Կտրում ենք ծառերն անտառի

Դեդեկտիվի սիրահարներին, հարկավ, տնտեսական վիճակագրության իրավախախտումների բաժինը դուր կգա: Այս հատվածում ինչ ասես՝ չես գտնի: Օրինակ, թե քանի մարդ է ձերբակալվել, քանիսը՝ կալանավորվել, նրանցից քանիսը որքան ժամանակ են գտնվել կալանքի տակ, քանի գործ է ուղարկվել դատարան, և այդպես շարունակ: Իրավախախտումների մեջ կա նաև «Բնապահպանության իրավախախտումներ» բաժին: Նախորդ տարիներին մեր վիճակագրությունը հրապարակում էր թե 100 հազար բնակչի հաշվով բնապահպանության որ ոլորտում քանի իրավախախտում է արձանագրվում:

Օրինակ, 2018թ. ջրային պաշարների ոլորտում այս ցուցանիշի դիմաց 1.2 գործակից է նշված: Իսկ կենդանական աշխարհի  դեմ (կամ ոլորտում) 100 հազար բնակչի հաշվով՝ 2 գործակից-հանցագործություն է գրանցվել: Այս իմաստով ամենազանգվածայինը բուսական աշխարհի դեմ հանցագործությունների քանակն է:

Այն իսկապես նկատելի (գուցեև՝ հասարակական) մասշտաբ ունի` 25,8: Ասել է թե՝ անտառհատումները մեր ժամանակներին բնորոշ բնապահպանության իրավախախտումներից են: Հնարավոր է՝ այս պատճառով 2019-ի սոցիալ-տնտեսական հաշվետվության մեջ այս գործակից-ցուցանիշը չեք գտնի: Մասնագետի համար այն հաշվառելը որևէ բարդություն չի ներկայացնի: Բայց վիճակագիրները որոշել են այս ցուցանիշը մի թեթև «թաքցնել» պատահական ընթերցող-աչքից: Փոխարենը՝ նոր ու գուցե ավելի հետաքրքիր ու պիտանի տվյալներ են հրապարակում:

Օրինակ, ծառահատումների մասին նախկինում կարող էինք իմանալ վնասի ֆինանսական չափը և արձանագրված իրավախախտումների ընդհանուր քանակը: Բնապահպանական իրավախախտումների քանակն աճել է: 2018-ի 1089 դեպքի փոխարեն՝ 2019-ին արձանագրվել է 1863 դեպք: Պետք է ասել, որ դրանց հիմնական մասը բաժին է ընկնում բուսական աշխարհին: 2018թ. բուսական աշխարհի «հանդեպ» արձանագրվել էր իրավախախտման 767 դեպք: 2019-ին, չնայած հսկողության խստացման և «հասարակական գիտակցության բարձրացման»՝ իրավախախտումների քանակը կտրուկ աճել է` 1121 դեպք: Վնասի հատուցման արձանագրված չափերն էլ են համապատասխանաբար փոփոխվել:

2018-ի վնասի չափը մոտ 1619 մլն դրամ էր: Իսկ անցած տարի այն աճել է՝ կազմելով մոտ 2655 մլն դրամ: Հիմա տեսնենք, թե անցած տարվա վիճակագրության մեջ ի՞նչ նոր տվյալներ են հայտնվել: Արդեն բուսական աշխարհի ընդհանուր բաժինը տրոհվել է առանձին մասերի: Պաշտոնապես հրապարակվում է, թե ապօրինի քանի ծառ է հատվել և որքան խմ ապօրինի ձեռք բերված փայտանյութ հայտնաբերվել: Նախ նշենք, որ անցած տարի ապօրինի ծառահատումների արձանագրած վնասը կազմել է 1 մլրդ 204 մլն 162.5 հազար դրամ:

Ապօրինի ձեռք բերված փայտանյութի արժեքը գնահատվել է 245 մլն 975.4 հազար դրամ: Մի կողմից՝ կարելի է ասել, որ պատկառելի թվեր են: Մյուս կողմից՝ դժվար է չհամաձայնելը, որ խոսքը հասարակական մասշտաբ ունեցող գործընթացների մասին է: Այս տարի վիճակագրությունը հատի ճշտությամբ նշում է պատկան կառույցների հայտնաբերած ապօրինի հատված ծառերի քանակը: Արձանագրված թիվը հետևյալն է` 16.818 ծառ: Վիճակագրությունը տրված է՝ ըստ վարչատնտեսական բաժանումների: Ապօրինի հատումներով առաջատարը, բնականաբար, ամենաանտառապատ մարզերն են: Ճիշտ այնպես, ինչպես ապօրինի ձկնորսության «առաջատարը» Գեղարքունիքի մարզն է: Ձկան ապօրինի մոտ 5 տոննա որսի մոտ 2.63 տոննան արձանագրվել է այս մարզում (ձկան ու կենդանիների աշխարհի տարաբաշխված վիճակագրությունն էլ է այս տարի առաջին անգամ հրապարակվում):

Վերադառնանք ապօրինի հատված ծառերին: Այս հարցում «առաջատարը», բնականաբար, Տավուշի և Լոռվա մարզերն են: Բնականաբար, ոչ միայն այն պատճառով, որ ամենախիտ անտառածածկ ունեցող մարզերն են: Այլ նաև այն պատճառով, որ աղքատության, գործազրկության ու համանման այլ գործակիցներով ևս այս երկու մարզն «առաջատար են»: 2019-ին Տավուշում ապօրինի հատվել է 7542 ծառ, Իսկ Լոռու մարզում` 5333:
Տեղափոխելիս հայտնաբերված ապօրինի փայտի ընդհանուր ծավալ նշվում է մոտ 3.2 հազար խմ: Դրանից 2.85 հազարն արձանագրվել է Տավուշում (Լոռու մարզի թիվը մոտ 150 խմ է):

Այն, որ ծառահատումները սոցիալական մասշտաբ ու լուրջ տնտեսական պատճառներ ունեն՝ կարելի է նկատել համեմատության մեջ: Օրինակ, համեմատելով անտառհատումը որսագողության հետ: Որսագողերից 2019-ին «տուժել» է 59 վայրի կենդանի (այստեղ ամենամեծ թիվը Սյունիքի մարզինն է` 10): Ահա այսքանն առանձնացրեցի իրավախախտումների վիճակագրությունից, որը, ի դեպ, 2019-ին արձանագրում է բոլոր որակավորման հանցագործությունների քանակական աճ՝ ոչ մեծ ծանրությունից՝ մինչև առավել ծանր:

Տեսանյութեր

Լրահոս