«Եթե ինքներս մեր մտքում մեր դիմադրողականությունը չթուլացնենք, ոչ մի կորոնավիրուս կամ այլ տեսակի վիրուս մեզ չի վտանգի». հոգեբան

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը հասարակության շրջանում կորոնավիրուսի հետևանքով խուճապ չի տեսնում, խուճապը, ըստ նրա՝ ավելի շատ վիրտուալ տիրույթում է:

«Իրականում խուճապն ավելի շատ տեսնում եմ մեդիադաշտում, քան իրականության մեջ: Ինքս, օգտվելով այդ նույն խանութներից, խուճապ չեմ տեսնում: Խուճապ չեմ տեսնում նաև մեր հոգեբանական կենտրոնի այցելուների մոտ, նույն՝ տագնապային խնդիրներով այցելուների դեպքում: Եկեք՝ տարբերենք նախ վախը՝ խուճապից, որովհետև, եթե վախի դեպքում կա կոնկրետ վախի օբյեկտը, ապա խուճապի, տագնապի հիմքում ընկած է անորոշությունը: Եթե ազգաբնակչության մեծամասնությանը հարցնենք՝ ո՞րն է առաջացած խուճապի պատճառը, վստահ եմ, որ քչերը կարող են հիմնավորել, թե հատկապես ինչն է առաջացրել այդ խուճապը, որովհետև ավելի շատ հոգեբանական վարակի մեխանիզմն է գործում: Խուճապի հիմնական պատճառը տեղեկատվության պակասն է: Խուճապն առաջացնում է գործողությունների պասիվություն. երբ մարդը խուճապի մեջ է, ավելի շատ դիմում է փախուստի, քան դիմում է գործողությունների: Հետևաբար՝ այստեղ շատ կարևորում եմ հատկապես սթրեսակայունությունը. պետք է լինեն ակտիվ գործողություններ՝ կտրվել հեռախոսներից, ապատեղեկատվությունից, որովհետև դա ավելի շատ սարդոստայնի մեջ է գցում մարդուն»,- ասաց նա:

Հոգեբանը չի կարծում, թե առօրյայում հասարակությունն առանձնապես շեղվում է հիգիենայի կանոնները պահպանելուց. «Յուրաքանչյուրս այդ հիգիենայի կանոններին հետևում ենք, և հատուկ արարողակարգ դարձնել… անում ենք այն, ինչ անում ենք սովորաբար: Այսօր ծնողների տագնապները փոխանցվում են նաև երեխաներին, և նրանց շուրթերից էլ կարելի է լսել կորոնավիրուս արտահայտությունը: Խանութներից օգտվելու դեպքում էլ նորից գալիս եմ հոգեբանական վարակի մեխանիզմին, որովհետև մեր պատմության մեջ ունեցել ենք նմանատիպ իրավիճակներ, երբ զգուշավորությունը մեզ ստիպել է որոշակի պահեստային հատված ունենալ՝ մտածելով վաղվա օրվա մասին: Պարզապես պետք է կոչ անեմ՝ ապրել իրականության մեջ՝ այստեղ և հիմա, որովհետև մենք անընդհատ վազում ենք դեպի ապագա, անընդհատ մտածում ենք՝ բա որ սա լինի, բա որ նա լինի: Կարևորը սթրեսակայունությունն է, դրական տրամադրվածությունը: Եթե ինքներս մեր մտքում մեր դիմադրողականությունը չթուլացնենք, ոչ մի կորոնավիրուս կամ այլ տեսակի վիրուս մեզ չի վտանգի»:

Խուճապի առաջացման հիմնական պատճառը, ըստ նրա՝ այն է, որ առավոտից երեկո մարդիկ հետևում են լուրերին, ֆիքսում, թե օրվա ընթացքում քանի հոգի մահացավ, և այլն. «Խուճապից դուրս գալու համար մի կողմ ենք դնում հեռախոսները և ապահովում մեր ակտիվությունը, զբաղվածությունը, հետևում սննդակարգին, հիգիենայի կանոններին, որոնք առաջարկում են մասնագետները: Ընդունենք, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, և շարունակենք կյանքի ռիթմն այնպես, ինչպես եղել է»:

Ինչ վերաբերում է երկրում առկա ատելության մթնոլորտին, հոգեբանն ասաց, որ յուրաքանչյուր մարդ պետք է պատասխանատու լինի իր խոսքի համար. «Յուրաքանչյուր խոսքից հետո պետք է հաշվի առնենք նաև դրա հետևանքները, որովհետև այսօր, այո, սոցցանցերից և այդ հարթակներից օգվում են նաև երեխաները: Զարմանալին այն է, թե որոշակի նյութեր որքան դիտումներ ու մեկնաբանություններ են ապահովում: Բոլոր ուսուցողական, կառուցողական նյութերը, որոնք կարող են հետաքրքրել երիտասարդներին, միջին տարիքի մարդկանց, կարող են շատ ավելի քիչ դիտում ապահովել, քան աղմկահարույց և ոչինչ չտվող ինֆորմացիան: Դա, առաջին հերթին, գալիս է նրանից, որ մարդը գտնում է որևէ տեղ՝ պարզապես արտահայտվելու և իր ագրեսիան դուրս հանելու:

Սա նաև նման մեկնաբանություններ գրող անձանց լուրջ հոգեբանական վիճակի մասին է վկայում: Այս երևույթը միշտ էլ եղել է, հիմա ավելի շատ տարատեսակ տեղեկատվությունն է շատ, հետևաբար՝ տարատեսակ մեկնաբանություններն էլ են շատ: Եթե 10 հոգուց մեկը փորձում է իր ագրեսիան դուրս հանել և նման մեկնաբանություն գրել, հաստատ լինում են նրան հետևողներ, ովքեր ևս գրում են: Այստեղ, նախ և առաջ, խնդիր է սեփական կարծիք չունենալը՝ ես պարզապես հոսքի տակ եմ ընկնում, ինձ չեն տեսնում, ես կարող եմ շատ ազատ իմ մտքերն արտահայտել, որովհետև նույն կարծիքը դեմ առ դեմ չեմ կարող արտահայտել, իսկ անտեսանելի լինելն ինձ հնարավորություն է տալիս դուրս հանել այն ամբողջ ագրեսիան, որն իմ ներսում կուտակված է»:

Լուսինե Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում հոգեբաններին դիմում են տարբեր խնդիրներով՝ ամուսնական խնդիրներից մինչև անձնային խնդիրներ՝ առանց տարիքային սահմանափակման. «Ոչ թե խնդիրներն են շատացել, այլ հոգեբանին դիմելու կուլտուրան է փոխվել, որովհետև հիմա մենք կարողանում ենք տարբերակել, հասկանալ, թե որ դեպքում պետք է դիմել հոգեբանի, և, որ, այո, ամոթ չէ հոգեբանին դիմել: Այսօր կա նաև հոգեբանի համագործակցությունը հարակից ոլորտի մասնագետների հետ: Ցավալի խնդիր է հատկապես երեխաների մոտ խաղերից կախվածությունը, որովհետև որոշակի տարիքում հեռախոսը մայրիկի համար դառնում է օգնական՝ աշխատանքը կազմակերպելու հարցում, և այդ թելը՝ ծնողի օգնականից երեխայի համար կախվածության անցնելու, շատ նուրբ է, և առնչվում ենք այդ խնդրին: 21-րդ դարում, առհասարակ, երեխային հեռախոսից  զրկել հնարավոր չէ, բայց երեխան պետք է հասկանա, որ օրվա որոշակի ժամաքանակ է իրեն հատկացված կոնկրետ դրա համար, բայց գիտենք դեպքեր, երբ երեխան առավոտից երեկո զբաղվում է դրանով»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս