Բաժիններ՝

Հայաստանին անհրաժեշտ կրթության մասին

Բանակում տեղի ունեցող միջադեպերը քննարկելիս մշտապես արծարծվում է Հայաստանի զինվորների կրթական ցածր ցենզի խնդիրը։ Հասկանալով, որ նմանատիպ միջադեպերի պատճառները բազմագործուն են, քննարկենք խնդրի կրթական մասը։

2015թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո հրապարակվեց «Դպրոցահասակ երեխաների առողջական վարքագծի հետազոտություն» 2013-2014թթ. զեկույցը։ Հայաստանում այդ զեկույցը պատրաստում է «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը։ Զեկույցում մի ամոթալի բան կար Հայաստանի մասին։ 13 և 15 տարեկան տղաների 50%-ից ավելին ասել էր, որ տարեկան 3 և ավելի անգամ մասնակցում է ծեծկռտուքների։ Այդ ցուցանիշով Հայաստանը Եվրոպայում զբաղեցնում էր «առաջին» տեղը։ Համեմատության համար նշեմ, որ «երկրորդ» տեղում գտնվող Իռլանդիայում դպրոցականների միայն 25%-ն էր ասել, որ 3 և ավելի անգամ մասնակցում է ծեծկռտուքների։ Ցավոք, այս մտահոգիչ տվյալն այդպես էլ չարժանացավ պետական մարմինների ուշադրությանը։ Անցած տարի հրապարակվեց Հայաստանի զեկույցը 2017-2018թթ. համար։ Եվ չնայած որոշ չափով մեր ցուցանիշը բարելավվել է, բայց կրկին այն շատ բարձր է։ 13-17 տարեկան տղաների 23%-ն ասել է, որ տարեկան 4 և ավելի անգամ մասնակցում է ծեծկռտուքների։ 2017-18թթ. 17 տարեկան տղաների 42%-ն ասել է, որ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ մասնակցել է ծեծկռտուքի։ Այդ տղաների մեծ մասը հիմա բանակում է։

Իհարկե, հասկանալի է, որ ծեծկռտուքների նման բարձր ցուցանիշը պայմանավորված է մեր տաքարյուն խառնվածքով, բայց գիտականորեն ապացուցված է, որ միջավայրի փոփոխությամբ հնարավոր է շատ գենետիկ գործոններ փոխել։ Այս առումով կարևոր է, որ մեր կրթական համակարգը համապատասխանեցվի մեր երկրի կարիքներին։

Կրթության ոլորտում մենք ավելի շատ փորձում ենք կապկել միջազգային փորձը, քան ստեղծել մեր երկրի խնդիրները լուծող կրթական համակարգ։ Մենք մի երկիր ենք, որտեղ կա պարտադիր զինվորական ծառայություն։ Մենք մի երկիր ենք, որտեղ մարդիկ տաքարյուն են։ Ի՞նչ է անում մեր կրթական համակարգն այս երկու խնդիրները լուծելու համար։

Դպրոցներում դասավանդում ենք Նախնական զինվորական պատրաստություն առարկան։ Արդյո՞ք լավ ենք դասավանդում այդ առարկան։ Արդյո՞ք բավարար ջանքեր ներդնում ենք այդ առարկան որակյալ դասավանդելու վրա։ Իհարկե՝ ոչ։ Միայն առարկայի ժամաքանակն ավելացնելը կամ զինղեկին լրավճար տալը հարցի լուծում չէ։ Առարկայի բովանդակությունը և դասավանդման մեթոդները բարելավման կարիք ունեն։

Դպրոցներում իրականացվում է նաև հայրենասիրական դաստիարակություն։ Ցավոք, սա էլ արվում է քարոզչության միջոցով, որն այսօրվա աշխարհում արդյունավետ չէ։ Անցկացվում են նաև միջոցառումներ, որոնք ոչ միշտ են բարձր մակարդակի վրա և օգտակար։

Իսկ ի՞նչ կարելի է անել կրթության ոլորտում։

Նախ, պետք է հասկանանք խնդիրները։ Ակնհայտ է, որ այսօր խնդիրներ ունենք ընտանիքներում։ Շատ ընտանիքներ ապրելով աղքատության մեջ՝ անտեսում են երեխայի զարգացման խնդիրները։ Ընտանիքների մի մեծ մասում էլ ծնողները զբաղված են փող վաստակելով և մտածում են, որ դրանով կատարում են իրենց պարտականությունը։ Այդ ծնողները երեխաների համար վարձում են դասապատրաստողներ, ուղարկում են խմբակների, հոգում են նրանց կարիքները, բայց շատ քիչ ժամանակ են անցկացնում երեխայի հետ։

Մյուս խնդիրն այն է, որ ուսուցիչները ցածր են վարձատրվում, բայց աշխատում են քննադատության մեծ ալիքի տակ։ Բոլորը քննադատում են ուսուցիչներին, բայց աջակցողներ գրեթե չկան։ Նման միջավայրում աշխատող ուսուցիչների զգալի մասը ժամանակի ընթացքում դառնում է անտարբեր։ Արդյունքում՝ շատ ուսուցիչներ բավարարվում են իրենց առարկան դասավանդելով՝ անտեսելով դաստիարակության խնդիրները։

Երրորդ խնդիրն այն է, որ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ քարոզվում է էգոիզմ։ Եթե նախկինում ընտանիքն ուներ մեկ հեռուստացույց, մեկ հեռախոս, մեկ համակարգիչ, մեկ ավտոմեքենա, ապա այսօր այդ ամենը դառնում են անհատական։ Արդյունքում՝ մարդիկ կորցնում են իրենց ունեցածն այլոց հետ կիսելու կարևորագույն հմտությունը։ Հենց այս հանգամանքն է ազդում բանակում զինվորների հարաբերությունների վրա, ովքեր դժվարությամբ են կիսում ունեցածը։

Վերջապես, կարևոր է նաև կրթության որակի հարցը։ Հայաստանի տղա աշակերտների կեսից ավելին 6-7-րդ դասարանից սկսած կորցնում է հետաքրքրությունն ուսման նկատմամբ։ Նրանք 6-7 տարի դպրոց են հաճախում՝ առանց որևէ կարևոր բան սովորելու։ Արդյունքում՝ տղաների մոտ զարգանում է մտավոր ծուլությունը, և առաջացած դատարկությունը լցվում է կրիմինալ բարքերի նկատմամբ հետաքրքրասիրությամբ։ Ու քանի որ ծնողները զբաղված են գումար վաստակելով, տատիկ-պապիկներն առանձին են ապրում, հարևանության մշակույթն անկում է ապրում, իսկ ուսուցիչներն էլ հիասթափված են, տղաների այս վտանգավոր աշխարհը մնում է մեծերի հսկողությունից դուրս։ Ավելին, հեռախոսը և ինտերնետն էլ ավելի են դժվարացնում դեռահասների վերահսկումը։

Գյուղական դպրոցներից մեկում նկատել էի մի տղայի, ով 8-րդ դասարանում էր սովորում, բայց գրեթե ոչինչ չգիտեր։ Ինձ ասաց, որ իրեն երբեք դաս չեն հարցնում, քանի որ ոչինչ չգիտի։ Իմ  հարցին՝ «Ի՞նչ ես անում դպրոցում 7 ժամ», ստացա հետևյալ պատասխանը. «Սպասում եմ՝ զանգը տա»։ Պարզ է, որ կյանքի ամենակարևոր շրջանը նման ձևով վատնող երեխան ապագայում խնդիրներ է ունենալու և ստեղծելու։

Թվարկված խնդիրների լուծումը ժամանակատար է։ Բայց պետք է սկսենք։

Նախ՝ Հայաստանի կրթական փաստաթղթերում պետք է ամրագրել, որ մենք ուզում ենք ունենալ համեստության, խոնարհության որակներ կրող քաղաքացիներ։ Այս արժեքները կարևոր են և մեզանում թույլ են զարգացած։

Երկրի ղեկավարները, քաղաքական գործիչները, արտիստները պետք է խուսափեն բռնություն, կոպտություն պարունակող բառամթերքից։ Միշտ պետք է հիշել, որ Հայաստանում դեռահասները ոչ միայն հետևում են քաղաքական զարգացումներին և մեդիաարտադրանքին, այլև մեծապես ազդվում են դրանցից։ Դպրոցներում պետք է ներդրվի սոցիալ-էմոցիոնալ ուսուցումը։ Դա ոչ թե առարկա պիտի լինի, այլ պիտի լինի դաստիարակության նոր մոդել, կրթության օպերացիոն համակարգ։ Երեխաները պետք է կարողանան ճանաչել իրենց և ուրիշների հույզերը, պետք է կարողանան դրանք կառավարել։ Մենք պետք է հասկանանք դիմացինին, աջակցենք նրան։ Հայաստանի նման երկրները, որոնք այսօր ներքաշված են «իրենց քաշային կարգը գերազանցող» քաղաքական, տնտեսական գործընթացներում, ունեն հաջողության մեկ ճանապարհ՝ ներքին համախմբվածություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս