Ես չգիտեմ, թե այս աբսուրդն էլ ինչպե՞ս բնութագրեմ. ո՞վ է իրականում Էդիկ Գրիգորյանը, ում անունը «կապվում» է Սումգայիթի հայերի ջարդերի հետ
«Սումգայիթում սպանված հայերից քչերն են սպանվել իրենց տներում: Միտումնավոր հանում էին բակ կամ փողոց, ցուցադրաբար նսեմացնում, որպեսզի վախեցնեն ցեղասպանության կրկնության սպառնալիքով: Այդ վայրագությունները «նայել» են բազմաթիվ երեխաներ: Նույնիսկ վստահորեն կարելի է ասել, որ այդ ջարդերի շարժիչ ուժը եղել են երիտասարդներ և պատանիներ: Նրանք անգամ սպանություններին են մասնակցել,- «Օրբելի» վերլուծական կենտրոնում այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ անդրադառնալով Սումգայիթի հայերի ջարդերի 32-րդ տարելիցին՝ ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանը՝ հավելելով,- Ունենք վկայություն, որ 7 տարեկան երեխան կանգնել է խարույկի կողքին, որտեղ գցել էին հայերից մեկին, որպեսզի ողջակիզեն, ու երբ մարդը փորձել է դուրս գալ, այդ երեխան ինչ-որ ձողով պահել է, որ չկարողանա դուրս գալ: Պետք է շեշտեմ նաև այն, որ տարիներով տարածված միֆը, թե Սումգայիթում հայ երեխաների չեն սպանել, ապացուցվել է, որ այդպես չէ: Մենք ունենք նկարներ, որոնք տեղադրված են karabakhrecords.info կայքում, որտեղ երևում է, որ երեխաների սպանություններ եղել են. 8-10 ամսական երեխաների դիակներ կան նկարված: Այսինքն՝ Ադրբեջանը դեռ Սումգայիթում հայատյացության քաղաքականություն էր վարում, սերմանում էր դեռահասների մեջ, պատրաստում նրանց: 2004թ.՝ ի դեմս Ռամիլ Սաֆարովի, սպանեցին հայ սպայի ու մարդասպանին հերոսացրեցին»:
Մարինա Գրիգորյանն օրինակ բերեց Ադրբեջանի այն ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպան Սուլեյմանովայի խոսքը, թե՝ Սաֆարովն իրենց երիտասարդության համար օրինակ պետք է դառնա:
«Նրանք տարիներով են մտածում, և հենց Սումգայիթում դրվեց հայատյացության հիմքը»,- նշեց Մարինա Գրիգորյանը:
Խոսելով ոճրագործներին հերոսացնելու՝ Ադրբեջանի քաղաքականության մասին՝ Մարինա Գրիգորյանն ասաց.
«1988 թ.նույեմբերին, երբ Մոսկվայում Սումգայիթի ոճրագործների հանդեպ ընթանում էր դատավարություններից մեկը, Բաքվում կազմակերպվեցին հանրահավաքներ, որոնց ժամանակ պաստառներ էին պահում, որոնց վրա գրված էր՝ «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին»: Հայերին սպանողների հերոսացման ավանդույթը շարունակվեց նաև Մարաղայում: Այսօր ունենք օրինակ. Քարվաճառում 17-ամյա Ս.Ցականյանին սպանած դիվերսանտները դատապարտվել են Արցախի Հանրապետության կողմից,Ալիևն ամեն կերպ փորձում է այդ մարդկանց հետ վերադարձնել, որպեսզի հերոսացնեն»:
«Սովորական ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանը նշեց, որ հայերի ջարդարարությանը մասնակցել է 800-1000 հոգի, որոնցից 94-ը դատական կարգով կանչվել են պատասխանատվության:
Նրանց թվում կա մեկը, ով ունի ռուսական ազգանուն, և մեկը՝ հայկական՝ Էդիկ Գրիգորյան:
«Հիմա այդ ամբողջ ամբոխից իրենք վերցրել են այդ մեկ հայի ազգանունը և նրան ուզում են դարձնել կազմակերպիչ ու համակարգող, բոլոր սպանություններին մասնակցած անձ: Իրականում նա քիչ կապ ունի հայերի և Հայաստանի հետ: Հայրը հայ է եղել, մայրը՝ ռուս: Հայրը վաղուց թողել է ընտանիքն ու հեռացել, որևէ առնչություն չեն ունեցել հայերի հետ: Ադրբեջանը նախօրոք պատրաստել էր «հայկական հետքը», որը հիմա իրենց քարոզչության թեզն է դարձրել: Սումգայիթի հայերից մի քանի հոգի փաստել են, որ սումգայիթյան գործողություններից առաջ ադրբեջանցիները հանդիպել են Սումգայիթի երկու հայերի՝ Կամո Հովհաննիսյանի և Էդիկ Գրիգորյանի հետ: Սպառնացել են, որ, եթե չմասնակցեն ջարդերին, ապա հետագայում կպատժվեն: Կամո Հովհաննիսյանը, ով նախկինում դատապարտված է եղել, ինչպես Է. Գրիգորյանը, հրաժարվել է մասնակցել, իսկ Գրիգորյանը համաձայնել է»:
Մարինա Գրիգորյանը հարցադրում արեց ադրբեջանցիների վերը նշված առասպելի մասով. «Ինչպե՞ս կարող էր մեկ հայն ադրբեջանական քաղաքում կազմակերպել զանգվածային հանցագործություն, լռեցնել Ադրբեջանի իշխանություններին, կապել նրանց ձեռքերը, կապել ոստիկանության և դատախազության ձեռքերը: Մինչդեռ Էդիկ Գրիգորյանը շարքային ջարդարար է եղել: Այսինքն՝ այս մեկ հայն իր հետևից ոչխարների նման տարել է հազարավոր ադրբեջանցիների՞: Ես չգիտեմ, թե այս աբսուրդն էլ ինչպե՞ս բնութագրեմ: Առասպելը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն ուրիշ բան չի կարողանում հնարել»:
Մարինա Գրիգորյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական քարոզչամեքենան մի քանի տարի առաջ սոցիալական ցանցում գտել է Ռուսաստանում բնակվող Էդիկ Գրիգորյանին, սակայն նրա արտահանձնումն անգամ չի պահանջել:
Լուսանկարը՝ panorama.am-ի