«Առաջընթաց ապահովող տնտեսական փոփոխություններ այս պահին չունենք». Արծվիկ Մինասյան
Տնտեսագետ, 2018 թվականի մայիսից հոկտեմբեր ամիսներին Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ ՀՀ տնտեսությունը շարունակում է իներցիոն բնույթ կրել, տնտեսության կառուցվածքում չկան հիմնարար փոփոխություններ, որոնք առաջընթաց կապահովեն:
«Դա է ցույց տալիս աճին զուգահեռ այն ոլորտների անկումները, որոնք ներկայացնում են իրական տնտեսական համակարգ, ինչպիսին, օրինակ, գյուղատնտեսությունն է: Շինարարության ծավալները, ըստ էության, աճ չունեն»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Տնտեսագետի մեկնաբանությամբ՝ այսօր տնտեսական քաղաքականության մեջ, ինչպես նախկինում, չի հաջողվել ձևակերպել անհրաժեշտ նպատակադրումները, տնտեսական քաղաքականության մեջ էլ չկա գաղափարախոսություն:
«Եթե չկա գաղափարախոսություն, չկա նպատակադրում, մենք տալիս ենք իրավիճակային լուծումներ ժամանակի ցանկացած պահին»,- կարծում է Արծվիկ Մինասյանը:
Մեկ այլ խնդիր, որը մատնանշում է Մինասյանը՝ տնտեսությունը շարունակում է աշխատել ռեսուրսների վրա հիմնված տնտեսության մոդելով: Դա, տնտեսագետի բնորոշմամբ, վկայում է, որ տնտեսության լոկոմոտիվ է դարձել պարզ և աշխատուժ պահանջող, բայց ոչ գիտատար ոլորտը: Տնտեսագետը զուգահեռներ է անցկացնում և փաստում, որ կա խիստ ցածր մակարդակ բարձր տեխնոլոգիական ապրանքների ստեղծման և արտահանման ոլորտում:
Ամբողջի հիմքում, վստահեցնում է տնտեսագետը, երկրում իրականացվող ներդրումային քաղաքականությունն է: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ նկատելի է, որ ինստիտուցիոնալ մակարդակում ձևավորված չէ այնպիսի համակարգ, որտեղ ներդրողի իրավունքների պաշտպանությունը կախված կլինի ոչ թե՝ «չինովնիկից, քաղաքական գործչից», այլ՝ համակարգից: Ըստ նրա՝ կան նախաձեռնություններ, բայց կարծես «սառած են»:
«Ցանկացած խոշոր ներդրող նախ դիտարկում է, թե արդյո՞ք այդ երկրի ներդրումային իրավիճակը համահունչ է իր սպասելիքներին, թե՞ ոչ»,- նշեց Մինասյանը:
2019 թվականի տնտեսական ցուցանիշներին անդրադառնալով՝ Մինասյանը մտահոգություն հայտնեց համախառն արտաքին պարտքի ցուցանիշի մասին, որը հասել է 11.7 միլիարդ դոլարի: Մինասյանի գնահատմամբ՝ սա նույնպես խոսում է կախվածության մասին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում