
Հայկական Krisp-ն աշխարհում հեռահար աշխատանքի ծրագրերի առաջին հնգյակում է

Կորոնավիրուսը շարունակվում է բռնկվել ամբողջ աշխարհով։ Մեծ ընկերություններն արդեն 2 շաբաթից ավելի հորդորում են իրենց աշխատակիցներին աշխատել տնից, իսկ մի շարք կրթական հաստատություններ էլ տնից են կազմակերպում ուսուցումը։
Հայկական Krisp ընկերությունն իր աղմուկի հեռացման հավելվածով հայտնվել է Ֆորբս պարբերականի լավագույն 5 հավելվածների շարքում։
«Կարող եք լսել և խոսել առանց աղմուկի: Ես դեռ չեմ ուսումնասիրել, թե ինչպես է այն աշխատում, բայց կայքը նշում է, որ սա աշխարհի լավագույն նորարարական տեխնոլոգիան է, որն աշխատում է Deep Neural Network-ով։ Նրանք խոստանում են, որ ձեր հեռախոսազանգերից որևէ մեկը չի պահպանվելու կամ ուղարկվելու․ ամեն ինչ մշակվում է ձեր սարքի վրա»,- գրում է «Ֆորբս» պարբերականի լրագրողը։
Ծրագիրը հիմնված է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեթոդների վրա:
«Ունենք աղմուկների ձայնային մեծ բազա, մարդկային բազմաթիվ ձայներ, ձայնագրություններ, և դրանց շնորհիվ ստացել ենք տվյալների այն շտեմարանը, որն օգտագործում ենք նեյրոնային ցանցի ուսուցման համար: Նեյրոնային ցանցը մեր ստեղծածն է, որին սովորեցրել ենք մարդկային ձայնն աղմուկից տարբերելու հմտությունը: Փաստացի մենք համակարգչին «սովորեցնում» ենք աղմկոտ ձայնագրության մեջ տարբերակել մարդու ձայնը։ Հեռախոսազրույցի ընթացքում ձայնն իրական ժամանակում սերվերի միջոցով մշակվում է ու ենթարկվում որոշակի փոփոխությունների: Արդյունքում՝ առանց աղմուկի ձայնը փոխանցվում է խոսակցին»,- 168.am-ի հետ զրույցում նշել է Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։
Հայկական Krisp հավելվածը հասանելի է արդեն iOS-ի համար։
Հավելվածն iOS-ի օգտատերերին առաջարկում է՝
- Անաղմուկ բիզնես և կոնֆերենս զանգեր
- Միացում Webex, Zoom և Hangouts-ի միթինգներին մեկ հպումով
- Օրացույցում առկա բոլոր միթինգներն ավտոմատ կերպով հայտնվում են Krisp-ի ցուցակում
- Զանգեր ԱՄՆ-ում և Կանադայում ցանկացած հեռախոսային համարի
- Զանգեր ցանկացած տեղից՝ փողոցից, ռեստորանից կամ երեխաների մոտից։
Այս պահին հավելվածը տալիս է շաբաթական 60 րոպե անվճար զանգելու հնարավորություն։
Ընկերությունից նաև տեղեկացրել են, որ պատրաստվում են անվճար փաթեթներ տրամադրել հայկական կազմակերպություններին։
Հայկական ընկերության մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ 168․am-ի անդրադարձում:
Սիրարփի Աղաբաբյան