
«Երեկ դեղատներում շրջայցի արդյունքում արձանագրեցինք, որ սպիրտի և ալկոգելի պակաս կա դեղատներում». Նիկոլ Փաշինյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում էր Երևանի խանութներով, դեղատներով՝ հասկանալու համար, թե ինչպիսի՞ իրավիճակ է, կամ կա՞ արդյոք սննդի կամ դեղորայքի պակաս:
«Երեկ դեղատներում շրջայցի արդյունքում արձանագրեցինք, որ սպիրտի և ալկոգելի պակաս կա դեղատներում: Այսօր ես պարզել եմ, որ Հայաստանում օրը 11.000 լիտր սպիրտ է վերամշակվում, դրա մի մասը՝ մոտ կեսը,գնում է ալկոգելի արտադրությանը, և սկզբունքորեն այն փաստը, որ կան դեղատներ, որտեղ ալկոգել չկա, վկայում է այն մասին, որ ալկոգելի ուղղությամբ մենք խուճապային գնումների հետ ենք գործ ունեցել, և մեր հաշվարկները ցույց են տալիս, արտադրության և վաճառքի տվյալները ցույց են տալիս, որ այսօր մեր սիրելի հայրենակիցների տներում ահռելի մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված»,-առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ասաց վարչապետը:
Փաշինյանը նորից նշեց, որ կա ալկոգելիտեղական արտադրող, այն տեղում է արտադրվում, ու արտադրությունն ընթանում է ամբողջ ծավալով: Ըստ Փաշինյանի՝ ալկոգելի դեֆիցիտը,ըստ էության,«խուճապային դեֆիցիտ է»:
Վարչապետը նաև հայտնեց, որ տեղեկություն կա, որ առաջիկա օրերին ալկոգել արտադրողտեղական 3 ընկերություններին միանալու է նաև 4-րդ ընկերությունը:
Փաշինյանի դիտարկմամբ՝ երկրում ալկոգելի պակաս չկա: Հնարավոր է, որ խնդիր կա Փոքր կենտրոնի դեղատներում, բայց ոչ՝ ամբողջ քաղաքում