ՄԻՊ-ին առընթեր ստեղծվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խորհուրդ
Մարդու իրավունքների պաշտպանը նախատեսում է ստեղծել պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության փորձագիտական խորհուրդ: Խորհրդի նպատակներից են հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ հարգանքի խրախուսումը, մարդու իրավունքներից և ազատություններից լիարժեք և հավասարապես օգտվելու հնարավորությունների, անկախ ապրելու, միջավայրային արժանապատիվ ներգրավվածության երաշխավորումը, մասնակցությունը որոշումների կայացմանը և այլն:
Խորհրդի անմիջական խնդիրներից են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավվածության ապահովումը, համակարգային խնդիրների վեր հանումը և դրանց լուծման առաջարկների ներկայացումը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետությանն ուղղված հետազոտությունների, վերլուծությունների իրականացումը և այլն:
Խորհրդի հայեցակարգի, գործառույթների, խորհրդի աշխատանքներին քաղաքացիական հասարակության ներգրավման հարցերն ավելի վաղ քննարկվել են պաշտպանի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտի ՀԿ-ների և անկախ մասնագետների հետ:
Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Պաշտպանին է վերապահված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելումը և պաշտպանությունը:
2019 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին: Այն ապահովում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, չհայտարարված այցերի, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման պաշտպանի գործառույթների իրականացումը: