
Եթե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, Թեհրանը հարվածին մեղսակից կհամարի ԱՄՆ-ին և իրավական պատասխանատվություն կկրի դրա համար. Արաղչի

Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Թեհրանն ԱՄՆ-ին կդիտարկի որպես նման հարձակման մեղսակից և կստիպի նրան պատասխան տալ դրա համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։
«Իրանը նախազգուշացնում է Սիոնիստական ռեժիմին (նկատի ունի Իսրայելին-Խմբ.) զերծ մնալ ցանկացած հապճեպ գործողությունից և հայտարարում է, որ այս ռեժիմի կողմից ցանկացած սպառնալիք կամ խախտում կստանա կոշտ և վճռական պատասխան։ Մենք նաև համոզված ենք, որ Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում ԱՄՆ կառավարությունը մեղսակից կլինի այս հարձակմանը և իրավական պատասխանատվություն կկրի դրա համար»,- ասվում է Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսիին ուղղված նամակում։
Նամակի տեքստը տրամադրում է Իրանի ԱԳՆ ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Կրկնվող սպառնալիքների հետ կապված Իրանը ստիպված կլինի մի շարք միջոցներ ձեռնարկել իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար, ինչի մասին կտեղեկացվի ՄԱԳԱՏԷ-ին»,- հավելել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ «Իրանի միջուկային ծրագիրը եղել և մնում է ՄԱԳԱՏԷ-ի համապարփակ վերահսկողության ներքո, և գործակալության ոչ մի զեկույց չի մատնանշել ծրագրի խաղաղ բնույթից որևէ շեղում»։
«Միջուկային օբյեկտների վրա հարձակման ցանկացած սպառնալիք միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրության խախտում է»,- նշել է Արաղչին։
Մայիսի 21-ին CNN-ը, վկայակոչելով ԱՄՆ իշխող շրջանակների աղբյուրները, հայտնել էր, որ Իսրայելը հարված է նախապատրաստում Իրանի միջուկային ենթակառուցվածքին: Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ նման հարվածի հավանականությունը վերջին ամիսներին զգալիորեն աճել է։ Հնարավոր է, որ հրեական պետությունը փորձի ուժ ցուցաբերել, որպեսզի ստիպի Թեհրանին գնալ զիջումների Վաշինգտոնի հետ բանակցություններում կամ խաթարել կարգավորման գործընթացը։
Միացյալ Նահանգները և Իրանը, Օմանի միջնորդությամբ, բանակցությունների չորս փուլ են անցկացրել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար: