
Որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել․ Կենտրոնական բանկ

Հայաստանի կենտրոնական բանկը հայտնում է, որ մարտի 16-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել: Ներկայացնում ենք ՀՀ ԿԲ-ի տարածած հայտարարությունը․
«ՀՀ կենտրոնական բանկը, հետևելով ստեղծված իրավիճակին, կապի մեջ է առևտրային բանկերի հետ, որոնց կողմից իրենց որոշումներով փակվել են միայն Երևան քաղաքի առևտրի կենտրոններում (մոլերում) գտնվող որոշ մասնաճյուղերը՝ այդ առևտրի կենտրոնների աշխատանքի ժամանակավոր դադարեցման կապակցությամբ, ինչպես նաև
- ՎՏԲ Հայաստան բանկի Էջմիածին մասնաճյուղը,
- Ամերիա բանկի Էջմիածին մասնաճյուղը,
- Յունիբանկի Էջմիածին մասնաճյուղը,
- Այ Դի բանկի Էջմիածին մասնաճյուղը,
- Ակբա Կրեդիդ Ագրիկոլ բանկի Էջմիածին և Մեծամոր մասնաճյուղերը:
Էջմիածին քաղաքում իրենց գործունեությունն են շարունակում իրականացնել մի շարք այլ բանկերի մասնաճյուղեր, մասնավորապես՝ Արդշինբանկ, Հայէկոնոմբանկ, Կոնվերս բանկ, Արարատ բանկ: Վերոնշյալ առևտրային բանկերի մասնաճյուղերում իրականացվում է հաճախորդների բնականոն սպասարկում՝ կիրառելով Առողջապահության նախարարության կողմից ուղենշված անվտանգության համապատասխան կանոնները:
Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ մի առևտրային բանկի մասնաճյուղ չի կարող փակվել առանց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի որոշման»,- ասված է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հայտարարության մեջ: