Վրաստանի խորհրդարանն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի
Վրաստանի խորհրդարանում արտակարգ ռեժիմ է սահմանվում կորոնավիրուսի տարածման պատճառով. բարձրագույն օրենսդիր մարմնի խոսնակ Արչիլ Տալակվաձեն այդ կապակցությամբ հատուկ հրաման է արձակել։
Ինչպես ասված է խորհրդարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հրամանագրում նշված են այն բոլոր միջոցառումները, որոնք բարձրագույն օրենսդիր մարմնում կանցկացվեն պատգամավորների շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մասնավորապես, արգելվում է խորհրդարանում հայտնվել այն աշխատակիցներին եւ պատգամավորներին, որոնք վերջին յոթ օրացուցային օրերին եղել են այն երկրներում, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել են որպես նոր կորոնավիրուսի տարածման մեծ ռիսկի երկրներ, Վրաստան ժամանելու օրվանից երկու շաբաթվա ընթացքում:
Ինչպես նաեւ նրանց, ովքեր շփում են ունեցել այդ երկրներում եղած անձի հետ: Նրանց հանձնարարված է երկշաբաթյա ինքնամեկուսացում: Կորոնավիրուսով վարակվելու մեջ կասկածվող անձանց հանձնարարված է անցնել աշխատանքի հեռավար մեթոդի, իսկ այն աշխատակիցներին եւ պատգամավորներին, որոնք շարունակում են գալ աշխատանքի, պարտադիր կարգով պահպանել առողջապահության մարմինների հանձնարարականները եւ անձնական հիգիենայի նորմաները: Խոսնակի հրամանով նաեւ որոշակի ժամանակով առավելագույնս կրճատվում են բոլոր պաշտոնեական գործուղումները, բացառությամբ անհետաձգելի դեպքերի: Մինչեւ համաճարակային սպառնալիքի նվազումը խորրդարանում չեղյալ են հայտարարվում բոլոր հրապարակային միջոցառումները կողմնակի անձանց մասնակցությամբ, հաղորդել է Sputnik-ը: