը:
Այս կարգավորումները կվերաբերեն նաև օրավարձով վճարվողներին, քանի որ օրավարձը դա վճարման ձև է ուղղակի, ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետը: Լրագրողներից մեկի հարցին, թե քանի՞ մարդ կհամալրի գործազուրկների շարքն արտակարգ դրությունից հետո, Ժորա Սարգսյանը պատասխանեց, որ այժմ նման ինֆորմացիայի չեն տիրապետում, բայց երևույթն իրենց ուշադրության կենտրոնում է:
«Կրճատումներ եթե լինեն, այդ ինֆորմացիան միանգամից մեզ հասու չի լինի: Փորձելու ենք գնալ այդ թվերի հետևից: Մեր շահառուներն են համարվում գործազուրկները: Նրանց կառաջարկվեն աշխատանքներ զբաղվածության ծրագրով»,- ասաց Ժորա Սարգսյանը:
Վարչության պետի խոսքով՝ իրենք ահազանգեր ստացել են, որ մարդկանց աշխատանքից ազատում են հաստիքի կրճատման հիմքով, այս հարցը ևս լուծում ունի.
«Եթե աշխատողը համարում է, որ իրեն անհիմն են հեռացրել, ապա երկու ամիս ժամանակ ունի դա դատարանում բողոքարկելու համար: Գիտենք, դա երկար գործընթաց է, 2021թ.-ից դա այլ կարգավորում կունենա: Գործատուն էլ հաստիքի կրճատումից 60 օր առաջ պարտավոր է զգուշացնել աշխատողին իր հաստիքի կրճատման մասին: Եթե չի զգուշացրել, ապա աշխատողին պետք է տույժ վճարի, ինչը, կարծում եմ՝ ավելի քիչ է ձեռնտու գործատուին»:
Մեկ այլ լրագրողների հարցին, թե ի՞նչ պետք է անեն այն աշխատողները, որոնց ստիպում են չվճարվող արձակուրդ գնալ, Ժորա Սարգսյանը պատասխանեց.
«Աշխատողը եթե ցանկանում է, ապա գործատուն պետք է տա չվճարվող արձակուրդ, սակայն այն տրամադրվում է միայն երկու կողմերի համաձայնությամբ, այնպես որ, այս պարագայում «պարտադրել» եզրույթը կիրառելի չէ: Եթե աշխատողը չի ցանկանում չվճարվող արձակուրդի գնալ, ապա գործատուն չի կարող պարտադրել»: