Եթե հնարավոր չէ Ջերմուկի օդը, ջուրը պահպանել, բացառվում է Ամուլսարի հանքի շահագործումը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, եթե ապացուցվի, որ Ամուլսարի հանքի շահագործմամբ հնարավոր չէ պահպանել Ջերմուկի, շրջակա տարածքների ջուրը, օդը, ապա բացառված է, որ հանքը շահագործվի, իսկ եթե ապացուցվի, որ հնարավոր է, ապա կշահագործվի: Փաշինյանն այս մասին հայտնեց քարոզարշավի շրջանում ջերմուկցիների հետ հանդիպմանը:
«Ուզում եմ ընդգծում անել մեր այն քաղաքացիների համար, որոնք կարծում են, թե հեղափոխությունից հետո կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում՝ Ամուլսարի հարցը մեկընդմիշտ լուծելու համար: Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ եթե հեղափոխություն չլիներ, Ամուլսարի հանքը վաղուց, շատ վաղուց շահագործվելիս կլիներ»,- ասաց վարչապետն ու կոչ արեց բոլորին չկորցնել հարգալից վերաբերմունքը հեղափոխության և կառավարության նկատմամբ:
Նա շեշտեց՝ օդին որևէ սպառնալիք չպետք է լինի: «Ջերմուկի օդը պետք է մնա մաքուր, այստեղ երկու կարծիք չկա: Ոչ ոք չի ասում՝ եկեք Ջերմուկի ջուրը, օդը աղտոտենք: Չի կարող այդպիսի բան լինել, ես թույլ չեմ տա: Խոսքն այն մասին է, թե հնարավո՞ր է այդ հանքը շահագործել այնպես, որ օդը, ջուրը՝ ոչ միայն Ջերմուկի, այլ նաև Դարբ գետի, Արփա գետի, չաղտոտվեն: Եթե հնարավոր է, ուրիշ իրավիճակ է, եթե հնարավոր չէ, ուրեմն այդտեղ… քննարկման բան չկա: Եթե հնարավոր չէ, որ Ջերմուկի օդը, ջուրը պահպանվի, ուրեմն բացառված է, որ այդ հանքը շահագործվի: Եթե հնարավոր է, ընդ որում ապացուցելի, ոչ թե տեսական խոսքի վրա, ուրեմն կարող է շահագործվել»,-ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց՝ Ամուլսարի հարցում մեծ անհամաձայնություն ունի շատերի հետ: Փաշինյանը նկատեց՝ քաղաքացիների մի մասն ասում են, որ հանքը չպետք է շահագործվի, մյուս մասն ասում է, որ պետք է շահագործվի: «Ես երկուսի հետ էլ անհամաձայնություն ունեմ: Ես ասում եմ, որ մենք մինչև վերջ պետք է գնանք ճշմարտության հետևից: Ընդ որում, մեր վերջին ամիսների պատմությունը ցույց է տալիս, որ դա հեշտ ճանապարհ չէ: Շատերը հարցնում են, թե որն է մեր մարտավարությունն այս հարցում: Իմ պատասխանը չի փոխվում՝ գնալ մինչև վերջ, չվախենալ»,-ասաց նա:
Փաշինյանը վստահեցրեց՝ ինքը եթե ոչ մենակ, ապա այն քիչ մարդկանցից է, որ չունի ոչ մի շահագրգրռություն՝ բացի ՀՀ-ի շահից:
Նա շեշտեց՝ ոչ մի կողմի կողմնակից չի լինի:
Վարչապետը նշեց՝ հարց են ձևակերպել՝ իսկ արդյոք Ամուլսարի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը գնահատվել է իր ճշմարտացիության աստիճանի հանգամանքով: «Լիդիան Արմենիա»-ն ներկայացրել է շրջակա միջավայրի ազդեցության գնահատական: «Մեր հարցը հետևյալն է՝ նախկին բնապահպանության նախարարության ներկայացուցիչները, որ կարդացել են, արդյոք ստուգե՞լ են դրանց ճշմարտացիությունը: Սա հիմա քննության մի ուղղությունն է: Երկրորդ հարցը հետևյալն է՝ արդյոք նախկինում այստեղ կատարված հետազոտությունների արդյունքները հաշվի առնվե՞լ են: Երրորդ ուղղությունը հետևյալն է՝ Քննչական կոմիտեն կազմել է «Էլարդ»-ի և «Լիդիան Արմենիա»-ի բանավեճի արդյունքում 154 հարցից բաղկացած հարցաշար»,-ասաց նա ու նշեց՝ դրա շուրջ տեղի կունենա ամփոփիչ հարցաքննություն: