Բաժիններ՝

«Ղարաբաղցին սարու ծնեփակ չի, վեր քամին մին ստի տանե, մին՝ ընդի». արցախցի դաշնակահար

168.amարցախցի դաշնակահար Դավիթ Բախշիյանի հետ զրուցել է արցախցի երիտասարդների շրջանում և մշակութային ոլորտում առկա խնդիրներից, և՝ ոչ միայն: Ներկա պահին Դավիթ Բախշիյանը բնակվում է Երևանում և աշխատում երաժշտական երկու դպրոցներում, նաև մասնավոր համերգային գործունեություն ծավալում, երաժշտական ծրագրեր իրականացնում:

-Արցախի երիտասարդների և միջին տարիքի մարդկանց, առհասարակ, Արցախի հասարակության զգալի մասը կարծրատիպերի խնդիր ունի, ինչը խոչընդոտում է առողջ հասարակության ձևավորմանը: Այսինքն՝ երիտասարդներն ուզում են մի բան անել, բայց այդ կարծրատիպերը նրանց հետ են պահում: Նրանք, իմ սուբյեկտիվ կարծիքով, պարփակված են իրենց մեջ, կարծրացած պատկերացումների: Կարծում եմ՝ արցախցի երիտասարդները պիտի ավելի փոխհանդուրժող լինեն, ընդունեն դիմացինի կարծիքը, տեսակետը, լինեն ավելի լայնախոհ և հեշտ հաղորդակցվող: Ես սրան եկել եմ հասարակական տարբեր հարթակներում մարդկանց հետ առնչվելու արդյունքում: Ցավոք սրտի, մարդկանց մեծամասնությունը շատ փակ է. դա կարող է նաև  հանգեցնել որոշ խնդիրների: Առողջ հասարակության ձևավորման համար պիտի մաքսիմալ բաց լինես կարծիքների, մտքերի փոխանակման համար:

Դուք հիմա աշխատում և բնակվում եք Երևանում: Արցախում՝ որպես դաշնակահար, ի՞նչ խնդիրների եք հանդիպել զուտ Ձեր գործունեության ծավալման տեսանկյունից:

– Ցավոք սրտի, Արցախում իմ մասնագիտությամբ աշխատանք գտնելը հեշտ չէ, ես դասական երաժիշտ եմ, սա պայմանավորված է մի քանի հանգամանքով. առաջին հերթին ազդում է երկրի՝ հակամարտության մեջ գտնվելու փաստը, երկրորդ՝ ես դասական երաժիշտ եմ և պետք է կոնկրետ լսարան ունենամ: Այսինքն՝ սա համընդհանուր երաժշտություն չի, որ բոլորը սիրեն: Դասական երաժշտություն սիրող մի զանգված, ցավոք, ժամանակին տեղափոխվել է Արցախից: Պատերազմն ունեցավ իր դրական կողմերը. մենք ունեցանք հաղթանակ, բայց այն բացասական ազդեցություն ունեցավ մշակութային կյանքի վրա։

Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը չեղարկում էր ռաբիս երգիչների համերգները:

– Այո, Նարինե Աղաբալյանը շատ բան է փորձել անել, բայց մարդկանցից էլ պիտի սկսվի մշակութային վերադաստիարակությունը: Արցախում 80 տոկոսը ռաբիս է լսում: Հենց սրա համար էր, որ Նարինե Աղաբալյանը ժամանակին որոշում կայացրեց՝ պետական վայրերում արգելվի ռաբիս երաժշտությունը, որովհետև դա իրոք խնդիր է, Երևանում, օրինակ, դեռ հնչում է: Ռաբիսի հիմքը արաբաթուրքաադրբեջանական մեղեդին է, դա մերը չէ:

Մի քիչ թեմայից շեղվենք, Դուք՝ որպես երիտասարդ, որպես արվեստագետ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ի՞նչ լուծում եք տեսնում:

– Պետք է կարողանանք միջազգային հանրությանն ապացուցել, որ 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած անկախության հանրաքվեն եղել է լեգիտիմ: Եվ թեկուզ Ադրբեջանն ասում է, որ իրենք չեն մասնակցել դրան, բայց ադրբեջանցիները 20-22 տոկոսն էին կազմում Ղարաբաղի բնակչության, ուստի, եթե անգամ մասնակցեին, դա արդյունքի վրա չէր ազդելու: Դրանք բոլորը մեր պատմական տարածքներն են, և մեզ «Աստծուց ուղարկված» դիվանագետ է պետք, որ կարողանա դրանք մեզ պահել, մեր շահերն առաջ մղել: Եվ վերջապես պիտի ուղղենք Քոչարյանի սխալ քայլը և Արցախին վերադարձնենք բանակցային սեղան: Ի դեպ, ադրբեջանցիներից շատերը, ինչպես ես համոզվեցի վերջերս համացանցում, չգիտեին, որ հրադադարի պայմանագիրը կնքվել է եռակողմ՝ Հայաստան, Արցախ, Ադրբեջան: Այստեղ ուզում եմ անդրադառնալ մյունխենյան Փաշինյան-Ալիև հանդիպմանը և ասել, որ երկու կողմում էլ ծիծաղելի վիճակ կար: Ալիևը ստում էր, բայց նա փորձում էր հոգեբանական ճնշում գործադրել Փաշինյանի վրա՝ հիշեցնելով միջազգային բանաձևերի, համաձայնագրերի մասին, Փաշինյանն էլ կարող էր ավելի դիպուկ լինել և փաստարկներ չխառնել։

Արցախում առաջիկայում պիտի ընտրեն նոր նախագահ, ըստ Ձեզ՝ ինչո՞վ են տարբերվում Արցախի նախագահի այս ընտրությունները նախորդներից:

– Առաջին հերթին՝ նրանով, որ առաջին անգամ Արցախի նախագահի թեկնածուների մեջ 2 կին կա, ինչը նշանակալի փաստ է մեր պատրիարխալ մտածողությամբ հասարակության պարագայում: Իսկ թեկնածուների քանակը, կարծում եմ, փոքր Արցախի համար չափից շատ է: Այնուամենայնիվ, ես հետևում եմ բոլորին։

Արցախին ինչպիսի՞ նախագահ է անհրաժեշտ:

– Առաջին հերթին լավ ստրատեգ է պետք, քանի որ պատերազմական գոտում ենք գտնվում: Երկրորդ՝ կոռուպցիայից մաքսիմալ զերծ պիտի լինի, քանի որ տնտեսությունն ուժեղացնելու խնդիր ունենք, այն այսօր մի քիչ թույլ է: Նախագահը պիտի նպաստի տնտեսության բոլոր ճյուղերի զարգացմանը, ինչպես նաև՝ զբոսաշրջության:

Հայաստանցիղարաբաղցի տարանջատումը լիովին հաղթահարված չէ, սա ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում:

– Դրանից առաջին հերթին օգտվում է մեր արտաքին թշնամին, Ադրբեջանն ուրախանում է՝ տեսեք՝ իրար են «ուտում»: Հասարակությունը պիտի սթափվի և հասկանա՝ նման տարանջատում չպիտի լինի: Չմոռանանք, որ 1988-ին «միացում» էինք գոռում: Բայց մյուս կողմից՝ պիտի ասեմ, որ մշակութային դաշտում ՀՀ-Արցախ համագործակցություն կա. երբ Երևանում տարբեր փառատոներ և մրցույթներ են լինում, Արցախից անպայման մասնակցում են, լճացումն Արցախում ավելի շատ դասական երաժշտության ասպարեզում է: Հիմա ես մի երաժշտական նախագիծ եմ պատրաստում, որի միջոցով ուզում եմ ցույց տալ Շուշիի «գանձերը», հարստությունը, սքանչելիությունը, անկումը նաև: Շուշին Անդրկովկասի ամենազարգացած քաղաքներից մեկն է եղել: Ի դեպ, ունեմ և՛ արցախցու, և՛ երևանցու արմատներ: Մայրս Արցախից է՝ արմատներով Շուշիից, հայրս՝ Երևանից: Արցախցուն հատուկ է համառությունը, մի նման արտահայտություն կա՝ «ղարաբաղցին սարու ծնեփակ չի, վեր քամին մին ստի տանե, մին՝ ընդի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս