Պեկին ժամանած բոլոր անձինք, ներառյալ օտարերկրացիները կանցնեն պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմի
Չինաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ մարտի 11-ից սկսած բոլոր ուղևորները, ովքեր ժամանում են Պեկին՝ ներառյալ օտարերկրյա քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։
Դեսպանությունը նշում է, որ վերջինիս բացակայության պարագայում նրանք ինքնամեկուսացման ռեժիմի կանցնեն պետության կողմից տրամադրված հատուկ վայրերում (հյուրանոցային համալիրներում)։
«Այն քաղաքացիները, որոնք Պեկին են ժամանում կարճաժամկետ, պարտավոր են տեղավորվել պետության կողմից նշված հյուրանոցներում և անցնել պարտադիր թեստավորում։ Գուանջոու և Շանհայ քաղաքներում պարտադիր կարանտինի են ենթակա միայն այն քաղաքացիները, որոնք ժամանում են կորոնավիրուսից առավել տուժած երկրներից՝ Իրանից, Իտալիայից, Կորեայից, Ճապոնիայից։ Տեղեկացնում ենք, որ 14-օրյա կարանտինային ռեժիմի պահպանումը չի վերաբերում տարանցիկ ուղևորներին, որոնք օդանավակայանում ստանդարտ բժշկական զննություն անցնելուց հետո կշարունակեն իրենց ուղևորությունը։ Դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և ցանկացած նոր տեղեկության դեպքում լրացուցիչ կիրազեկի»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ: