Բաժիններ՝

Տարեցները կորոնավիրուսով վարակման ամենառիսկային խումբն են, երիտասարդների համար այն վտանգավոր չէ. Ն. Փաշինյան

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ որոշում էր կայացվել՝ կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթաց ապահովելու համար կենսաթոշակները և նպաստները հասցնել շահառուի բնակության վայր «Հայփոստ»-ի աշխատակիցների միջոցով:

Ֆեսբուքյան ուղիղ միացման ժամանակ այս հարցին անդրադառնալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որոշման պատճառը,«հասկանալիորեն և բնականորեն»,տարեցների՝ կորոնավիրուսով վարակման ամենառիսկային խումբ լինելն է:

«Մենք եկել ենք այն եզրակացության, որ թոշակների բաժանման պրոցեսը, հնարավոր է՝ ամենառիսկայինը լինի կորոնավիրուսի տարածման առումով, և այդ պատճառով որոշել ենք էնպես անել, փորձել կազմակերպել, որ մեր սիրելի թոշակառուները կարիք չունենան գալ և կուտակվել փոստային բաժանմունքներում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այն մարդիկ, ովքեր գումարն անկանխիկ են ստանում, կշարունակեն ստանալ այդ եղանակով: Մյուսներին կայցելեն «Հայփոստ»-ի աշխատակիցները՝ պաշտպանական դիմակներով, և կբաժանեն գումարը:

«Պետք է արձանագրենք, որ անկախ մեր կամքից՝ բազմաթիվ քաղաքացիներ այս ընթացքում վարակվել են կորոնավիրուսով, բուժվել են, առողջացել են, անցել են դրանով բնական պատվաստման պրոցես, բայց իրենք էլ նույնիսկ դրա մասին  տեղյակ չեն եղել: Եվ ահա առնվազն այս սեգմենտի մասով կարող ենք վստահաբար ասել, որ երիտասարդության մասով կորոնավիրուսն էդքան վտանգավոր չէ, և որևէ կասկած չկա, որ մենք միասին իրար աջակցելով՝ կհաղթահարենք այս իրավիճակը»,-հավելեց Ն. Փաշինյանը:

Այդուհանդերձ, վարչապետը հորդորում է կորոնավիրուսով պայմանավորված՝ ճգնաժամն ընկալել՝որպես զրոյական կետ, և դրա վրա հենվելով՝ հասնել նոր քաղաքակրթական մակարդակի և կառուցել նոր երկիր:

«Եվ էլի ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք կորոնավիրուսի այս ճգնաժամը պետք է ընկալենք՝ որպես մի զրոյական կետ, որպես մի նոր հնարավորությունների մեկնակետ, որի վրա հենվելով՝ պիտի կառուցենք նոր երկիր, նոր իրականություն, նոր հարաբերություններ: Մենք բոլորս պետք է քաղաքակրթության մի նոր մակարդակի հասնենք: Իհարկե, սրա համար հարկավոր է նախ հաղթահարել զուտ առողջապահական պրոբլեմը, որից հետո աշխատել, կենտրոնանալ,ջանք թափել մնացած խնդիրների լուծման վրա»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս