Մենք ապրում ենք պատմական ռևերսի մեջ, որտեղ պարտությունը դառնում է ստրատեգիա, իսկ նահանջը՝ քաղաքականություն. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Վերջին ամիսներին Նիկոլն այլևս չի հիշատակում իր սիրելի պատմական կերպարին՝ Պապ թագավորին։ Բայց հենց հիմա է, որ իր գործողություններում առավել ամբողջական ձևով վերարտադրվում է այդ նույն Պապի հոգեբանությունը, գահակալման փիլիսոփայությունն ու սիմվոլիկան։

Սակայն ամենաողբերգական զուգահեռը ոչ թե Պապի ապաշխարանքն էր, այլ նրա կապը Շապուհի հետ։ Պապը, հոր արյունն ուրանալով, համագործակցեց Սասանյանների հետ՝ գերադասելով գահի պահպանությունը՝ արժանապատվության հաշվին։ Այսօր՝ Նիկոլն է ուրախությամբ համագործակցում Ալիևի հետ, անվանելով նրան «կառուցողական բարեկամ»՝ այն նույն պահին, երբ Արցախից բռնահափշտակված ռազմաքաղաքական էլիտան Բաքվի բերդում է պահվում։

Արդեն ակնհայտ է՝ մեր ժամանակների «Անհուշ բերդը» հենց Բաքուն է։ Երբ ժամանակին Շապուհը բանտարկում էր Արշակին ու Վասակին՝ ջնջելով անկախության վերջին նշույլները, այսօր էլ Ալիևն է վարվում նույն կերպ՝ Նիկոլի քաղաքական անտարբերության կամ լուռ համաձայնության պայմաններում։

Եվ ահա այստեղ է բացվում վերջին, սարկաստիկ, բայց ցավալի շերտը․

եթե այս տրամաբանությամբ նայենք, ապա մեր պատմության առաջին «ագենտները» Թադևոսն ու Բարդուղիմեոսն էին, որ դրսից բերեցին նոր գաղափար՝ քրիստոնեությունը։

Եվ հենց այս նարատիվի համատեքստում են այսօր լեգիտիմացվում ներսից եկող հրաժարումներն ու դրսից ներմուծվող «արժեհամակարգերը»՝ պատմական հակադարձված մեկնաբանություններով։

Նիկոլը, ինչպես Պապը, ժառանգել է մի գահ, որի վրա նստելուց առաջ կեղծ երդում է տվել՝ հոր (պետության, հաղթանակի, ինքնիշխանության) հիշատակով։ Իսկ նստելուց հետո՝ ուրացել է ու համագործակցել՝ հանուն իր աթոռի։

Այսօր՝ «Արշակն» ու «Վասակը» Բաքվում են։

Եկեղեցու տեղը բռնել է քարոզչական ապազգային ֆորմացիան։ Իսկ Պապը վերածվել է մեկին, ով ժպտալով ասում է՝ «գուցե ժամանակն է ընդունելու պարտությունն որպես հաղթանակի նոր մեկնակետ»։

Մենք ապրում ենք պատմական ռևերսի մեջ, որտեղ պարտությունը դառնում է ստրատեգիա, իսկ նահանջը՝ քաղաքականություն։ Ու սրա անունը ոչ թե ճկունություն է, այլ քաղաքական աստվածապղծություն»։

Տեսանյութեր

Լրահոս