«Միայն իրանցի զբոսաշրջիկների չժամանման արդյունքում 8-9 մլն դոլարի կորուստ ենք ունեցել». Հայկազ Ֆանյան
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանի պնդմամբ՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները Հայաստանն արդեն զգում է: Տուրիզմի տեսանկյունից արդեն կորուստներ ունենք.
«Ընդունված էր, որ մարտ ամսին շատ իրանցի զբոսաշրջիկներ պետք է հյուրընկալենք Հայաստանում: Նախնական տվյալներով՝ միայն իրանցի զբոսաշրջիկների չժամանման արդյունքում զբոսաշրջության արժեքային շղթան կորցրել է մոտ 8-9 մլն դոլար, խոսքը վերաբերում է հյուրանոցային տնտեսություններին, ռեստորաններին, տաքսիներին, վարձով տրվող բնակարաններին»:
Ֆանյանի պնդմամբ՝ Հայաստան չեն գա նաև ռուս զբոսաշրջիկները: Պատճառը ոչ միայն կորոնավիրուսն է, այլ նաև ռուբլու արժեզրկումը, ինչի հետևանքով Հայաստանը թանկ կլինի ռուսների համար: Տնտեսագետի խոսքով՝ այս հանգամանքներով պայմանավորված՝ Հայաստանը տնտեսական այլ խնդիրներ էլ կունենա.
«2019-ին Հայաստանից ՌԴ է արտահանվել 735 մլն դոլարի ապրանք: Ըստ Ռուսաստանի Կենտրոնական բանկի՝ այդ առևտրի 65-70 տոկոսը իրականացվում է ռուբլով: Հունվարին ռուբլու միջին փոխարժեքը 7.8 դրամ էր, այսօր խոսում ենք 6.7 դրամի մասին, և դեռ պարզ չէ, թե որքան կտևի այս իրավիճակը: Սա էականորեն կազդի հատկապես մշակվող արդյունաբերության վրա, որն ուղղված է Ռուսաստան: Խոսքը վերաբերում է գյուղմթերքի վերամշակմանը, որի հաջող մթերման վրա կարող են բացասաբար ազդել տեղի ունեցող գործընթացները»:
Տնտեսագետը, բացի բացասական հետևանքներից, նաև հնարավորություններ է տեսնում: Առջևում գյուղատնտեսական սեզոն է, իսկ Ռուսաստան գյուղմթերքի խոշոր արտահանող երկրներից մեկը Չինաստանն է, որը համարվում է կորոնավիրուսի ծագման երկիրը:
«Անկախ նրանից՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կտևի մինչև հունի՞ս, թե՞ հուլիս, սպառողների մոտ վտանգը լինելու է՝ չինական ապրանքներ չգնելու: Ինչպես մի ժամանակ մեր տնտեսվարողները շահեցին թուրքական լոլիկի՝ ռուսական շուկայից արտամղումից, այնպես էլ հիմա կարող են շահել և իրենց դիրքերն ամրացնել ռուսական շուկայում»,- ասաց Ֆանյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների միջոցով Հայաստան փոխանցվող գումարին ու դրա չափի հնարավոր նվազմանը՝ կապված ռուբլու արժեզրկման հետ, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը պարզաբանում է.
«2019-ին ֆիզիկական անձանց կողմից 1.5 մլրդ դոլարի ներհոսք ենք ունեցել Հայաստան, էական մասը Ռուսաստանից է՝ ռուսական ռուբլով: Սա հայ սպառողների գնողունակության վրա կազդի, հատկապես՝ որոշ մարզերի վրա, որտեղ ռուսական ռուբլով ձևավորվող եկամուտը մեծ տեսակարար կշիռ ունի, օրինակ՝ Գեղարքունիքի մարզում»:
Տնտեսագետը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհում տնտեսական ճգնաժամ է կանխատեսվում, առաջարկում է վերանայել Ամուլսարի հանքի շահագործման հարցը՝ հաշվի առնելով թեր և դեմ կողմերը: