«Տրդատ Սարգսյանն այնտեղ չի եղել, Հարութից բացի, որևէ մեկն Արա Մխիթարյանի հետ վեճի չի բռնվել». փաստաբան
Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շարունակում է անփոփոխ մնալ. 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց սպայի հայրը՝ Սամվել Մխիթարյանը:
«Ոչ մի նորություն չկա, նույնն է: Բժիշկներն ինչ որ պետք էր՝ արել-պրծել են, հիմա հույսն Աստծո ու ժամանակի վրա է: Անգամ ռեֆլեքսոր շարժումներ չկան: Անգիտակից վիճակում պառկած է»:
2019-ի սեպտեմբերի 18-ին սպան անգիտակից վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել և վիրահատվել: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով (ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մաս, 2-րդ մասի 6-րդ կետ):Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երկուսը կալանավորված են: Նրանցից մեկը Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանն է, մյուսը՝ վերջինի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Նրանք երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Գրիգորյան եղբայրների փաստաբան Լևոն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Զավեն Գրիգորյանը երբևէ առնչություն չի ունեցել Արա Մխիթարյանի հետ.
«Այդ հանգամանքը ես չեմ պնդում, դրա մասին «գոռում» են գործում առկա անհերքելի ապացույցները: Ցավոք, այդ «գոռոցը» երկար ժամանակ չլսելու էր տալիս իրավապահ համակարգը: Ականատեսների մասով նշեմ, որ այս փուլում մեզ հայտնի է դարձել միայն տուժողի ընկերների ցուցմունքների բովանդակությունը, որոնք նույնպես վկայում են առնվազն նրա մասին, որ Զավենը չի հարվածել Արա Մխիթարյանին»:
Սամվել Մխիթարյանը չի հավատում, որ մեղադրյալներից մեկը դեպքի վայրում չի եղել, ինչպես չի հավատում Քննչական կոմիտեի այն հայտարարությանը, որ Վայոց ձորի նախկին մարզպետը ներկա չի եղել վիճաբանությանը: Գործով ականատես վկաներն առերես հարցաքննության ժամանակ պնդել են իրենց ցուցմունքներն այն մասին, որ Տրդատ Սարգսյանը դեպքի վայրում է եղել և անգործություն է դրսևորել:
«Սուտ է, մարզպետն էլ է եղել, ևս 5 հոգի էլ՝ հետը, ընդհանուր 7-8 հոգի են եղել, թող չստեն, ստի համար 5 տարի են տալիս: Դեպքի վայրում եղածներից 2-ը նստած են, մնացածը՝ Տրդատ Սարգսյանի գլխավորությամբ, ազատության մեջ են, նրանցից ոչ մեկին չեն կանչել, չեն քննել, մարզպետին էլ արանքից ուզում են հանեն: 3 նամակ եմ գրել Քննչական, ոչ մի պատասխան չեմ ստացել, մի բանից տեղյակ չեն պահում: Ինձ ոչ մի բան չեն ասում, եթե գաղտնիք է, ապա մարզպետի մասին ինչո՞ւ են ասում, որ ներկա չի եղել: Դատախազություն էլ եմ նամակ գրել, որդուս նկարն էլ էի ուղարկել, նամակն ուղարկել էին Քննչական»,- ասաց Արա Մխիթարյանի հայրը:
Փաստաբան Լևոն Սահակյանը չի տիրապետում այն տեղեկությանը, թե քանի հոգի են եղել դեպքի վայրում, սակայն չի բացառում, որ ավելի շատ են եղել, քան պնդում է Սամվել Մխիթարյանը:
«Պարոն Մխիթարյանը չի եղել դեպքի վայրում ու լրագրողներին շարունակ հայտնում է այն, ինչ իրեն հայտնում են իր որդու «ընկերները», որոնց նա դեռևս կուրորեն հավատում է: Կարող եմ միանշանակ նշել, որ Տրդատ Սարգսյանն այնտեղ չի եղել, և Հարութից բացի, որևէ մեկը Արա Մխիթարյանի հետ վեճի չի բռնվել: Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում չլինելու մասին պաշտոնապես հայտարարել է նույնիսկ ամիսներ շարունակ պաշտպանյալներիս տեսակցություններն արգելափակած քննչական մարմինը: Այստեղ կարևոր է նաև այն հանգամանքը, որ դեպքի վայրում գտնվելը հանցակազմ չի պարունակում, ու եթե Տրդատ Սարգսյանն այնտեղ գտնված լիներ, կարիք չկար այդ հանգամանքը թաքցնել: Պարոն Մխիթարյանը նշում է, որ չի հավատում տեսաձայնագրություններին, այլ հավատում է կենդանի մարդկանց, տեղին է վկայակոչել հայտնի ասացվածքը՝ «Մի՛ հավատա ականջներիդ, այլ հավատա՛ աչքերիդ»»,- պատկերավոր պնդեց փաստաբանը:
Արա Մխիթարյանին առնչվող գործով կալանավորված Գրիգորյան եղբայրները երկար ժամանակ զրկված են եղել տեսակցությունների հնարավորությունից: Նրանց փաստաբան Լևոն Սահակյանը պնդում է, որ այդ որոշումն անհիմն է եղել.
«Դատարանի միջամտությամբ վերականգնվեց այդ հնարավորությունը, այն էլ՝ միայն ծնողների մասով: Նրանց՝ տեսակցություններ ունենալու իրավունքի անհիմն արգելքը խոսում է սույն գործով իրավապահ մարմինների ոչ սկզբունքային վերաբերմունքի մասին: Նպատակը ոչ թե ճշմարտության օր առաջ արձանագրումն է, այլ անհիմն շահարկումներից խուսափելը և սպայի հարազատներին սիրաշահելը»;
Հունվարի 29-ին փաստաբան Լևոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջով դիմել էր իրավապահներին՝ նշելով, որ, եթե 30 օրվա ընթացքում չսկսեն հերթով վերացնել Զավեն Գրիգորյանի իրավունքների խախտումները, կամ ավարտեն նախաքննությունն ու գործն ուղարկեն դատարան, ապա, գործելով ՀՀ քրեական օրենսգրքի 44-րդ հոդվածով նախատեսված ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, սկսելու է այս գործով հրապարակել նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:
«Այս գործով շարունակ շահարկվում է Արա Մխիթարյանի և իր ընկերների սպա լինելու հանգամանքը: Նախ՝ սպաները լինում են տարբեր՝ հերոսից մինչև այնպիսիք, որոնց պատճառով զինվորներ են ինքնասպան լինում:
Բացի այդ, մենք գործ ունենք դասական կենցաղային վեճի ու դրա արդյունքների հետ:
Անկախ նրանից, թե կեսգիշերին անձին մինչև իրենց հարկ հետապնդած հարբած անձնավորությունները սպա՞ են, քահանա՞, թե՞ սովորական քաղաքացիներ, հետապնդվողի արարքի իրավաբանական որակումը չի կարող փոխվել:
Մինչ օրս իրավաբանական գնահատական չի տրվել Արայի գործողություններին: Եթե լինեմ անկեղծ, ապա պետք է նշեմ, որ մենք նույնպես ակտիվ քայլեր չենք ձեռնարկել այդ ուղղությամբ: Ինձ դրա մասին խնդրել են պաշտպանյալներս ու նրանց ընտանիքի անդամները: Արայի հարբածության աստիճանի վերաբերյալ նույնպես որևէ շահարկում չենք կատարել և առհասարակ ճիշտ չենք համարել քննադատել մի անձի գործողությունները, որը գտնվում է կոմայի մեջ և չի կարող մեզ հակադարձել: Բայց մոտենում է այն ժամանակը, երբ բացարձակապես անմեղ անձի օր առաջ ազատ արձակման կարևորությունը սկսում է գերակայել մնացած արժեքների նկատմամբ»,- ասաց փաստաբանը:
Զավեն Գրիգորյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Սահակյանն ակնկալում է, որ մինչև այդ կդադարեցվի քրեական հետապնդումն իր պաշտպանյալի նկատմամբ, կամ, վատագույն դեպքում, կփոխվի նրա խափանման միջոցը:
«Եթե Զավենը մինչ իմ նշած ժամկետը չհայտնվեց ազատության մեջ, կամ գոնե դրա հստակ նախադրյալները չարձանագրվեցին, ես պահելու եմ խոստումս ու սկսելու եմ հրապարակել նախաքննական գաղտնիքներ, այդ թվում՝ Արայի «ընկերների» կողմից տրված ցուցմունքներից հատված»,- ասաց փաստաբանը: