«Արտահանման ոլորտում մենք կարող ենք ունենալ պահանջարկի նվազում». Տիգրան Ջրբաշյան
«Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը պնդում է՝ աշխարհում տնտեսական անորոշ իրավիճակը կազդի նաև Հայաստանի վրա, բայց վստահեցնում է՝ վնասի չափերն այնքան մեծ չեն լինի, որքան, օրինակ ՝ 2014-ին կամ 2009-ին: Ջրբաշյանը հիշեցնում է, որ աշխարհում կա «սև կարապի» ֆենոմեն, որը տվյալ պարագայում կորոնավիրուսն է, իսկ այդպիսի ֆորսմաժորային իրավիճակների պետությունները պետք է պատրաստ լինեն:
«Մեր ոչ այդքան պատրաստ լինելը համաշխարհային տնտեսական նման իրավիճակներին վկայում է այն մասին, որ երկրում առայժմ չի ձևավորվել տնտեսական անվտանգության կոնցեպտ»,- ասաց Տիգրան Ջրբաշյանը:
«Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրենի կարծիքով՝ այժմ Ռուսաստանի դիմադրողականությունը մեծ է նավթի գների 30 տոկոս անկման ու ռուբլու արժեզրկման նկատմամբ՝ կապված պետության արտաժութային ռեզերվների և ազգային անվտանգության ֆոնդում առկա միջոցների մեծ լինելու հետ: Իսկ ինչպե՞ս են ազդելու այս երևույթները Հայաստանի վրա՝ հաշվի առնելով, որ մեր արտահանման 25 տոկոսը գնում է ՌԴ, և մեր երկիրն այնտեղ ունի աշխատանքային միգրանտներ, որոնք գումար են ուղարկում Հայաստան.
«Տրանսֆերների առումով ազդեցությունը շատ ավելի նվազ է լինելու, քան նախկինում էր: Մեր տնտեսության համար տրանսֆերների ծավալը բավականին նվազել է ՀՆԱ-ի նկատմամբ, և այն աշխատողները, որոնք տրանսֆերային աղբյուր են հանդիսանում, հիմա շատ ավելի քիչ են կախված փոխարժեքի տատանումից: Չմոռանանք, որ հիմա մենք գործում ենք ԵԱՏՄ գոտում: Երկրորդ ուղղությունը արտահանումն է՝ ոչ միայն ապրանքների, այլև ծառայությունների՝ ի դեմս տուրիզմի: Այստեղ մենք կարող ենք ունենալ պահանջարկի նվազում: Չնայած պետք է ասել, որ մեր ապրանքների հիմնական արտահանումը դեպի ՌԴ ռուբլիով է իրականացվում, ինչը ենթադրում է, որ ռիսկերն ավելի կառավարելի են»:
Ջրբաշյանը խնդիր է տեսնում՝ նավթի գների նվազման հետ կապված, հոռետեսությունը պայմանավորում է վերջին 20 տարիների փորձով.
«Նավթամթերքի ոլորտում մեզ մոտ չի գործում պահանջարկի և առաջարկի կորը, քանի որ դրսից նավթամթերքի ներկման ոլորտը բավականին մոնոպոլիզացված է, ինչը ենթադրում է, որ այս ոլորտում կոմպենսացման ակնկալիքներ չպետք է ունենանք։ Հայաստանում նավթային ոլորտում կա որոշակի դեֆորմացված շուկայի ֆենոմեն»։
Կորոնավիրուսն ու ռուբլու արժեզրկումը Հայաստանին վնասելու են հիմնականում տուրիզմի առումով՝ պնդում է Ջրբաշյանը: Մեր երկիրը ռուսների համար թանկ է լինելու.
«Կորոնավիրուսը բերելու է առհասարակ աշխարհում տուրիստական ինդուստրիայի անկմանը, ավիափոխադրումների անկմանը: Ռուս տուրիստների համար թանկանում է Հայաստանի տուրիստական պրոդուկտը՝ կապված ռուբլու արժեզրկման հետ, ունենալու ենք որոշակի խնդիրներ»:
Ջրբաշյանի խոսքով ՝ Կառավարությունն ու Կենտրոնական բանկը պետք է ամեն ինչ անեն, որ Հայաստանը համաշխարհային տնտեսական շոկը չզգա: Դրա համար պնդում է՝ մշտադիտարկման համակարգ պետք է ձևավորել և նման իրավիճակներում անցնել կրիզիսային կառավարման մեթոդին.
«Օրինակ՝ առողջապահական ճգնաժամի ժամանակ Առողջապահության նախարարության լիազորությունները պետք է ընդլայնվեն, որոշումների կայացման համակարգը կենտրոնանա: Մենք պետք է հասկանանք, որ ճգնաժամերն աշխարհի առօրյան են դարձել: Այն գումարը, որը Կառավարությունը չի ծախսել 2019-ի կապիտալ ծախսերի համար, ոչ թե պետք է հավաքեն, նստեն վրան, այլ այնպիսի ժամանակ, ինչպիսին հիմա է, վերադաձնեն այդ գումարը տնտեսություն՝
կապիտալ ներդրումների, խոցելի ոլորտների սուբսիդավորման տեսքով: Կամ, օրինակ, որոշեն ինչ-որ ոլորտների համար զրոյացնել շահութահարկը»:
Ըստ Տիգրան Ջրբաշյանի՝ Հայաստանում ավելացված արժեք ստեղծում է ընդամենը 5000 ընկերություն, Կառավարությունը պետք է աշխատի նրանց հետ, քանի որ «իրենք են որոշում մեր ապագան»: