«Սահմանադրությունը չի կարելի օգտագործել՝ որպես գործիք, հակառակը, այն պետք է ընկալել՝ որպես սահման». Անահիտ Մանասյան
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք սահմանադրագետ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանի հետ:
Անահիտ Մանասյանը Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորն է, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ: 2013-2014 թթ. Անահիտ Մանասյանը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնն է զբաղեցրել, այնուհետև 2014-2016 թթ. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական է եղել, իսկ 2016 թ. դեկտեմբերից 2018 թ.՝ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական: Տարածաշրջանային «Հարավային Կովկաս իրավաբանական ամսագրի», Վարշավայի համալսարանի կողմից հրատարակվող «Քաղաքագիտական հետազոտություններ» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհուրդների անդամ է:
– Տիկին Մանասյան, նախ՝ հետաքրքիր է, եթե ձևավորվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով և առաջիկայում Սահմանադրության մեջ լինելու են համապատասխան փոփոխություններ, ինչո՞ւ այսպես հապշտապ որոշվեց հանրաքվե անցկացնել՝ սահմանադրական մեկ դրույթի փոփոխության համար:
– Իրականում երբևէ չեմ զբաղվել և հիմա էլ չեմ զբաղվում քաղաքականությամբ, կարծում եմ, որ մասնագիտական անաչառության և օբյեկտիվության տեսանկյունից քաղաքական ցանկացած տեսակի գաղափարախոսություն սահմանափակում է այդ հանգամանքների և մասնագիտական հատկանիշների թե՛ ձևավորումը, թե՛ պահպանումը, դրա պատճառով քաղաքական ենթատեքստ կամ քաղաքական աստառ ունեցող հարցադրումներին պատասխանելուց ձեռնպահ կմնամ:
– Այսինքն՝ այս հարցը բացառապես քաղաքակա՞ն է:
– Այս պահին՝ այո: Ձեռնպահ կմնամ այդ հարցադրումներին պատասխանելուց:
– Մի խումբ իրավաբաններ, իրավապաշտպաններ, փաստաբաններ ասում են, որ գործընթացը հակասահմանադրական է, խախտվել են Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ընթացակարգային մի շարք նորմեր: Դուք՝ որպես սահմանադրագետ, այստեղ խնդիրներ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:
– Ես իմ խոսքը շատ եմ արժևորում, և բոլոր կողմ և դեմ գնահատականներն արդեն հնչել են: Բոլոր նրանք, ովքեր ունենք ձևավորված կողմ տեսակետ, երբեք չեն փոխելու այն, և բոլոր նրանք, ովքեր ունենք դեմ տեսակետը, դարձյալ ձևավորված տեսակետ ունեն և էլի չեն փոխելու այն: Չինացիները մի հետաքրքիր ասույթ ունեն, ասում են՝ ճշմարտությունը ոչ թե մեր շուրթերում է, այլ դիմացինի ականջներում: Այսինքն՝ հիմա ինչ էլ ասեմ, բնականաբար, տեսակետ ունեցողներն այն չեն փոխելու, և վերոնշյալ հանգամանքները նկատի ունենալով՝ դարձյալ ձեռնպահ կմնամ որևէ փաստարկումից:
– ՍԴ գործող դատավորները հանրաքվեից հետո, եթե հանրաքվեի դրված հարցը ժողովրդի կողմից ընդունվի, կարո՞ղ են դիմել ՄԻԵԴ, թե՞ ոչ:
– Ինչպես ցանկացած քաղաքացի, այնպես էլ ՍԴ դատավորներն այս թե ցանկացած այլ հարցի առնչությամբ հնարավորություն ունեն բոլոր իրավական չափանիշերը պահպանելու պարագայում դիմել համապատասխան թե՛ ներպետական, թե՛ միջազգային իրավական մարմիններին:
– Բայց այս դեպքում միանգամից ՄԻԵԴ են, չէ՞, դիմելու, կարծիքներ կան, որ ներպետական մարմինները սպառված են համարվում:
– Դա, բնականաբար, քննարկման ենթակա հարցադրում է, բայց քանի որ խոսքը վերաբերում է սահմանադրական տեքստին, հնարավոր է՝ նաև արդար դատաքննության իրավունքի պաշտպանության տեսանկյունից, այո՛, անմիջապես գանգատ ներկայացնել ՄԻԵԴ:
– Դուք երկար տարիներ եղել եք ՍԴ նախագահի խորհրդական, Սահմանադրական դատարանում ճգնաժամ տեսնո՞ւմ եք, որովհետև վերջին շրջանում հիմնական խոսակցությունները հենց այդ մասին են:
– Իրականում, սահմանադրական արդարադատության համակարգերը՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, մշտապես ունեն լուրջ զարգացման կարիք: Խոսքը նաև վերաբերում է Հայաստանի սահմանադրական արդարադատության համակարգին՝ այն առումով, որ միանշանակ կա ժամանակակից բոլոր հնարավոր դոկտրինները մեզ մոտ ադապտացնելու, ՍԴ որոշումների որակի վրա անընդհատ աշխատելու անհրաժեշտություն:
– Գործող Սահմանադրության հիմնական թերությունները որո՞նք են, փոփոխությունների անհրաժեշտությունն ինչո՞վ է պայմանավորված:
– Կատարյալ որևէ երևույթ աշխարհում գոյություն չունի, և, բնականաբար, սահմանադրական տեքստերն էլ են այդպիսին: Ես կուզենայի արձանագրել, որ 2015թ. սահմանադրական տեքստը նախկին խմբագրությամբ սահմանադրական տեքստերի համեմատությամբ՝ միանշանակ ունի մի շարք առավելություններ, և սահմանադրական մի շարք հիմնախնդիրներ լուծվել են այդ տեքստով: Բայց, ինչպես նշեցի՝ սահմանադրական տեքստը չի կարող կատարյալ լինել, և կարելի է արձանագրել տարատեսակ խնդիրներ, որոնք առկա են սահմանադրական տեքստում: Այդ խնդիրների արձանագրումը կարող է սուբյեկտիվ լինել, որովհետև ցանկացած մասնագետ դրանք կարող է տեսնել, առաջարկել դրանց համար լուծումներ, բայց մեզ համար պետք է առաջնային լինի ոչ թե զուտ սահմանադրական տեքստի փոփոխությունը, այլ պատշաճ սահմանադրական մշակույթի և սահմանադրական ավանդույթների ձևավորումը, որովհետև ժամանակակից բոլոր հասարակությունները տառապում են մի հիվանդությամբ, որը կոչվում է նորմատիվ ֆետիշիզմ: Սա իմ ձևակերպումն է, և դրա ամբողջ իմաստն այն է, որ մենք անընդհատ մտածում ենք, թե մեր հաջողությունների կամ անհաջողությունների պատճառը լավ կամ վատ իրավակարգավորումներն են: Անընդհատ սկսում ենք փոխել այդ իրավակարգավորումները, հետո տեսնում ենք, որ խնդիրները, միևնույն է, չեն լուծվում, և դարձյալ շարունակվում է այն անվերջ շղթան: Բացի լավ իրավական, այդ թվում՝ սահմանադրական տեքստերից, մենք պետք է նաև փորձենք պատշաճ սահմանադրական մշակույթ ձևավորել, և սահմանադրական ավանդույթների միջոցով ապահովել սահմանադրական զարգացումները:
– Թեպետ Դուք քաղաքական ենթատեքստով հարցերի չեք պատասխանում, բայց մեզ մոտ կարծիքներ են հնչում, որ օրվա իշխանությունը Սահմանադրությունը հարմարեցնում է իրեն, այսինքն՝ Սահմանադրությունը փոփոխվում է այնպես, ինչպես հաճո է տվյալ իշխանության քիմքին:
– Իրականում սա խնդիր է ամբողջ աշխարհում: Կարող ենք ուսումնասիրել միջազգային տարբեր կառույցների փաստաթղթեր և արձանագրել, որ գրեթե բոլոր պետությունների համար տարատեսակ միջազգային խորհրդատվական մարմիններն անընդհատ արձանագրում են, որ չի կարելի Սահմանադրությունը դարձնել գործիք՝ քաղաքական իշխանության ցանկությունները բավարարելու համար, և դա բնական է: Սա գուցե կոպիտ և ծայրահեղ ձևակերպում է, բայց եթե փորձենք շատ ավելի ընկալելի ներկայացնել, հիմնական գաղափարը պետք է լինի այն, որ ցանկացած իշխանություն, առաջին հերթին, պետք է կարողանա ողջամտորեն ինքնասահմանափակվել, այսինքն՝ ընկալել նույն այն հանգամանքը, որ՝ այո՛, Սահմանադրությունը չի կարելի օգտագործել՝ որպես գործիք, հակառակը, այն պետք է ընկալել՝ որպես սահման: Այո՛, քաղաքական իշխանության հեռահար տեսանկյունից հաջողությունը նաև դրանով է պայմանավորված: Եթե քաղաքական իշխանությունը կարողացավ երաշխավորել այս չափանիշի պահպանումը, ապա այն հեռահար տեսանկյունից կհաջողի, եթե ոչ, հեռահար տեսանկյունից հաջողված չի լինի: Սրանից ելնելով՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է եզրահանգում անել, թե ինչ տարբերակով են մեզ մոտ հարգվում այդ սկզբունքները:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում