«Օֆշորի» հայտնի գործը նոր փուլ է մտնում. Սուքիասյանն ազատության մեջ է, գործը՝ Վճռաբեկում

«Օֆշորի» հայտնի գործով կալանավայրում հայտնված ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի ազատ արձակումով գործը չփակվեց: Տուժող կողմը՝ Փայլակ Հայրապետյանը, դիմել է Վճռաբեկ դատարան՝ վերականգնելու Առաջին ատյանի դատարանի որոշումը: 2017թ. հոկտեմբերի 2-ին դատական առաջին ատյանը Սուքիասյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 16 տարի ազատազրկման, դատարանը որոշել էր վերջինից բռնագանձել 8 մլրդ 919 մլն դրամ՝ հօգուտ Փայլակ Հայրապետյանի, և 632 մլն 403 հազար դրամ՝ հօգուտ Հայրապետյանի որդու:

Ըստ մեղադրանքի` Աշոտ Սուքիասյանը Փայլակ Հայրապետյանին և նրա որդուն պատկանող գույքի գրավադրումից 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011-ի հունիսի 15-ը «Ամերիաբանկ» ՓԲ-ից մաս-մաս ստացել է 10 մլն 700 հազար ԱՄՆ դոլարի վարկ, սակայն չի կատարել վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները: Այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, արդյունքում՝ Սուքիասյանն արդարացվել  և այս տարի հունվարի 31-ին ազատ է արձակվել: Փաստաբան Կարեն Հակոբյանի խոսքով՝ տուժող կողմը Վճռաբեկ դատարան դիմելով՝ նպատակ ունի իրենց պաշտպանյալին վերադարձնել կալանավայր:

«Առաջին ատյանի դատական ակտում ընդամենը ներկայացվել է, որ  Աշոտ Սուքիասյանի ցուցմունքներն անհիմն են, և վերջինը մեղավոր է, առանց որևէ պատճառաբանության դատապարտվել է 16 տարի ազատազրկման: Վերաքննիչ դատական ակտն այս առումով դրա հակապատկերն է, առկա են պատճառաբանություններ: Վճռաբեկ բողոքի պահանջն  այն է, որ ուժ տան առաջին ատյանի դատարանի որոշմանը, այս պայմաններում օբյեկտիվության մասին խոսել չի կարելի: Ուժ տալ այս դատական ակտին՝ նշանակում է՝ ուժ տալ գոյություն չունեցող, չպատճառաբանված, առանց որևէ փաստարկների կայացված դատական ակտին՝ չեն վերլուծվել ապացույցները, ընդամենը թվարկվել են գործով ստացված փաստական տվյալները, անդրադարձ չի կատարվել դրանց թույլատրելիության կամ անթույլատրելիության հարցերին»,- ասաց Կարեն Հակոբյանը:

Սուքիասյանի փաստաբանական թիմը ևս դիմել է Վճռաբեկ դատարան, սակայն իրենց բողոքը վարույթ չի ընդունվել: Փաստաբան Լուսինե Զեյնալյանի խոսքով՝ սա իրենց մոտ մի շարք կասկածներ է առաջացրել:

«Առաջին ատյանի հաստատված մեղադրական եզրակացության համաձայն՝ Սուքիասյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու համար, իսկ Վերաքննիչում այն դարձավ խոշոր չափերի: Մեր այն միջնորդությանը, որ, եթե խոշոր չափերի է, ապա վաղեմության ժամկետը անցել է, գնահատական չտրվեց: 3 կողմերը՝ ենթադրյալ տուժող կողմը, ամբաստանյալի պաշտպանական կողմը, Դատախազության մեղադրող կողմը, Վճռաբեկ բողոքներ են ներկայացրել: Ի զարմանս մեզ, մեղադրող և ենթադրյալ տուժող կողմի բողոքները միանշանակ ընդունվեցին, համարվեց, որ համապատասխանում են Վճռաբեկ դատարանին բնորոշ բողոքներին, նորմերին, և ընդունվեցին վարույթ, իսկ պաշտպանական կողմի պատճառաբանված և հիմնավորված բողոքը, չգիտես ինչու, չպատճառաբանված և չհիմնավորված լինելու պատճառաբանությամբ՝ մերժվեց: Օբյեկտիվության պարագայում պետք է ընդունվեին երեք կողմի բողոքներն էլ, որ բազմակողմանի քննություն լիներ այս գործով»,- ասաց Լուսինե Զեյնալյանը:

Աշոտ Սուքիասյանի շահերը պաշտպանող փաստաբանական թիմի անդամ Յուրիկ Խաչատրյանի խոսքով՝ ենթադրյալ տուժող կողմի Վճռաբեկ դատարան դիմելու նպատակը գրավադրված գույքը հետ ստանալն է, որը Սուքիասյանի արդարացման պարագայում անհնար կլինի:

«Քրեական գործի ընթացքին զուգահեռ՝ Փայլակ Հայրապետյանը քաղաքացիական հայցապահանջով դիմել էր դատարան, որ բանկի և Աշոտ Սուքիասյանի միջև վարկային պայմանագիրն անվավեր ճանաչվի: Պատճառաբանությունների մեջ նշել են նաև, որ գործարքը խաբեությամբ է տեղի ունեցել, սակայն քրեական գործով դատաքննությունը դեռևս չէր ավարտվել, ինչի համար այդ գործը կասեցվել էր:

Հիմա հույս ունեն, որ, եթե հասնեն գոնե նրան, որ խաբեությամբ է տեղի ունեցել գործարքը, ապա Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն՝ բռնության կամ համոզման հիման վրա կատարված գործարքները պետք է անվավեր ճանաչվեն, իրենց հույսը դա է, դրա համար բոլոր ջանքերը գործադրում են», -փոխանցեց փաստաբան Խաչատրյանը:

Փաստաբանների պնդմամբ՝ Փայլակ Հայրապետյանն ի սկզբանե նպատակ է ունեցել Աշոտ Սուքիսայանի միջոցով օրինականացնել իր «օդից կախված» գույքը, ապա տիրանալ նրա բիզնեսին:

Տեսանյութեր

Լրահոս