Քաղաքացիներից փող «քերելու» «կացնային» նորհայաստանյան մեթոդը

Երեկ «Փաստ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի՝ իշխանությունը կայացրել է ուշագրավ մի որոշում՝ ցուցում տալով դատավորներին պետության դեմ ակտ չկայացնել, որը իրականում քաղաքացիների դեմ է։

168.am-ին հաջողվեց պարզել, որ այդ ցուցումը արդարադատության համակարգի պաշտոնյաների կողմից տրվել է վարչական դատարանի բոլոր դատավորներին՝ հրահանգելով այսուհետ պետության դեմ որևէ ակտ չկայացնել, իսկ որոնք արդեն կայացվել են, պիտի բեկանվեն:

Սա նշանակում է հարված շարքային ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսին, ինչպես նաև բոլոր ավտոմեքենա վարողներին: Չէ՞ որ հենց վարչական դատարանում են քաղաքացիները բողոքարկում  իրենց նկատմամբ նշանակված հարկային տուգանքները, ճանապարհային ոստիկանության ակտերը և այլ պետական մարմինների ակտեր: Իսկ հիմա ստացվում է, որ, օրինակ, հարկայինը քաղաքացու վրա մի բան կգրի, իսկ մենք գիտենք, որ դրանք հիմնականում ապօրինի են, դատարանն էլ դակելու է, քանի որ ասված է՝ ոչ մի ակտ մեր դեմ, մեր դեմ խաղ չկա: Սկզբունքը սա է:

Մեզ հասած տեղեկություններով` այս կերպ իշխանությունները փորձում են ապահովագրել իրենց սխալները, հատկապես Պետեկամուտների կոմիտեի գրած տուգանքների մասով։ «Դատարանները կհաստատեն, շեֆը չի ջղայանա իրենց սխալների ու սխեմաների համար, համ էլ բյուջեն լիքը կլինի իրենց պարգևավճարների համար: Ինչպես միշտ, քաղաքացիների հաշվին իրենք կհարստանան»,- ասաց մեր աղբյուրը:

Տեսանյութեր

Լրահոս