Դիտարկումներ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ազգային ժողովը ս․թ․ մարտի 3-ի հերթական նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի (այսուհետ՝ Նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Օրենքի նպատակը տնտեսական շրջանառությունից ապօրինի ծագում ունեցող գույքը հանելն ու այն օրինական սեփականատիրոջը վերադարձնելն է, իսկ վերջինի բացակայության դեպքում՝ պետությանը: Նախագծի կարգավորման առարկան առանց մեղադրական դատավճռի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունների կարգավորումն է։
Օրենքի նախագծում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք վերաբերվում են, մասնավորապես նախագծի հետադարձ ուժին, «ապօրինի գույք» հասկացությանը և դրա արժեքին, անձանց շրջանակին, ում վրա տարածվում են նախագծով կարգավորվող հարաբերությունները, գույքի բռնագանձման գործընթացին և այդ ընթացքում անձանց հիմնական իրավունքների պաշտպանության երաշխիքներին (մասնավորապես՝ անմեղության կանխավարկածի սկզբունք, սեփականության իրավունք), դատախազության լիազորություններին։
Նախագծի վերաբերյալ «Լույս» հիմնադրամը հրապարակել է մանրամասն դիտարկումներ, որոնց առավել հանրամատչելի և համառոտ շարադրանքը ներկայացնում ենք ստորև։
Հետադարձ ուժը
1․Նախագծի գործողությունը տարածվելու է մինչև դրա ընդունումը Նախագծի իմաստով ապօրինի ծագում ունեցող գույքի նկատմամբ։
Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է, որ ապօրինի ծագում ունեցող է համարվում այն գույքը, որի ձեռքբերումը Նախագծով սահմանված կարգով չի հիմնավորվում օրինական եկամուտներով անկախ Նախագծի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված հանգամանքից:
2․Նախագծին տրվում է հետադարձ ուժ՝ տարածվելով այն անձանց վրա, ովքեր հանդիսացել են «պաշտոնատար անձ»՝ անգամ մինչև Նախագծի ուժի մեջ մտնելը:
Նախագծի 3-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն Նախագծի շրջանակներում պաշտոնատար անձ է համարվում «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող կամ զբաղեցրած անձը կամ այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն զբաղեցրած անձը։ Նախագծով սահմանվում է նաև «համարժեք պաշտոն զբաղեցրած անձ»-ի հասկացությունը: Այդպիսին է համարվում այն անձը, ով «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով չի հանդիսանում պաշտոնատար անձ, բայց իր իրականացրած գործառույթները նույնական կամ նմանատիպ են պաշտոնատար անձի գործառույթներին:
Վերոնշյալ դրույթները նշանակում են, որ օրինակ՝ անձը, ով 1995-2000 թթ․ զբաղեցրել է պաշտոնական դիրք և այդ ընթացքում ենթադրաբար ձեռք է բերել ապօրինի ծագում ունեցող գույք, կարող է ենթարկվել բռնագանձման վարույթին։
Մինչդեռ, ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը բավական լայն սահմանում է տալիս անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժի արգելքին՝ այն տարածելով անձի իրավական վիճակը վատթարացնող բոլոր իրավական ակտերի վրա։ Այսինքն՝ հետադարձ ուժի արգելքը չի սահմանափակվում միայն քրեաիրավական հարաբերությունների ոլորտով։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը նույնպես լայն սահմանում է տալիս հետադարձ ուժի արգելքին՝ այն տարածելով դատավարության մասնակիցների իրավունքները վերացնող կամ սահմանափակող, ինչպես նաև նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող քրեական դատավարական օրենքների վրա։
«Ապօրինի գույք» հասկացությունը
Նախագիծը սահմանում է՝ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 25․000․000 ՀՀ դրամը (մոտ 50 000 ԱՄՆ դոլար)։ Հարկ է նշել, որ, ի սկզբանե, 25-ի փոխարեն այդ շեմը 50 միլիոն դրամ էր։ Շատ մասնագետներ մտահոգություն են արտահայտել այս իրավակարգավորման վերաբերյալ, քանի որ հաշվի չեն առնվում մեր երկրի առանձնահատկությունները։ Խոսքը, մասնավորապես, գնում է 90-ականների մասին, երբ գույքի ծագման փաստաթղթավորումը նորմալ կանոնակարգված չէր և գործարքները հիմնականում կատարվում էին առձեռն վճարումով։ Նման պայմաններում սեփականություն ձեռք բերած անձին դժվար է լինելու ապացուցել իր գույքի օրինականությունը։
Նախագիծը նաև նախատեսում է, որ գույքի շուկայական արժեքի մեջ հաշվարկվում են նաև գույքի բարելավումները, եթե դրանք անհնար է առանձնացնել գույքից՝ անկախ այդ բարելավումն իրականացնելու համար օգտագործված եկամտի օրինականությունից։ Օրինակ՝ պաշտոնատար անձն ենթադրաբար ապօրինի կերպով ձեռք է բերել գույք, որի արժեքը չի գերազանցում 25 միլիոնը։ Եթե հետագա բարելավումների արդյունքում, սակայն, դրա արժեքը գերազանցում է 25 միլիոնը դրամը, ապա այն դառնում է գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում բռնագանձվելու ենթակա գույք, հակառակ պարագայում՝ ոչ։
Անձանց շրջանակը, ում վրա տարածվում են նախագծով կարգավորվող հարաբերությունները (փոխկապակցված անձիք)
Մտահոգիչ է Նախագծում տրված նշված փոխկապակցված անձանց հասկացությունը։ Այս անձանց շարքին են դասվում հանրային ծառայողի ընտանիքի անդամները, մերձավոր ազգականները, ժառանգները, բոլոր նրանք, ում հետ պաշտոնատար անձը վարում է ընդհանուր տնտեսություն կամ ձեռնարկատիրական գործունեություն։
Ըստ Նախագծի մերձավոր ազգականներ են համարվում ընտանիքի անդամը, ծնողը, քույրը, եղբայրը (այդ թվում՝ համահայր կամ համամայր), տատը, պապը, թոռները, հորեղբայրը, մորաքույրը, հորաքույրը, մորեղբայրը և նրանց ընտանիքի անդամները, անձի ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան և հարսը։ Պատկերացնենք իրավիճակ՝ անձը գնել է գույք շուկայական արժեքից ցածր գնով և այդ անձի մորաքրոջ ընտանիքի անդամներից մեկը հանդիսանում է կամ հանդիսացել է պաշտոնատար անձ։ Նման պարագայում օրենքի գործողությունը կտարածվի նաև այդ անձի վրա։
Միաժամանակ, Նախագիծը չափազանց լայն դաշտ է բացում դատախազության համար ցանկացած անձի մասին, ցանկացած տեղեկություններ հավաքելու առումով, այդ թվում՝ բանկային և առևտրային գաղտնիք կազմող։ Նախագծի 12-րդ հոդվածով անձի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու շրջանակում իրավասու մարմնին տրված է լիազորություն՝ դատարանին դիմում ներկայացնելու միջոցով ստանալու բանկային և հարկային գաղտնիք համարվող տեղեկություններ: Հաշվի առնելով Նախագծում պաշտոնատար անձ և փոխկապակցված անձ հասկացություններին տրված չափազանց լայն սահմանումը՝ այս նորմը կարող է ունենալ բավական հեռուն գնացող միջամտություն այլ անձանց իրավունքների նկատմամբ:
Անմեղության կանխավարկածի սկզբունքը
Չնայած այն հանգամանքին, որ Նախագծով առաջարկվող գործընթացը տեղի է ունենալու քաղաքացիական դատավարության շրջանակներում, այնուամենայնիվ, այն ունի «քվազիքրեական» բնույթ։ Դա նշանակում է, որ անձիք, ում հանդեպ վարույթ է սկսվում, ունեն իրավունքների հատուկ պաշտպանության անհրաժեշտություն։ Մինչդեռ քաղաքացիական դատավարությունը կառուցվում է կողմերի լիարժեք մրցակցության սկզբունքի վրա, որի պայմաններում դժվար է խոսել Նախագծով նախատեսված խոցելի իրավահարաբերության ոլորտում կողմի բավարար դատավարական պաշտպանվածության մասին։
Այս ամենը վկայում է այն մասին, որ Նախագծով նախատեսվող գործընթացը խախտում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, համաձայն որի՝ «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: Նշված նորմից հստակ երևում է, որ մեղքի ապացուցման բեռը դրված է պետական մարմնի վրա։
Դատախազության լիազորությունները
Նախագծով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով իրավասու մարմին է նախատեսվում ՀՀ գլխավոր դատախազությունը։ Սակայն հարց է առաջանում, արդյո՞ք դա համադրելի է ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված դատախազության լիազորությունների հետ։ Սույն հոդվածի հոդվածի 3-րդ մասը պետական շահերի պաշտպանության հայցի հարուցումը դիտարկում է ոչ թե որպես դատախազության ստանդարտ գործառույթ, այլ որպես բացառիկ դեպքերում իրականացվող գործառույթ, իսկ այդ դեպքերի շրջանակն ու այդ գործառույթի իրականացման ընթացակարգը պետք է հստակեցվեն «Դատախազության մասին» օրենքով:
Նախագծում որևէ կերպ չի հիմնավորվում, թե ինչպես է դատախազությանը վերապահվող այս նոր գործառույթը տեղավորվում պետական շահերի պաշտպանության նրա սահմանադրական գործառույթների մեջ:
Վերոհիշյալի համատեքստում նաև մեկ այլ սահմանադրական խնդիր է ծագում․ Սահմանադրության 178-րդ հոդվածի առանձին հոդվածով սահմանում է քննչական մարմինների կարգավիճակը: Նախագծով դատախազությանը վերապահվող այս նոր գործառույթները, որոնք, ըստ էության, իրենց բնույթով քննչական են, խախտում են քննչական մարմինների սահմանադրական իրավասությունների ոլորտը։
Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ընթացակարգը
Նախագիծը խիստ խնդրահարույց է գույքի բռնագանձման ընթացակարգերի տեսնկյունից և թույլ է տալիս անձի մի շարք հիմնական իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտություն։
- Միջազգային պրակտիկայում առանց մեղադրական դատավճռի բռնագրավումը դիտարկվում է որպես բացառիկ միջոց այն դեպքերի համար, երբ քրեական հետապնդումն անհնարին կամ դժվար է մի շարք հանգամանքների պատճառով, որոնք թույլ են տալու անձին խուսափել քրեական հետապնդումից։ Մինչդեռ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը Նախագծով հնարավոր է համարվում քրեական վարույթին զուգահեռ և անգամ դրանից անջատ, ինչը խիստ խնդրահարույց է։ Անգամ արդարացման դատավճռի կայացումը կամ քրեական հետապնդումը արդարացնող հիմքով դադարեցնելը հիմք չի դիտվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի դադարեցման համար (հոդված 10, մաս 4):
- Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ուսումնասիրություն սկսելու համար հիմք է բավարար տվյալների առկայությունը, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ ձեռք է բերվել ապօրինի ծագում ունեցող գույք։ Շատ խնդրահարույց է «առկա են բավարար հիմքեր կասկածելու» ձևակերպումը, քանի որ սահմանված չէ, թե որ դեպքում են կասկածները համարվում հիմնավորված և որ դեպքում՝ ոչ։
- Նախագծի կարգավորումներով, անձի գույքի ողջ ուսումնասիրության գործընթացը կատարվում է առանց նրա իմացության (հոդված 9, հոդված 12, մաս 8), ինչը մեծ ռիսկեր է ստեղծում Սահմանադրությամբ երաշխավորված մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության հիմնական իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտության։
- Նախագծով պետությանն իրավասություն է վերապահվում իր տիրապետմանն անցած շուտ փչացող կամ գույքի արժեքի պահպանման համար էական ծախսեր պահանջող շարժական գույքը դատարանի թույլտվությամբ օտարելու: Այսինքն՝ հնարավոր է առանց մարդու գույքի ծագման օրինականության վերաբերյալ դատարանի վճռի այն օտարել, ինչը խնդրահարույց է Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով, որի համաձայն ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:
Թիրախավորվող հանցագործությունները
Նախագծով գույքի ապօրինի բռնագանձման գործընթացի համար հիմք հանդիսացող թիրախավորվող հանցագործությունների շրջանակը չափազանց լայն է՝ ներառելով այնպիսի հանցատեսակներ (օրինակ՝ ընտրողներին կաշառք տալը, վարկը ոչ նպատակային օգտագործելը, առևտրային կաշառքը, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, արհեստավարժ մարզամրցումներին և հանդիսավոր առևտրային մրցումների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը), որոնք վերացական եզրեր ունեն այն հանցատեսակների հետ, որոնց պարագայում է միջազգային պրակտիկայում սովորաբար թույլատրելի և հիմնավորված է համարվում գույքի բռնագանձման այս արտակարգ մեխանիզմի կիրառումը։ Մինչդեռ Նախագծով հանցատեսակների լայն շրջանակ նախատեսելը կարող է խնդրահարույց լինել՝ հաշվի առնելով նաև անձի հիմնական իրավունքներին միջամտության այն լայն հնարավորությունները, որը Նախագծով նախատեսվում է։
«Լույս» հիմնադրամի փորձագիտական խումբ