Ոչ ռեզիդենտների բանկային ավանդները մեծ տեմպերով ավելանում են

Ինչո՞ւ են նրանք որոշել փողը քնեցնել բանկերում, և ոչ թե՝ ներդնել տնտեսության մեջ

Ավանդների տեսքով Հայաստանի բանկային համակարգում հսկայական գումարներ են կուտակվել։ Գումարներ, որոնք այդպես էլ չեն վերածվում ներդրումային կապիտալի։

Մեծ տեմպով ավելանում են հատկապես ոչ ռեզիդենտների կողմից ներդրված ավանդները։ Այդ երևույթը նկատվեց անմիջապես իշխանափոխությունից հետո։ Այն ժամանակ դա պայմանավորվեց արտաքին կապիտալի կողմից Հայաստանի տնտեսության նկատմամբ ձևավորված ռիսկերով, ի հայտ եկած անորոշություններով ու սպասումներով։

Անցել է գրեթե 2 տարի։ Սակայն այդ միտումը պահպանվում է։ Եվ ոչ միայն պահպանվում է, այլև՝ գնալով խորանում։

Հայաստանի բանկային համակարգում ոչ ռեզիդենտների ավանդները հասել են գրեթե 2,2 մլրդ դոլարի։ 2 տարվա ընթացքում դրանք կրկնապատկվել են։

Ո՞րն է սրա պատճառը, և արդյո՞ք դա նշանակում է, որ արտաքին կապիտալը, նույնիսկ իշխանափոխությունից 2 տարի անց, շարունակում է չվստահել Հայաստանի տնտեսությանը։

Այդպես մտածելու համար պատճառներ, անշուշտ, շատ կան՝ սկսած նրանից, որ ներքաղաքական լարվածությունը երկրում պարբերաբար թեժանում է, վերջացրած տնտեսական հատվածում առկա ռիսկերով։ Խոսքը, մասնավորապես, ներդրումային ռիսկերի մասին է։ Այն, ինչ կատարվում է առանձին ներդրողների հետ՝ չի կարող ազդեցություն չունենալ մարդկանց վարքագծի վրա, ովքեր մտադիր են ֆինանսական ներարկումներ իրականացնել տնտեսության մեջ։ Նման ռիսկերի ու անորոշությունների պայմաններում նրանք սովորաբար գերադասում են անցավ գլուխը չդնել ցավի տակ, և տնտեսության մեջ ներդրումներ անելու փոխարեն, նախընտրում են գումարները որպես ավանդ՝ պահել բանկերում։ Հատկապես որ, դրանք քիչ եկամուտներ չեն ապահովում՝ բարձր տոկոսադրույքների պատճառով։

Ի տարբերություն տնտեսության, բանկային համակարգը Հայաստանում անհամեմատ անվտանգ է ու կայուն։ Թեև կառավարությունն ամեն ինչ անում է այստեղ ևս խնդիրներ ստեղծելու համար։

Ինչպես հայտնի է, սպասվում է բանկային գաղտնիքի տրամադրման պահանջների թուլացում։ Ճիշտ է, կառավարության ցանկալի փոփոխությունները դեռևս չեն գործում, բայց Ազգային ժողովը դրանք  արդեն ընդունել է։ Մնում է, որ հանրապետության նախագահը վավերացնի։ Նախագահը կարծես վերապահումներ ունի։ Ու դրա համար դիմել է ՍԴ-ին։ Այն ՍԴ-ին, որին իշխանությունները չեն վստահում և պատրաստ են ամեն գնով չեզոքացնել իրենց ճանապարհից։

Թե ինչպիսի՞ն կլինի «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կարծիքը, շուտով կիմանանք։ Անկախ դրանից՝ փաստը մնում է փաստ, որ նախատեսված փոփոխությունները ռիսկային են բանկային համակարգի համար, ու դա կարող է բացասաբար ազդել բանկային ավանդների վրա։ Երբ տնտեսության մեջ բավարար կայունություն ու վստահելիություն չկա, խնայողությունները գոնե բանկային համակարգով են մտնում տնտեսություն, թեկուզ այդ դեպքում դրանց արդյունավետությունը խիստ տուժում է։

Լավ չէ, որ այդպես է, բայց դա էլ չարյաց փոքրագույնն է. գոնե փողը չի քնում վերմակի տակ՝ ոչինչ չտալով տնտեսությանը։ Առանց այդ էլ՝ ներդրումներ չկան։

Ներդրումներ անելը Հայաստանում ավելի ռիսկային է դարձել։ Վկայություններից մեկն էլ կարող է լինել ոչ ռեզիդենտների կողմից հայաստանյան բանկերում ավանդադրվող գումարների կտրուկ աճը։ Միայն անցած տարի դրանք ավելացել են 47,5 տոկոսով կամ գրեթե 700 մլն դոլարով. գերակշիռ մասը՝ ավելի քան 92 տոկոսը, արտարժութային ավանդներն են։ Ի դեպ, չի բացառվում, որ արժութային շուկայում անցած տարվանից նկատվող տարադրամային ճնշման ուժեղացումը նաև դրա հետևանք է։

Հայաստանի բանկային համակարգում այսօր ավանդների տեսքով մեծ գումարներ են կուտակվել՝ ինչպես ոչ ռեզիդենտների, այնպես էլ՝ ռեզիդենտների հաշվին։ Խոսքը շուրջ 7,5 մլրդ դոլարի մասին է։ Միայն անցած տարի դրանք համալրվել են 1,2 միլիարդով։ Իհարկե, ռեզիդենտների հաշվին աճն անհամեմատ փոքր է։ 2019թ. դրանք ավելացել են 12 տոկոսով։

Այս հսկայական ֆինանսական ռեսուրսը կառավարությունն առայժմ չի կարողանում արդյունավետ իրացնել և վերածել ներդրումային կապիտալի։ Փոխարենը՝ աչքը ջուր կտրած սպասում է, թե, ի վերջո, դրսից երբ կգան ներդրողները՝ ներդրումներ անելու մեր երկրի տնտեսության մեջ։

Հայաստանյան բանկերում այսօր պահվող ավանդների անգամ 10-20 տոկոսը ներդրումային կապիտալի վերածելու դեպքում կարելի է լուրջ առաջընթաց ապահովել տնտեսության մեջ ու տնտեսական գործընթացներում։ Բայց դա առայժմ չի հաջողվում։ Պատճառները տնտեսության կառուցվածքի, թափանցիկության պակասի, կենտրոնացվածության, համապատասխան ենթակառուցվածքների բացակայության և բազմաթիվ այլ խնդիրների մեջ են։

Չափազանց թույլ են այն օղակները, որոնց միջոցով խնայողությունները ներդրումների տեսքով կարող էին մտնել տնտեսություն։ Հայաստանում այդպես էլ չի կայանում արժեթղթերի շուկան, ինչը հանդիսանում է տնտեսության մեջ ֆինանսական միջոցների գեներացման հիմնական և ամենակարևոր գործիքը։ Սա գլոբալ խնդիր է, որին բախվել է Հայաստանի տնտեսությունը և չի կարողանում հաղթահարել։

Նախկինում հեշտ էր քննադատել նախորդներին՝ արժեթղթերի շուկան չաշխատացնելու և ներդրումների ներգրավմանը չծառայեցնելու համար։ Իշխանափոխությունից շուրջ 2 տարի է անցել, և ի՞նչ է փոխվել այդ առումով։ Արժեթղթերի շուկան ինչպես կար սառած վիճակում, այդպես էլ շարունակում է մնալ։

Այն, որ կառավարությունն ու Կենտրոնական բանկը փորձում են արհեստական ակտիվություն հաղորդել շուկային՝ պարտադրելով որոշ ընկերությունների իրականացնել արժեթղթերի տեղաբաշխում, չի կարող խնդրի լուծում լինել։ Հազիվ թե կարելի է սպասել, որ այստեղ ինչ-որ բան կփոխվի նաև մոտակա ժամանակահատվածում։ Իսկ քանի դեռ այդպես է, տնտեսության մեջ լուրջ ներդրումների հույսեր չպետք է փայփայել։

Մինչ ֆինանսական շատ կարևոր ինստիտուտներից մեկը՝ արժեթղթերի շուկան, Հայաստանում չի կայանում, իսկ կառավարությունն իր գործողություններով անընդհատ ռիսկեր է ստեղծում ներդրողների համար, երկրում կուտակված ֆինանսական ռեսուրսը ոչ թե կվերածվի ներդրումների, այլ կշարունակի մնալ որպես բանկային ավանդ՝ իր նվազ տնտեսական նշանակությամբ ու ցածր արդյունավետությամբ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս