Մեկուսացում, փողոց դուրս գալու խիստ սահմանափակում. մանրամասնում են Իտալիայում գտնվող հայերը
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված կարմիր գոտում հայտնված Իտալիայում քաղաքացիների խիստ սահմանափակումներ են մտցվել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հռոմում բնակվող ու աշխատող Գևորգ Հովհաննիսյանը նշեց, որ Իտալիայի մայրաքաղաքում մինչև նախորդ շաբաթ իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, սակայն վերջին օրերին կտրուկ փոխվեց:
«Արդեն չի թույլատրվում տանից դուրս գալ: Եթե անձը գնում է աշխատանքի, ապա նա պետք է ունենա փաստաթուղթ, որտեղ նշված է, որ գնում է աշխատանքի: Եթե ոստիկանությունը կանգնեցրեց, և անձը չունեցավ այդ փաստաթուղթը, ապա կտուգանվի 200 եվրոյի չափով, կարող է նաև ձերբակալվել 3 ամսով»,-ասաց Գևորգ Հովհաննիսյանը:
Տանից դուրս գալ կարելի է միան խանութ, դեղատուն և աշխատանքի գնալու համար, և այդ դեպքում քաղաքացիները պետք է լինեն դիմակով ու ձեռնոցներով: Երկրում փակվել են ռեստորանները, հյուրանոցները, ակումբները: Բոլոր հանրային վայրերը փակ են մինչև մարտի 25-ը: Դրանից հետո արդեն փոփոխությունները կախված կլինեն առկա իրավիճակից:
«Երկրում խուճապ կա, ամեն օր ստանում ենք վատ նորություններ նոր վարակվածների ու մահերի մասին: Ինչպես գիտեք, մահացությունների թիվը Իտալիայում բավական մեծ է, այստեղ մարդիկ երկարակյաց են, իսկ այս վիրուսի դեպքում թիրախային խումբ են համարվում տարեցները: Ասեմ, որ այստեղ նույնպես դիմակների հետ կապված խնդիր կա, դժվար է գտնել, չկան ախտահանիչ հեղուկներ: Տեղեկացրել են, որ Չինաստանից դիմակներ են սպասվում»,-ասաց Գևորգ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ տեղում հայերի հետ կապ են պահպանում: Գիտեն, որ Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում այնտեղ գտնվող հայ ուսանողներին, զբոսաշրջիկներին Հայաստան տեղափոխելու համար:
Անի Ավագյանը Իտալիայում է փետրվարի 17-ից, այսօր արդեն վերադառնալու ճանապարհին է: Այնտեղ Հայաստանից մեկնել էր աշխատանքի բերումով, Բոլոնիայի համալսարանի մշակութային ժառանգության պահպանության ամբիոնում հետազոտություն կատարելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Անին պատմում է, որ օդանավակայանում կանխարգելիչ միջոցառումներ են կատարվել, իրականացվել է ջերմաչափում:
«Այս ընթացքում ամենուրեք հորդորում էին, որ քաղաքացիները կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն, հիգիենայի կանոններին հետևեն: Բացի այդ նշվում էր, որ պետք է մարդիկ միմյանցից 1-1.5 մ հեռավորություն պահպանեն, ձեռքով չշփվեն, չհամբուրվեն: Այսինքն՝ հնարավորինս զերծ մնալ շփումներից»,-ասաց Անի Ավագյանը: Նա նկատեց, որ երկրում բոլոր ոլորտները տուժում են, փողոցները դատարկ են, հանրային վայրերը, թանգարանները փակ են: Մարդիկ տներում փակված են: Փակվել են նաև ուսումնական հաստատությունները, ստիպված հեռավար ուսուցում են կազմակերպում:
Դիմակների ու ախտահանիչ նյութերի խնդիրը նույնպես Իտալիայում լուրջ է: Ըստ Անի Ավագյանի, դեղատներում չեն կարողանում դիմակներ գտնել: Նույնիսկ ստիպված է եղել երկրից դուրս գալ առանց դիմակի:
«Երբ, կորոնավիրուսով պայմանավորված, իրավիճակը սրվեց, մարդիկ սարսափահար դատարկել էին դեղատները: Հայաստան վերադառնալու իմ թռիչքը չեղարկվեց, և կարողացա ռուսական ավիաուղիներով տոմս գնել: Քանի որ դիմակ չկար, ես առանց դրա դուրս եկա երկրից, բայց Մոսկվայում արդեն ինձ դիմակ տվեցին»,-ասաց Անի Ավագյանը:
Նրա խոսքով, Իտալիայում իրավիճակը տեսնելով, պետք է մեր երկրում խստացնեն կանխարգելիչ համակողմանի միջոցառումները՝ ներգրավելով բոլոր ոլորտների պատասխանատուներին:
«Երբ փետրվարին մեկնեցի Իտալիա, այն ժամանակ, կարծես, լուրջ չէին վերաբերվում, շատերն ասում էին՝ դե վարակ է, էլի… Բայց հետո տեսանք, թե ինչ զարգացումներ եղան: Կարծում եմ, որ խիստ միջոցառումներ պետք է իրականացնել հենց սկզբից» ,-հավելեց Անի Ավագյանը:
Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեն ստորագրել է դեկրետ, որի համաձայն սահմանափակվում է բնակչության տեղաշարժումը երկրի ամբողջ տարածքում ՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով: Դադարեցվում են մարզական բոլոր մրցումները՝ ներառյալ ֆուտբոլի ազգային առաջնությունը: Բացի դրանից, արգելվում են ցանկացած խմբային հանդիպումներ:
Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով Իտալիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ: Հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից մարտի 15-ին Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան:
Առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ. Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա, իսկ այդ երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ:
Աննա Գզիրյան