Սումգայիթում տեղի ունեցած ջարդերը Ցեղասպանության շարունակությունն էր. Բակուր Կարապետյան
1988 թվականի Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերից ու բռնի տեղահանությունից անցել է 32 տարի: 1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում պետական մակարդակով կազմակերպված ջարդերին, ԽՍՀՄ պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհ են գնացել մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ հազարից ավելի հայեր: Եղել են հազարավոր փախստականներ, վիրավորներ, ողջակիզվածներ, նրանց մեջ եղել են նաև մեծ թվով անչափահասներ:
Այս ամենը վկայող բազմաթիվ փաստեր են եղել, որոնք պահպանել են ականատեսները:
Սումգայիթյան ջարդերից գրեթե մեկ ամիս անց գրող, հրապարակախոս, լրագրող Բակուր Կարապետյանը որոշել է գնալ Սումգայիթ և նկարահանել ու զրուցել ականատեսների հետ:
1988 թվականի մարտին փախստականներին Ստեփանակերտ տեղափոխող մեքենայով նրան հաջողվել է հասնել Սումգայիթ:
«Կեսգիշերին հասանք Սումգայիթ, հավաքվել էր հայերի մոտավորապես 20 ընտանիք, որոնք հրաժարվեցին ինձ ընդունել իրենց տանը՝ ասելով, որ վախենում են կրկին Եղեռնից, քանի որ, եթե իմանային՝ տանը Ստեփանակերտից եկած հայ են հյուրընկալել, այն էլ՝ լրագրող, լավ չէր լինի: Ես նրանց չեմ մեղադրում, որովհետև շատ էին վախեցած: Ի վերջո, կեսգիշերն անց մի սումգայիթցի կոշկակար հայ տղա, որը ընտանիքն ուղարկել էր Հայաստան, համաձայնեց ինձ հյուրընկալել, ասելով՝ ինչ լինում է, թող լինի, սպասում էր, որ հենց այդ գիշեր իր տան վրա հարձակում կլինի, դրա համար ինձ ցույց տվեց մի քանի բան, որ հարձակվելու դեպքում պետք է պաշտպանվեմ»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Բակուր Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Սումգայիթ գնալու գլխավոր նպատակը ֆիլմի նկարահանումն է եղել, որտեղ ականատեսները կպատմեին իրենց տեսածի մասին, սակայն դժվար է եղել խոսեցնել ջարդեր տեսած մարդկանց, ոչ բոլորն են համաձայնել խոսել տեսախցիկի առջև: Այդուհանդերձ եղել են մարդիկ, որոնք պատմել են իրենց գլխով անցածի մասին, և արդյունքում ստեղծվել է «Սումգայիթյան ալիքներ» չորս մասանոց ֆիլմը:
«Սումգայիթում տեսախցիկը ես տեղադրել էի ձեռքումս եղած պայուսակի մեջ, մի փոքր անցք էի բացել, որպեսզի ադրբեջանցիներից որևէ մեկը չնկատեր, որ տեսախցիկ ունեմ: Իմ ֆիլմը ռուսերենով է, նպատակն այդ ողբերգությունն աշխարհին ներկայացնելն էր, որպեսզի տեղյակ լինեն, թե ինչ է տեղի ունեցել: Բաքուն, սովորության համաձայն՝ ամեն ինչ կեղծում է»,- պատմեց Բ. Կարապետյանը, ապա
ընդգծեց, որ Սումգայիթում տեղի ունեցած ջարդերը Ցեղասպանության շարունակությունն էր:
Բակուր Կարապետյանի բնորոշմամբ՝ այսօր անհնարին է ադրբեջանցիների հետ ապրել կողք կողքի, քանի որ նրանք կացնահարում էին քնած մարդուն, սպանում ծերերին ու երեխաներին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում