Բաժիններ՝

Քավության նոխազը` որպես իշխանությունների համար փրկօղակ

Դաժան իրողություն է, բայց փաստ՝ այն, որ Հայաստանը տարբեր պատճառներով չխուսափեց կորոնավիրուս կոչված վարակի` երկիր ներթափանցումից, և արդեն ունենք շուրջ երեք տասնյակի հասնող կորոնավիրուսի հաստատված դեպքեր, հիմնական շրջանակը` հանրահայտ Էջմիածնի նշանդրեքից:

Թիրախավորելու նկատմամբ մեծ հակում ունեցող մեր հասարակության ու հատկապես իշխանությունների համար երկնային պարգև էր էջմիածնի վարակակիր կինն ու նրա ընտանիքի կազմակերպած միջոցառումը. Ինչ լավ է, մեղավորը կա, մի լավ կբզկտեն, մարդու կյանքը կթունավորեն, հետո սովորության համաձայն` կգան չթիրախավորելու, մարդու անձնական կյանք չներխուժելու հորդորները, ու բոլորը կմոռանան, կամ ոմանք չեն մոռանա, որ ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ վարչապետն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց դեպքը, և փոքր Հայաստանի ու առավել փոքր Էջմիածնի պարագայում րոպեների հարց էր կնոջն իդենտիֆիկացնելը: Չբավարարվելով տեսական հայհոյանքներով ու անեծքներով` որոշ փոքրոգի մարդիկ, նաև՝ լրատվամիջոցներ, սկսեցին տարածել կնոջ լուսանկարներն ու այդ միջոցառման կադրերը, որ մարդիկ ավելի հասցեական ու ըստ էության քառատեն այդ կնոջը:

Ցավալի է, բայց պիտակավորելու գայթակղությանը տրվեցին նաև մեր որոշ գործընկերներ` լրագրողներ, ովքեր, թերևս, ամենալավը պետք է հասկանային, թե ինչի կարող է բերել նման վարքագիծը:

Եվ այդ նույն կնոջը հալածողները, չգիտես ինչու, մոռանում են, որ, եթե այդ կինն իր միջոցառմանը 30 հոգի էր հրավիրել, ապա երկրի գործող իշխանությունները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն այն ժամանակ, երբ վարակի հաստատված դեպքեր էին առկա, հազարավոր մարդկանց կոչ էին անում գալ ու մասնակցել իրենց կազմակերպած քարոզարշավին: Արդյունքում` ունենք արդեն մեղրեցի վարակակիր, ով այդ օրերին նաև Վայքում էր եղել, սննդի կետում, ուր եղել էին վարչապետը, բազմաթիվ լրագրողներ, օպերատորներ, հանրահավաքների կազմակերպիչներ, վարչապետի շրջապատը և այլք, շատերը, և դեռ հայտնի չէ, թե այդ շքերթի արդյունքում որքան վարակակիրներ դեռ կհայտնաբերվեն:

Եթե Երևանում` եկեղեցում, պատարագին մի սրահի չափ մարդ կար, ինչը, իհարկե, հարմար առիթ էր եկեղեցին կրկին թիրախավորելու համար, ու ոմանք չէին խուսափում անգամ եկեղեցին պետությանը թշնամի համարելուց, կրկնում ենք, ապա իշխող ուժի կազմակերպած հանրահավաքներին ներկա մարդկանց, դրանց ընթացքում համբույրների ու գրկախառնությունների թիվը բազում անգամներ ավելի մեծ էր և, ուրեմն, նույնքան մեծ՝ իշխանությունների սոցիալական անպատասխանատվության չափը:

Երեկ արդեն Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հետո նաև՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ արեցին չթիրախավորել էջմիածնեցի կնոջը, չմտնել նրա անձնական կյանք:

«Չի կարելի թիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը: Խնդրում եմ դադարեցնել Էջմիածնում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը: Այս պատասխանատու ժամանակաշրջանում անչափ կարևոր է անձնական տվյալներ հրապարակելուց զերծ մնալը: Չի կարելի հրապարակել վարակակիր կամ վարակի կասկած արձանագրած մարդկանց նույնականացնող տվյալներ: Պետք է հիշել, որ բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումով ու նույնականացումով մարդու անձնական կամ ընտանեկան կյանքը դարձնում ենք թիրախավորման ու վիրավորանքի առարկա»,- մասնավորապես գրել էր ՄԻՊ Արման Թաթոյանը:

Իր հերթին՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն էլ գրել էր. «Խնդրում, հորդորում և պահանջում եմ զերծ մնալ մեր համաքաղաքացու հասցեին հնչող վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև վերջինիս լուսանկարները տարածելուց. դա դատապարտելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական տեսանկյունից»:

Ի՞նչ չի արել Էջմիածինցի կինը, որ պետք է աներ

Իսկ ի՞նչ էր եղել իրականում, և արդյո՞ք այդ կինը մեղավոր էր այնքան, որքան որ ներկայացվում է:

168.am-ի տեղեկություններով` Էջմիածին քաղաքի բնակչուհին, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք նշում, Իտալիայից Հայաստան էր ժամանել ս/թ փետրվարի 29-ին: Մինչև մարտի 5-ն իրեն շատ լավ է զգացել, որևէ գանգատ չի ունեցել: Այդ ընթացքում զբաղվել է իր զավակի ընտանիք կազմելուն առնչվող հարցերով, իր համար, յուրաքանչյուր ծնողի համար շատ պատասխանատու, հաճելի հոգսերով: Մարտի 5-ին վատ է զգացել, հրավիրել է բժիշկ, տանը բժիշկն ախտորոշում է գրիպ, նշանակումներ է կատարում գրիպի դեմ: Կինը կատարում է բոլոր այն ցուցումները, որն իրեն տվել էր բժիշկը: Վիճակը կայունանում է, և մարտի 8-ին կինը մասնակցում է նախօրոք պլանավորած ընտանեկան միջոցառմանը:

Մարտի 9-ին կնոջ ինքնազգացողությունն ավելի է վատանում, և վերջինս դիմում է Էջմիածնի հիվանդանոց, ուր ենթարկվում է ռենտգեն հետազոտության: Այնտեղ տեսնում են, որ կնոջ թոքի մասը մգացած է: Այդ ժամանակ հիվանդանոցի բժիշկները կնոջը խորհուրդ են տալիս դիմել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, ինչը և անում է: Ինչպես Նորքի ինֆեկցիոնում, այնպես էլ առաջնային օղակներում կինը տեղեկացնում է, որ վերադարձել է Իտալիայից: Հանձնում է կորոնավիրուսի թեստ, սակայն, քանի որ այդ ժամանակ այս նոր թեստերը չեն լինում, իսկ նախկին թեստերի արդյունքները 3 օրում էին պարզ լինում, վերադառնում է տուն, կրկին անկողնային ռեժիմ է ընդունում, սիստեմաներ է ստանում: Մարտի 11-ին նոր Նորքի ինֆեկցիոնում ստացվում են կնոջ հանձնած թեստի պատասխանները, և արդեն իսկ արվում են հետագա գործողությունները. կնոջը շտապ օգնության մեքենայով տեղափոխում են հիվանդանոց: Բնականաբար, հայտնաբերում են նաև շփման շրջանակը: Մնացածը հայտնի է բոլորին:

Ի դեպ, պատմում են, որ, երբ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում բժշկական անձնակազմն իմանում է, որ նա նոր է վերադարձել Իտալիայից, իրար են խառնվում՝ փախեփախ խուսափելով կնոջ հետ առնչվելուց… Նույնիսկ ռենտգեն հետազոտության համար՝ կոպիտ տոնով հրահանգում են կանգնել և որևէ բանի չդիպչել… նույնիսկ ռենտգենի սարքին: Կինը նրանց ասում է, որ չափազանց վատ է զգում, ի վիճակի չէ ինքնուրույն՝ առանց օգնության, տեղաշարժվել կամ ոտքի վրա կանգնել…

Երեկ չէ առաջին օրը դեռ, ըստ մեզ հասած տեղեկությունների, կինը լավ չէր, երեկ վիճակը բավականին կայունացել էր, սակայն առավել մտահոգիչ է կնոջ հոգեկան վիճակը, ով կարդում է այն անեծքների ու հայհոյանքների տեղատարափը, որը թափվում է իր գլխին, էլ չենք խոսում նրան քրեական պատասխանատվության ենթարկելու կոչերի մասին, այնինչ, ըստ իրեն, ինքն ամեն ինչ արել է հավուր պատշաճի, չի թաքցրել հիվանդությունը, դիմել է՝ ուր հարկն է, չի խուսափել մեկուսացվելուց ու բուժումներից:

«Էլ ի՞նչ պիտի անեի, որ չեմ արել»,- տարակուսում է կինը` մեզ հասած տեղեկություններով: Ինքն իր հիվանդությանը վերաբերվել է՝ որպես գրիպի, քանի որ հենց բժիշկն է նրան ասել, որ սովորական գրիպ է:

Ավելին, համապատասխան գերատեսչությունները պարտավոր էին Իտալիայից ժամանող ինքնաթիռների բոլոր ուղևորներին պարզապես մեկուսացնել՝ հաշվի առնելով վտանգները, ոչ թե ողջ մեղավորությունը բարդել քաղաքացու վրա:

Այսօր, ըստ մեր աղբյուրների, այդ կինն ավելի ծանր ապրումներ է ունենում, երբ կարդում է սոցիալական ցանցերում իր հասցեին հնչող մեղադրանքները, անեծքներն ու հայհոյանքները:

Բայց այս ամենը կապ չունի, միևնույն է, ԱՄՆ-ում «խիզախ կին» մրցանակ ստացած, «խեղված ճակատագրերով» «բռնաբարված» կանանց անձնուրաց պաշտպան Լյուսի Քոչարյանի համար այդ կինը «խոզ տականք» է, հո «բռնաբարված» կին չի՞, որ իր պաշտպանության տակ առնի:

Կարևորը՝ մեղավորը կա, ու այդ մեղավորն իշխանությունները չեն, բնականաբար, ովքեր տևական ժամանակ անլուրջ ու անպատասխանատու մոտեցում էին ցուցաբերում թե կորոնավիրուսին, թե նրա տարածման հավանականությանը:

Հ.Գ. Ի դեպ, պատմում են, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օրերս այցելել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, սակայն խուսափել է մոտենալ հիվանդներին և զրուցել նրանց հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս