Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները խոշտանգել են Կարեն Հովհաննիսյանին. Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը մանրամասներ է ներկայացնում
Ժամեր առաջ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր Ոստիկանության Արաբկիրի բաժնում իր պաշտպանյալին դաժանորեն ծեծելու մասին: Նա մասնավորապես գրել էր. «Ոստիկանության վայրագությունները շարունակվում են: Մի քանի ժամ առաջ պաշտպանյալս ոստիկանության Արաբկիրի բաժնում սարսափելի ծեծի է ենթարկվել: Այժմ բուժօգնության խնդիրներով ենք զբաղված, քիչ անց լայվով կներկայացնեմ կատարվածը»:
Եվ ահա փաստաբանը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել: Ըստ Ալեքսանդր Կոչուբաևի՝ իր պաշտպանյալը Սպիտակ քաղաքի բնակիչ Կարեն Հովհաննիսյանն է, ում ակնհայտորեն ապօրինի մեղադրանք է վերագրվում դաժան սպանության գործի շրջանակներում:
«Այդ գործի շրջանակներում նա կալանավորվել է, ապա խափանման միջոցը փոխարինվել է գրավով: Վարույթն իրականացնող մարմնին հստակ հայտնի է, թե որտեղ է գտնվում իմ պաշտպանյալը, և ուշ գիշերը՝ մոտ 2:30-ին, մենք հանդիպել ու բաժանվել ենք յուրաքանչյուրս տարբեր ուղղություններով, և դրանից հետո՝ լուսադեմին, ես տեղեկանում եմ, թե ինչ է հետո տեղի ունեցել»,- ասաց Կոչուբաևը:
Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալի մեքենայի հետևից հավասարվում են մեկ ուրիշ մեքենայով, հայհոյում ու պահանջում են, որ մեքենան կանգնեցնի: Վախեր ունենալով, քանի որ նշածս սպանության գործով մեկ այլ մեղադրյալի օրեր առաջ սպանել էին, Կարեն Հովհաննիսյանը փորձել է այդ վայրից արագ հեռանալ: Նա չի մտածել, որ կարող են իր հետևից եկողները ոստիկաններ լինել, քանի որ եղել են քաղաքացիական հագուստով, մեքենան էլ ծառայողական չի եղել:
«Հետապնդելով՝ ոստիկանները հարկադրաբար կանգնեցրել են նրա մեքենան ու դաժան ծեծի ենթարկել: «Աստղիկ» բ/կ-ում ֆիքսվել են նրա բոլոր վնասվածքները: Միայն 30-ից ավելի սալջարդեր կան, փայծաղի լայնացում ունի, պարանոցի հատվածներում կան հետքեր, և այլն»,- նշեց փաստաբանը:
Ինչպես նշում է փաստաբանը, չբավարարվելով դրանով, տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին ու շուրջ 2 ժամ խոշտանգել Կարեն Հովհաննիսյանին ու զրկել նվազագույն իրավունքներից: Անգամ, երբ խնդրել է տեղյակ պահել այդ ամենի մասին հորը կամ ինձ՝ իր փաստաբանին, չեն արել, և արդյունքում ինքն այդ մասին տեղեկացրել է դեպքից 3-4 ժամ անց:
«Այնուհետև պաշտպանյալիս սպառնացել են՝ եթե որևէ մեկն իմանա այս մասին, նրան կկորցնեն, ցիտում եմ բառացի, և հասկանալի պատճառներով մենք այժմ այլ մանրամասներ, ոստիկանների անուններ չենք հրապարակում»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը՝ հավելելով, որ սա ակնհայտ խոշտանգում ու պաշտոնական դիրքի չարաշահում է, սակայն ՀՔԾ-ի հետ կապվելու իրենց բոլոր փորձերն ապարդյուն են անցել:
Փաստաբանն ասում է, որ, բացի ծեծից, իր պաշտպանյալի արժանապատվությունն են նաև նվաստացրել՝ ողջ ընթացքում թույլ չտալով, որ նստի, ու ստիպելով կանգնել մեկ ոտքի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում
Ոստիկանությունում պաշտպանյալիս դաժան ծեծի ենթարկելու մասին
Gepostet von Alexandr S. Kochubaev am Samstag, 14. März 2020